Հայաստանի Հանրապետությունը ստորագրում է երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագիր

18 Հունվար 2023
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը և Շրջակա միջավայրի նախարարը ստորագրած փաստաթղթով
UNICEF Armenia/2023/Galstyan

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի 2023 թվական: ՀՀ բնապահպանության նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ստորագրել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագիրը։ Հայաստանը երեսունութերորդ երկիրն է աշխարհում և առաջինը Կովկասում, որը ստորագրում է այս հռչակագիրը։ Դրանով իսկ՝ Հայաստանը պարտավորվում է ապահովել երեխաների և երիտասարդների առաջնահերթությունների ընդգրկումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունների մեջ:

«Այսօր կլիմայական փոփոխությունները ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար դարձել են առաջնային, և երեխաններն ու երիտասարդները, ըստ էության, կլիմայական փոփոխությունների  ամենախոցելի թիրախում են գտնվում: ՅՈւՆԻՍԵՖ–ի հետ այս հռչակագիրը էական փոփոխությունների հիմք կլինի ոլորտի մասին գիտելիքների, տեղեկատվության ստացման համար։ Այսօրվա մեր կատարած աշխատանքն ապագա սերնդին ավելի շատ իրազեկվածություն և ներառություն կապահովի։ Երիտասարդներն էլ հաճախ կլիմայական փոփոխությունների մասով իրենց լուծումներն են առաջարկում», – ասաց Սիմիդյանը։

Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նորա Ալանակյանը ևս ողջունեց Հռչակագրի ստորագրումը՝ նշելով, որ այս փաստաթուղթը ցույց է տալիս Հայաստանի հանձնառությունը՝ ճանաչելու և հաշվի առնելու երեխաների և երիտասարդների կարիքներն ու իրավունքները, ինչպես նաև նրանց տեսլականը, երբ խոսքը վերաբերում է բոլոր մակարդակներում կլիմայի փոփոխությանն ուղղված քաղաքականությանը:

«Կլիմայի փոփոխության պատճառով բարձրացել է օդի միջին ջերմաստիճանը, և այն շարունակելու է բարձրանալ՝ հանգեցնելով ավելի կտրուկ եղանակային երևույթների, բերքի չորացման և նվազման ավելի հաճախակի դեպքերի և սակավաջրության ավելացման: Երեխաները ամենախոցելին են այս վտանգների նկատմամբ: Վերջին տարիներին ականատես ենք եղել, թե ինչպես են ավելի ու ավելի շատ երեխաներ և երիտասարդներ միավորվում գործողություններ իրականացնելու կոչերով։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը գոհունակությամբ աջակցել է Հայաստանից երկու երիտասարդների մասնակցությունը COP27-ին՝ միանալու այդ ջանքերին: Իսկ այսօր շատ ուրախ եմ տեսնել, որ ՀՀ կառավարությունը ևս կարևորում է երեխաների և երիտասարդների ներգրավվածությունը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունների մեջ», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Հռչակագրի նպատակներից մեկն է՝ ընդլայնել երեխաների և երիտասարդների մասնակցությունը կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականությանն ուղղված գործընթացներում՝ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի վերաբերյալ ավելի շատ կրթելու, ինչպես նաև անհրաժեշտ գիտելիքի և հմտությունների ձեռքբերման միջոցով արտակարգ իրավիճակներում իրենց պաշտպանելու և ավելի կայուն ապագային նպաստելու համար: 

Ստորագրման արարողությանը ներկա էին Հայաստանից COP 27-ին մասնակցած երկու երիտասարդ պատվիրակներ՝ Նարեկ Օհանյանը և Երազիկ Հովեյանը, որոնք նաև ներկայացել էին որպես կլիմայի հարցերով բարձր մակարդակի երիտասարդական չեմպիոններ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից:

«Կլիմայական ճգնաժամը երեխայի իրավունքների ճգնաժամ է, ջրի անապահովությունը ևս երեխայի իրավունքների ճգնաժամ է: Գաղտնիք չէ, որ մոլորակի վրա մարդկային գործողությունները հանգեցրել են մեր այսօրվա իրականությանը: Հետևաբար՝ լուծումը նույնպես պետք է սկսվի մեզնից յուրաքանչյուրից: Եկեք փոխենք ինքներս մեզ, այլ ոչ թե կլիման: Այնուամենայնիվ, դա անելու համար մենք պետք է ապահովենք կլիմայի փոփոխության վերաբերյալ համապարփակ և համընդհանուր կրթություն, ինչպես նաև կլիմայական գրագիտություն բոլորի համար՝ համապատասխան ֆինանսավորմամբ: Կառավարությանն ուղղված մեր կոչն է՝ հաշվի առնել երիտասարդների ձայնը, անել հնարավորը՝ բոլոր տարիքային խմբերի մարդկանց գիտելիքներ, հմտություններ, արժեքներ և համապատասխան վերաբերմունք սերմանելու՝ կլիմայի փոփոխության հետևանքով սպառնալիքներին դիմակայելու համար»,- նշել են Նարեկն ու Երազիկը։

Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցելու է ՀՀ շրջակա միջավայրի, ինչպես նաև կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունների և այլ գործընկերների հետ՝ շարունակելու դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը կլիմայի փոփոխության և բնապահպանական խնդիրների վերաբերյալ, բարելավելու դպրոցական ծրագրերը և մշակելու ուսումնական նյութեր, որոնք արդյունավետորեն կներգրավեն աշակերտներին՝ կլիմայի փոփոխությունը մեղմելու համար: Այս ամենը՝ տեղական իշխանությունների և ընդհանուր առմամբ համայնքի հետ համագործակցությամբ:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար գրեթե 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: