Հասնել նպատակին՝ չնայած դժվարություններին․ աջակցություն հաշմանդամություն ունեցող երեխաներին
Մասնագետների և ծնողների աշխատանքը օգնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած երեխաներին կենտրոնանալ կրթության և զարգացման վրա
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Ծանոթացեք խուճուճ մազերով, կենսախինդ Տիգրանի հետ, ով շատ է սիրում դիտել սովետական մուլտֆիլմեր, հատկապես՝«Վինի Փուհ»-ը, և քաղցր մեղր ու մսային ուտելիքներ ուտել։ Վեցամյա Տիգրանն իր ընտանիքի հետ արդեն ինն ամիս է՝ Ղարաբաղից Երևան է տեղափոխվել։
«Եկանք Երևան սեպտեմբերի 27-ին ու մի ամիս անց Սորս հիմնադրամից զանգեցին ու տեղեկացրին, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցության շնորհիվ մեր երեխաները նույնպես կարող են հաճախել իրենց կենտրոն։ Մենք էլ մեծ ուրախությամբ սկսեցինք հաճախել և շատ գոհ ենք հնարավորության ու տրամադրված ծառայությունների համար»,- պատմեց Սուսաննա Գրիգորյանը՝ Տիգրանի մայրիկը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկման առաջին իսկ օրվանից ՅՈՒՆԻՍԵՖ-ը հումանիտար աջակցություն է տրամարդել հակամարտությունից տուժած երեխաներին և նրանց ընտանիքներին՝ ցանկանալով մի այնպիսի միջավայր ստեղծել, որտեղ երեխաներն իրենց պաշտպանված և անվտանգ կզգան և զարգանալու ու կրթվելու հնարավորություն կունենան։
Հաշմանդամություն ունեցող երեխաներին շարունակական որակյալ վերականգնողական ծառայություններ են անհրաժեշտ, համապատասխան աջակցող տեխնոլոգիաներ հարմարեցումներ և որակյալ ներառական կրթություն, որպեսզի նրանք նույնպես հասնեն իրենց ողջ ներուժին։ Չենք կարող մեզ թույլ տալ վատնել մեր երեխաների ներուժն ու հնարավորությունները, այն չօգտագործել հօգուտ մեր հասարակության ու տնտեսության զարգացմանը։ Եվ դրա համար մենք պետք է անենք հնարավորինը»․
Տիգրանը շաբաթը հինգ օր և օրական վեց ժամ կենտրոնում է անցկացնում։ Այստեղ նա ստանում է բազմազան ծառայություններ՝ էրգոթերապիա՝ ինքնուրույն դառնալու, հոգեբանի ծառայություն՝ ճանաչողությունն ու ընկալումը զարգացնելու, ֆիզիոթերապիա՝ մկանները ուժեղացնելու, լոգոպետական ծառայություններ՝ խոսքը զարգացնելու համար։
Բայց սրանով ամեն ինչ չի ավարտվում։ Տիգրանը, շարունակում է աշխատել նաև տանը՝ ճիշտ «Վինի Փուհի» մեղուների նման։
«Ճիշտ է՝ մասնագետների աշխատանքը ամենակարևորն է, բայց դրանից ոչ պակաս կարևոր է նաև մամաների աշխատանքը։ Մենք տանը միշտ ենք աշխատել․ օրական նվազագույնը 1-2 ժամ միասին պարապում ենք», - նշեց Սուսաննան։
Եվ որպեսզի կենտրոնի աշխատանքին զուգահեռ տանը աշխատանքը նույնպես լավ ընթանա և հարմար լինի, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Սորս հիմնադրամի և գործընկերների հետ երեխաներին գույք է հատկացրել՝ հիմնվելով ամեն մի երեխայի անհատական կարիքի վրա։
«Ոնց կարելի է աշխատել տանը՝ առանց պարագաների, միանշանակ պրոֆեսիոնալ գույքով տանն ավելի լավ ենք աշխատում։ Չնայած Ղարաբաղում՝ մեր տանն էլ որոշ իրեր ունեինք՝ կանգնակ, գլան, մաթ, բայց նախ՝ այնտեղ չենք ունեցել թեք բարձ, մեծ գլան, հետո՝ մեր ունեցածը չենք կարողացել բերել Երևան»,-
Սուսաննան պատմում է, որ կենտրոն հաճախելու ընթացքում Տիգրանն ավելի շփվող ու բաց է դարձել․ «Հաճույքով մասնակցում է դասերին։ Մասնագետներն, ինչ ասում են, բոլոր հրահանգները կատարում է։ Տանն այդպես չէ, տանն ավելի կամակոր է»,- ասում է Սուսաննան ու ավելացնում․ «Պետք է գնանք մանկապարտեզ, որտեղ մյուս երեխաների հետ կխաղա, կշփվի, նա դա սիրում է»։
Մանեն նույնպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի և գործընկերների համատեղ ջանքերի շնորհիվ արդեն երկու ամիս է՝ հաճախում է Սորս հիմնադրամի կենտրոն։
«Մեր երեխաները շատ են անտեսված։ Մեր հասարակությունը պատրաստ չէ նկատել ու ընդունել մեր երեխաներին այնպիսին, ինչպիսին նրանք կան։ Պատրաստ չէ նաև գիտակցել, որ մեր երեխաները կարողություններ ունեն և ինչպես բոլորը, իրենք էլ պետք է իրենց ներդրումն ունենան այս երկրի զարգացման գործում», -
Վարդուհին նույնպես հավատացած է, որ որպեսզի երեխան հաջողության հասնի, մաման ու մասնագետները պետք է համատեղ աշխատեն։ Մանեի հետ տանն աշխատելու համար Վարդուհին իր ձեռքով գլան էր պատրաստել, կտորներից մաթ էր կարել, թեք բարձ էր պատրաստել։
«Երբ կենտրոնից ինձ անհրաժեշտ գույքը ստացա, մեծ տղայիս տվեցի իմ պատրաստածներն ու ասացի՝ տանի և գցի աղբը։ Իհարկե ավելի հաճելի ու ավելի հարմար է սրանցով աշխատելը։ Մանկապարտեզ, հետո դպրոց, հետո մնացածը․քայլ առ քայլ՝ կհասնենք հաջողության»,- ասաց Վարդուհին։
Հենց այսպես էլ Տիգրանը, քայլ առ քայլ, ամեն օր, մանուշակագույնը կապույտի, կարմիրը մանուշակագույնի վրա դնելով, փորձում է ոտքի կանգնել՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով։
Եվ ինչպես Թումանյանն է ասում․ «Կստացվի՝ լավ, չի ստացվի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ձգտում ու ճանապարհ»։
Եվ այդ ճանապարհն ավելի հեշտ ես անցնում, եթե աջակցողներ ու ձեռք մեկնողներ կան։
Եվ բոլո՛ր երեխաները հաստատ կհաջողեն, եթե բոլո՛րը՝ մասնագետները, ծնողները, պետությունը, հասարակությունը՝ բոլո՛րը գիտակցեն և աջակցեն։