«Ուժեղ մամա է պետք, ուժեղ մաման է հիմքը»

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Սորս հիմնադրամի հետ համատեղ հոգեբանական ծառայություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած հաշմանդամություն ունեցող երեխաներին ու նրանց ծնողներին

Ժաննա Ուլիխանյան
Daniel together with his mother, Anush, is working with Logopedist at Source Foundation.
UNICEF Armenia/2021/Mariam Ava
11 Մարտ 2021

Ծանոթացե՛ք, Անուշն է՝ սպորտսմեն` սեղանի թենիսի մասնագետ, գործարար, դերձակ, ուժեղ և գեղեցիկ կին, «յուրահատուկ» Դանիելի մայրիկ։ 

«Իմ Դանիելը ֆիզիկական խնդիր այլևս չունի, ուներ, բայց հաղթահարել ենք։ Հիմա արդեն վստահ ասում եմ դա։ Ես երեխայիս հետ շատ եմ աշխատում, բոլոր մասնագետներին ուշադիր հետևել եմ ու նաև նրանք են մեծ ցանկությամբ ինձ օգնել, որ տանը Դանիելի հետ շարունակեմ աշխատել ու օգնել նրան։ Պատերազմի սկսվելուն պես` սեպտեմբերի 28-ին, եկել ենք Երևան ու արդեն նոյեմբերից հաճախում ենք Սորս հիմնադրամի այս կենտրոն։ Չորս ամիս է՝ ինչ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցության շնորհիվ իմ Դանիելն ու ես այս կենտրոնի բոլոր ծառայություններից ենք օգտվում»,- ասաց Անուշը։

Daniel is working with Logopedist at Source Foundation.
UNICEF Armenia/2021/Mariam Ava

Անուշը շաբաթը հինգ օր 11։00-17:00-ը Դանիելին բերում է կենտրոն, որ նա ստանա իր համար պլանավորված վերականգնողական ծառայությունները։ Նրա հետ աշխատում են լոգոպետը, հոգեբանը, էրգոթերապիստը, հատուկ մանկավարժը, մասնակցում է նաև ադապտիս ֆիզկուլտուրային, վազքային թերապիային և մուզթերապիային։ «Չորս ամիս է, ինչ հաճախում ենք այստեղ ու երեխաս արդեն լսում է ինձ, կատարում է հրահանգներս, ինձ հետ շփվում է, շփվում է նաև մյուս երեխաների հետ․ սա լրիվ նոր բան է մեզ մոտ»։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցության շնորհիվ Սորս հիմնադրամը իր պատերի ներքո հյուրընկալել է հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց 25 մայրիկներին Լեռնային Ղարաբաղից։ Ավելին՝ կենտրոն հաճախող երեխաների մայրիկների համար մի փոքրիկ անկյուն է առանձնացվել, որտեղ մայրիկները կարող են հավաքվել, զրուցել, կիսվել խնդիրներով, նեղ պահերին միմյանց աջակցել ու միմյանց տրամադրել լավագույն մասնագետների տվյալները։

Mothers are discussing the importance of psychological and rehabilitational services' importance and quality with UNICEF Programme Officer, Maya Simonyan,
UNICEF Armenia/2021/Mariam Ava

Երբ երեխաների հետ մասնագետներն աշխատում են, մայրիկներն իսկապես կարող են իրենցով զբաղվել կամ դուրս գալ՝ այլ աշխատանք անելու։ Անուշի աշխատանքը հենց նույն շենքում է։ «Իմ գործը կարի արտադրամասում է, օրս հիմնականում այնտեղ եմ անցկացնում։ Շատ եմ սիրում գործս, իսկ ավելի շատ՝ գործընկերներիս»,- ասաց Անուշը։

Նա փոքր բիզնես է սկսել՝ մազակալներ է ստեղծում։ «Ֆեյսբուքում «Ագապե- ագապե» էջ կարող եք մտնել և տեսնել իմ աշխատանքները։ Երբ երեխաս ծնվեց, ես դասախոսում էի Լեռնային Ղարաբաղում, հետո արդեն չէի կարողանում գործի գնալ։ Բայց ես խեղդվում էի, ինձ թվում էր՝ վերջ, կյանքս արդեն այսպես է դասավորվել, ես դատապարտված եմ և այլևս ոչինչ չեմ կարող անել․ ուշքն ու միտքս միայն երեխան էր»։

Մի անգամ տեսնելով մազակալների մի յուրահատուկ խանութ՝ Անուշը ոգեշնչվում է և որոշում, որ կարող է ինքն էլ ստեղծագործել ու գեղեցիկ մազակալներ ստեղծել։ «Մի չնչին գումարով սկսեցի ձեռագործ աշխատանք անել։ Փա՛ռք Աստծո, ապահովված եմ, ամուսինս աշխատում է, ուղղակի չափազանց անսովոր էր այն միտքը, որ հաշմանդամություն ունեցող երեխայի մաման կարող է «գործ» սկսել, և բացի երեխայից՝ այլ բանով զբաղվել»։

Անուշի պնդմամբ՝ այս փուլը նա կարողացավ հաղթահարել աշխատանքի միջոցով:

 

Anush is working with leather. She is sewing a mat.
UNICEF Armenia/2021/Mariam Ava

«Աշխատանքի շնորհիվ կարողանում եմ մի փոքր հաղթահարել սթրեսը, բայց ինձ անասելի օգնեց Արփին՝ «Սորս հիմնադրամի» հոգեբանը։ Եկել եմ այստեղ շատ վատ վիճակում՝ կապված երեխայի խնդիրների և պատերազմի հետ։ Բայց ինձ այստեղ շա՜տ օգնեցին։ Եկա ասացի՝ վատ վիճակում եմ, օգնեք ինձ։ Սկսեցի հանդիպել Արփիի հետ շաբաթը երկու օր՝ մեկ ժամով ու ամեն ինչ սկսվեց փոխվել»։

Անուշը նաև մասնակցել է կենտրոնի կողմից և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցության շնորհիվ կազմակերպված վերապատրաստումներին և կար ու ձև անել է սովորել։ «Ձեռքս արդեն սովորել է կաշվին․ պուֆիկ ենք կարում, մաթեր։ Չէի էլ պատկերացնում, որ կարա մի այնպիսի հարմարանք լինի, որ երեխան մանկասայլակից չսահի և չէի էլ մտածում, որ սա կարելի է անել Հայաստանում»,- մի տեսակ հպատրությամբ պատմում է Անուշը։

«Ես իմ փոքրիկ բիզնեսը՝ «Ագապեն» սկսեցի ու հասկացա, որ ես կարող եմ։ Իմ բալիկն այն ժամանակ ավելի վատ վիճակում էր։ Պետք է ասեմ, որ հավատքը, որ կհաջողենք, ու անընդհատ աշխատանքը իրենց արդյունքը տալիս են։ Վստահ ասում եմ՝ այս բարդ փուլը ես հաղթահարել եմ։ Ծնողը պետք է իր երեխային օգնի, պետք է մի հրաշքով համատեղի․ պետք է աշխատի՝ միաժամանակ զբաղվելով երեխայի հետ։ Ոչ մի դեպքում չպետք է մտածի, որ իր կյանքն արդեն ավարտվել է․ պետք է համատեղել»։

Այսօր Անուշը երեխային բերում է կենտրոն ու արագ բարձրանում կենտրոնի մոտ գտնվող կարի արտադրամաս, որտեղ մի շարք կարևոր գույք է կարվում հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ «Ես սիրով եմ աշխատում, չեմ կարողանում կարի այս փոքրիկ արտադրամասից բացակայել։ Հաճույք եմ ստանում, որ լավ գործ եմ անում, և իհարկե, որ անձամբ էլ կատարելագործվում եմ», - ինքնավստահ ասաց Անուշը։

Anush is sewing leather on a sewing machine.
UNICEF Armenia/2021/Mariam Ava

Անուշը շուտով կվերադառնա Լեռնային Ղարաբաղ։ Մտածում է, որ այն, ինչ ինքն այստեղ ստացել է, հարազատ քաղաքում շա՜տ ծնողների համար նույնչափ կարևոր կլինի։ Խուսափելով խաղաքարտերն ամբողջովին բացելուց, այնուամենայնիվ մի փոքր պատմեց․ «Եթե մամայի հոգեվիճակը ճիշտ դրված լինի, հաջողություն կարձանագրի հենց երեխան։ Մամային աջակցություն, երբեմն էլ հոգեբանական աջակցություն է պետք, մամային առանձին սենյակ է պետք, իր անձի հանդեպ ուշադրություն է պետք, խնամք է պետք։ Եթե մամաները ուժ ունենան, ողջ ուժը կուղղեն դեպի երեխաները, ավելի լավ կաշխատեն երեխաների հետ, իսկ երեխաներն ավելի մեծ հաջողությունների կհասնեն»։

Մարտի 8-ին փորձում ենք ծաղիկներով կամ այլ նվերներով մեծարել կանանց: Լավ կլինի դրան զուգահեռ խոսենք կանանց իրավունքների մասին: Հատկապես՝ խոսել աճելու ու զարգանալու համար առանցքային՝ արժանապատիվ աշխատանքի իրավունքի մասին: Այսօր ու՞մ մտքով կանցնի աղջկան կրթության չտալը: Հարյուր տարի առաջ այդպես չէր: Հերթը աշխատանքինն է: Կինը կարող է ու պետք է աշխատի: Մնում է աջակցել ու այդ թվում, ի թիվս այլ իրավունքների, ծաղիկով նշել իր աշխատանքի իրավունքի իրացման օրը: Իսկ դա իրապես տոն է:

Անուշը իր անձնական փորձը, իր ծանր հոգեվիճակը հիշելով՝ ամփոփեց․

Siranush, head of sewing workshop is working with Anush and supports her to advance her skills in sewing.
UNICEF Armenia/2021/Mariam Ava

«Ուժեղ մամա է պետք։ Ուժեղ մաման է հիմքը։ Եթե այդպես հիմքը դրվի, թե՛ մամաները, թե՛ երեխաները ամեն ինչ էլ կհաղթահարեն՝ անգամ ամենաբարդ խնդիրները»։