«Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը» միջազգային խորհրդաժողով Հայաստանում

03 Նոյեմբեր 2017
Արման Թաթոյանը, Արա Բաբլոյանը և Տանյա Ռադոչայը հանդես են գալիս ողջույնի խոսքով
UNICEF/Armenia 2017/Osipova
Մեկնարկեց «Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը» թեմայով միջազգային երկօրյա խորհրդաժողովը: Խորհրդաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

ԵՐԵՎԱՆ, 3-ը նոյեմբերի, 2017թ. – Այսօր Երևանում ամփոփվեց «Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցում էին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ավելի քան տասը երկրի՝ երեխայի իրավունքի ոլորտի պատասխանատուներ, ներկա և նախկին օմբուդսմաններ:

Խորհրդաժողովը մեկնարկեց երեկ, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության հարցով գլխավոր տնօրինության ղեկավար Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչը:

«Չնայած տարիների բարեփոխումներին, խնամքի մեծ հաստատությունների ժառանգությունը դեռևս ամուր է Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում: Վաղուց հայտնի է, որ շուրջօրյա խնամքը բացասական ազդեցություն է թողնում երեխաների վրա՝ խոչընդոտելով նրանց զարգացումը և սահմանափակելով կյանքում ավելիին հասնելու հնարավորությունները: Սա երեխայի իրավունքի խնդիր է»,- նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:«Այս խորհրդաժողովը մեզ եզակի հնարավորություն է ընձեռում սովորելու միմիանց փորձից և ներկայացնելու հայաստանյան ձեռբերումներն ու մարտահրավերները»:

«ՀՀ սահմանադրությամբ ամրագրված է, որ ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունն ու մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են: Երեխայի զարգացման համար ավելի լավ միջավայր քան ընտանիքն է, թերևս անհնար է գտնել», - բացման խոսքի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Կազմակերպիչների՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նպատակն էր ոլորտի պատասխանատու ու շահագրգիռ կողմերի հետ քննարկել իրականացվող ընթացիկ քայլերը, միջազգային հանրությանը ներկայացնել հայաստանյան փորձը՝ միևնույն ժամանակ ծանոթանալով այլ երկրների փորձին: Խորհրդաժողովին ներկա էին մասնակիցներ Մոնտենեգրոյից, Խորվաթիայից, Լիտվայից, Մալթայից, Նորվեգիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Վրաստանից, Մոլդովայից, Ղազախստանից և Ղրղզստանից: Փորձի փոխանակումից զատ մասնակիցները  այցելեցին երեխայի խնամքի հաստատություններ՝ ծանոթանալու պայմաններին և վերակազմավորման հեռանկարներին:

Տարբեր երկրներում տասնամյակներ շարունակ իրականացված անկախ հետազոտությունները անհերքելիորեն ապացուցել են շուրջօրյա խնամքի բացասական ազդեցությունը երեխաների վրա՝ խոչընդոտելով նրանց զարգացումը և սահմանափակելով կյանքում ավելիին հասնելու հնարավորությունները։ Վաղ տարիքի (0-3) երեխաները կրում են ամենամեծ վնասները՝ նրանց ուղեղի արագացված զարգացման և հուզական կապվածության խնդիրների հետևանքով։

Համաձայն պաշտոնական տվյալների, հաստատություններում մշտապես բնակվող երեխաների 80-90 տոկոսն ունի առնվազն մեկ ծնող և այնտեղ է հայտնվել հաշմանդամության կամ աղքատության և այլ խոցելիությունների հետևանքով, որոնք ընտանիքների համար դժվարացնում են երեխայի խնամքը։ Հաստատություններում երկարաժամկետ խնամքը որևէ երեխայի դեպքում չպետք է դիտարկվի որպես ընտանիքահեն խնամքի այլընտրանք՝ լինի դա հաշմանդամություն ունեցող, թե ոչ։ 2016 թվականի մայիսի դրությամբ՝ պետական մանկատներում ապրող 670 երեխաներից մոտ 470-ն հաշմանդամություն ուներ։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

Additional resources

Բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից և Բուլղարիայից նստած եմ մեկ սեղանի շուրջ կոնֆերանսի ժամանակ:

Հայաստանը ավելի քան 13 երկրների ներկայացրեց իր փորձը երեխայի խնամքի համակարգի բարեփոխումների ոլորտում ՝ «Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը» թեմայով 2017-ի միջազգային խորհրդաժողովի ժամանակ , որը կազմակերպվել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  www.unicef.org

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում