Ձևավորվում է Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհուրդ

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակն ընդունում է հայտեր։

ՅՈՒՆԻՍԵՖ
Young climate activists are posting actively on their social media channel about climate issues and possible steps young people can take to mitigate the risks.
UNICEF Armenia/2019/Gevorgyan
18 Դեկտեմբեր 2024

Ձևավորվում է Շրջակա միջավայրի նախարարությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհուրդ: Խորհուրդը ծառայելու է երիտասարդներին որպես հարթակ, որի միջոցով նրանք կարող են՝

  • գործի դնել իրենց հմտություններն ու պատկերացումները քաղաքականությունների մշակման ուղղությամբ,
  • քննարկել կլիմայի և բնապահպանության գծով առկա խնդիրները փորձագետների, որոշում ընդունողների և այլ կողմերի հետ
  • բարձրաձայնել իրենց շրջապատում և համայնքներում առկա խնդիրները և առաջարկել լուծումներ։

Խորհուրդը հիմնելու առաջնային նպատակը դեռահաս և երիտասարդ անձանց կարողությունների ամրապնդումն է՝ կլիմայի փոփոխությունների հետ կապված գործողությունների պլանավորման և որոշումների կայացման վերաբերյալ, որպեսզի երիտասարդ ջատագովները կարողանան ներգործություն ունենալ կլիմայի փոփոխությունների հետ կապված ներպետական քաղաքականությունների վրա։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, իր գործընկերների հետ, կապահովի խորհրդի անդամներին անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով և համագործակցության հարթակներով, որոնք անհրաժեշտ են Երեխաների, երիտասարդության և կլիմայական գործունեության մասին հռչակագրի շրջանակներում աշխատելու որպես կլիմայի փոփոխությանը դիմակայող գործիչներ։

Խորհուրդը նաև աջակցելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին և Նախարարությանը՝ առկա քաղաքականությունները, միջոցառումները քարտեզագրելու և վերլուծելու, ինչպես նաև առաջարկություններ մշակելու գործում, որոնց շնորհիվ կլիմայի փոփոխության հարմարվողականության գործողությունների ազգային ծրագիրը (ԳԱԾ) և այլ կարևոր փաստաթղթեր կդառնան առավել երեխայակենտրոն և երիտասարդամետ։

Հայտ կարող են ներկայացնել 16-ից 24 տարեկան շահագրգիռ երիտասարդները։

Խորհուրդը կազմված կլինի տարբեր կենսագրությամբ և տարբեր մարզեր ներկայացնող առավելագույնը 18 անդամից, ովքեր խորհրդի կազմում կգործեն առնվազն մեկ տարի և առավելագույնը երեք տարի ժամկետով։ Խորհուրդը կհանդիպի տարին առնվազն 6 անգամ, կլինեն նաև լրացուցիչ առցանց միջոցառումներ։

Հայտերի ուսումնասիրության հանձնաժողովը նախապես որոշված չափանիշների հիման վրա կգնահատի ստացված բոլոր հայտերը, որի արդյունքում նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցազրույցի փուլում թեկնածուներին հնարավորություն է ընձեռվելու ներկայացնել իրենց փորձն ու մոտիվացիան։ Հարցազրույցի փուլից հետո հանձնաժողովը ընտրելու է խորհրդի վերջնական կազմը՝ ապահովելով ընտրության արդարացի և համակողմանի գործընթաց։ Բոլոր դիմումատուները կտեղեկացվեն ընտրության գործընթացի արդյունքների մասին։

Դիմելու համար լրացրեք ստորև առկա դիմումաձևը մինչև 2025թ. հունվարի 25-ի օրվա ավարտը (23:55)։