Մարդու իրավունքների միջազգային շրջանակ
Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Որպես համայն մարդկության արժեք՝ ցանկացած վայրում յուրաքանչյուր ոք ունի նույն իրավունքները: Մենք բոլորս հավասարապես իրավունք ունենք առանց խտրականության օգտվելու մարդու իրավունքներից: Այս բոլոր իրավունքները փոխկապակցված են, մեկը մյուսին լրացնող և իրարից անբաժան:
«Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով»:
Մարդու իրավունքների միջազգային շրջանակ
1948 թվականին, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունմամբ, ՄԱԿ-ը ճանաչեց մարդու իրավունքների համընդհանուր չափանիշները: Չնայած, որ Հռչակագիրը պարտադիր ուժ ունեցող միջազգային-իրավական ակտ չէ, վերջինիս ընդունումը աշխարհի բոլոր երկրների կողմից հսկայական բարոյական կշիռ է տալիս այն հիմնաքարային սկզբունքին, որ յուրաքանչյուր մարդկային էակ՝ անկախ ազգության, բնակության վայրի, սեռի, ազգային կամ էթնիկական պատկանելիության, կրոնի, լեզվի կամ գրաված դիրքի՝ պետք է արժանանա հավասար և հարգալից վերաբերմունքի:
Այդ ժամանակից ի վեր՝ ՄԱԿ-ի շրջանակում ընդունվել են մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ միջազգային պայմանագրեր և համաձայնագրեր, որոնք ունեն պարտադիր իրավաբանական ուժ դրանք վավերացրած պետություններում։ Այդպիսի պայմանագրի օրինակ է նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան: Այս պայմանագրերը սահմանում են նորմեր և սկզբունքներ, որոնք պարտադիր են պետությունների համար։ Ավելին, ներպետական օրենսդրությունը ևս պետք է հիմնված լինի վավերացված կոնվենցիաների սկզբունքների վրա և մեխանիզմներ նախատեսի դրանց իրականացման համար։ Միջազգային կոնվենցիաների շրջանակում նաև ստեղծվում են իրավական մեխանիզմներ, որոնց միջոցով կառավարությունները ենթարկվում են պատասխանատվության այն դեպքերում, երբ խախտվում են մարդու իրավունքները:
Մարդու իրավունքների միջազգային իրավունքի կարևորագույն բաղկացուցիչ են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և մարդու իրավունքների վերաբերյալ ստորև նշված 9 հիմնական պայմանագրերը՝
- Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնակագիրը;
- Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնակագիրը;
- Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիան;
- Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան;
- Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան;
- Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան;
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան;
- Բոլոր միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան;
- Բոլոր մարդկանց հարկադրական անհետացումից պաշտպանելու միջազգային կոնվենցիան:
Աշխարհի յուրաքանչյուր երկիր վավերացրել է վերոնշյալ կոնվենցիաներից առնվազն մեկը, իսկ շատ երկրներ վավերացրել են բոլորը: Այս պայմանագրերը կարևոր գործիքներ են՝ երկրներին պատասխանատվության ենթարկելու մարդու իրավունքների խախտման համար:
Բացի վերոհիշյալ փաստաթղթերից՝ կարևորագույն նշանակություն ունեն նաև տարածաշրջանային իրավական փաստաթղթերը, մանավորապես՝ Եվրոպայի խորհրդի շրջանակում ընդունված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան, որին միացել է նաև Հայաստանը:
Այս շրջանակի ընկալումը կարևոր է երեխաների իրավունքների խրախուսման, պաշտպանության և իրականացման համար, քանի որ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան և դրանում ամրագրված իրավունքները և պարտականությունները դրա անքակտելի մասն են կազմում: