ՅՈՒՆԻՍԵՖ-ն ուժեղացնում է երեխաների համար հարմար համայնքային անկյունները

Հայաստանի հինգ մարզերում բարելավում ենք երեխաների խնամքի և պաշտպանության համար ստեղծված կենտրոնները։

Զառա Սարգսյան
UNICEF Representative in Armenia Christine Weigand and Deputy Minister of Labor and Social Affairs Tatevik Stepanyan visited Fund for Armenian Relief (FAR) Children’s Support Center in Yerevan
UNICEF Armenia/2021/Galstyan
22 Նոյեմբեր 2021

Նոյեմբերի 11-ին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը և ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը շրջայց կատարեցին Երևանի Ուլնեցի 64 հասցեում գործող ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամում:

Այս կենտրոնն այն հինգ համայնքային ապահով անկյուններից մեկն է, որտեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ի շնորհիվ բարելավվել են պայմանները և ծառայությունները՝ ապահովելու, որ վերջին ռազմական սրացման հետևանքով Լեռնային Ղարաբաղի և ընդունող համայնքների երեխաները ունենան խաղալու, սովորելու և զարգանալու հավասար հնարավորություններ։

UNICEF Representative in Armenia Christine Weigand plays with girl in the centre.
UNICEF Armenia/2021/Galstyan

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը համարում է, որ ամեն մի համայնքում երեխաների և ընտանիքների համար պետք է բազամազան ծառայություններ լինեն։ Երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման պատճառով Երևանում և այլ համայնքներում երեխաների թիվը կտրուկ աճեց, մենք մեր դոնորների աջակցության շնորհիվ հանձն առանք հզորացնելու և բարելավելու առկա համայնքային կենտրոնների հասանելիությունն ու ծառայությունների որակը»,- նշեց տիկին Վայգանդը։ «Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ այժմ մենք Աբովյանում, Էջմիածնում, Արմավիրում և Մրգաշենում ստեղծում ենք երեխայակենտրոն տարածքներ։ Այսպիսի կենտրոնները նպաստում են, որ համայնքները համախմբվեն երեխաների՝ հատկապես խոցելի երեխաների պաշտպանության և բարեկեցության շուրջ՝ ստեղծելով նրանց համար խաղալու, հմտություններ զարգացնելու և սոցիալական աջակցություն ստանալու հնարավորություններ»։

Վերջին հինգ ամիսների ընթացքում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցել է ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոնի» հետ՝ վերանորոգելու ու բարելավելու առկա պայմանները, որպեսզի ավելի շատ երեխաներ կարողանան գալ կենտրոն ու ստանան անհրաժեշտ ծառայությունները։ Չնայած կենտրոնն աշխատում էր 2001թ-ից սկսած՝ այն վերջին տարիներին չէր վերանորոգվել: Այժմ  ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Կենտրոնն ունի անվտանգ խաղերի և թերապիայի հնարավորություն տարբեր տարիքի երեխաների համար, ինչպես նաև բարելավված պայմաններ լոգարանում, միջանցքում և լվացքատանը:

 Renovated room of the Fund for Armenian Relief (FAR) Children’s Support Center in Yerevan.
UNICEF Armenia/2021/Galstyan

«Կենտրոն են այցելում ամենատարբեր իրավիճակներում հայտնված երեխաներ՝ 3-18 տարեկան: Եթե իրավիճակն այնպիսին է, որ ընտանիքում մի քանի երեխա են և բոլորը կենտրոնի շահառու՝ ընդունում են նաև ավելի փոքրերին»,- նշեց կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը։․«Գալիս են բռնության ականատես կամ բռնությունից տուժած երեխաներ, սեռական բռնության ենթարկված, լքված, կրթությունից կամ այլ ծառայությունից դուրս մնացած երեխաներ: Այստեղ նրանց սպասում է փափուկ, ըմբռնող միջավայր։ Մենք նաև աշխատում ենք խնամակալների հետ, որպեսզի բարելավենք ընտանիքի պայմանները՝ շեշտը դնելով դրական ծնողավարման մեթոդների վրա»:

Արտակարգ իրավիճակների ժամանակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը լայնորեն կիրառում է երեխաների համար հարմար անվտանգ անկյուններ, համարելով դրանք տուժած համայնքներում երեխաների կարիքներին՝ հատկապես պաշտպանության, հոգեսոցիալական բարեկեցության և ոչ ֆորմալ կրթության հետ կապված կարիքներին արագ արձագանքելու կարևոր մեխանիզմ: Նրանք նաև կամուրջ են հանդիսանում խոցելի երեխաներին վաղ վերականգնման և երկարաժամկետ աջակցության համար: Ընդհանուր առմամբ, երեխաներին հարմար անկյունների նպատակն է աջակցել երեխաների և երիտասարդների դիմակայունությանը և բարեկեցությանը համայնքի կազմակերպված, կազմակերպված միջոցառումների միջոցով, որոնք անցկացվում են անվտանգ, երեխաների համար հարմար և խթանող միջավայրում:

Child is drawing with sand at und for Armenian Relief (FAR) Children’s Support Center in Yerevan.
UNICEF Armenia/2021/Galstyan

«Ունենք բավականին մեծ օրենսդրական նախաձեռնություն․ վերանայում ենք Ընտանեկան օրենսգիրքը, որպեսզի ունենանք նոր ու թափանցիկ կարգավորումներ ու չափորոշիչներ սահմանենք համայնքային ծառայությունների համար։ Կառավարության քաղաքականությունը մնում է անփոփոխ առ այն, որ յուրաքանչյուր երեխայի համար լավագույն տարբերակն է ապրել ընտանիքում, ու մենք, որպես պետություն, որպես լիազոր մարմին, պետք է նպաստենք երեխայի հենց այդ իրավունքի իրացմանը՝ ապրել ընտանիքում կամ ընտանեկանին մոտ այլընտրանքային խնամք կազմակերպել երեխայի համար: Եվ այդ տեսլականը հնարավոր չի լինի ապահովել առանց այսպիսի կենտրոնների, որոնք նպաստում են խոցելի ընտանիքների դիմակայունության և բարեկեցության բարելավմանը»,- նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը։

Հավելենք, որ դեկտեմբերին ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը ծրագրում են վերաբացել Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնը՝ Ճապոնիայի կառավարության և Աբովյանի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ: