ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած հաշմանդամություն ունեցող երեխաներին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Սորս հիմնադրամը Լեռնային Ղարաբաղից ժամանած հաշմանդամություն ունեցող երեխաներին Հայաստանում տրամադրում են վերականգնողական ծառայություններ
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար չափազանց կարևոր են աջակցություն տրամադրող ծառայությունները։ Բայց, արտասովոր իրավիճակներում, նման ծառայությունները, հաճախ, չեն գործում: Հայաստանում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, Սորս հիմնարդամի միջոցով վերականգնողական ծառայություններ և խնամք ստանալու հնարավորություն է ընձեռնվել Լեռնային Ղարաբաղի՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Ծրագրի միջոցով, ծնողները ևս օգտվել են հոգեբանական աջակցությունից, վերապատրաստվելու հնարավորություններ ստացել:
Մեկամյա Բագրատի մայրիկը՝ Նարինե Բաղրամյանը, պատմում է, թե որքան կարևոր են երեխայի համար նման ծառայությունները։
«Մեր քաղաքում Բագրատը ստանում էր մասնագիտական ծառայություններ, բայց սեպտեմբերի վերջին, հակամարտության բռնկման պատճառով, մեկ ու կես ամիս ընդմիջում ունեցանք։ Հետընթացը միանգամից զգացի»։
Հայաստանում, Բագրատը ևս հնարավորություն ստացավ օգտվելու Սորս հիմնադրամի համապատասխան աջակցող ծառայություններից։ «Շատ հուսահատված էի, երբ Սորսից զանգը ստացա։ Միանգամից ոգևորվեցի, երբ տեղեկացա Սորս հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ ծրագրի մասին»։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով տեղահանված երեխաներն ու նրանց մայրերը շաբաթը հինգ օր, ժամը 10։00-17։00-ը հաճախում են կենտրոն և ստանում անհրաժեշտ վերականգնողական և խնամքի ծառայությունները։ Անհատական և խմբակային ծրագրերին անխոչնդոտ մասնակցելու համար լուծվել է նաև երեխաների տեղափոխման և սննդի խնդիրը։
Մեկ շաբաթում Բագրատը հասցրել է հաջողություններ գրանցել՝ կարողանում է կենտրոնացնել հայացքն ու քնել՝ ձեռքերը բռունցք չանելով։ Չնայած առաջընթացին՝ Նարինեն քաջատեղյակ է, որ առջևում համառ ու հետևողական աշխատանքի ևս երեք երկար ու ձիգ ամիսներ են։ «Մի բան հաստատ գիտեի՝ չկա ոչ մի հույս, որ մեր քաղաքում այս օրերին հնարավոր կլինի շարունակել որդուս թերապիան, դրա համար էլ որոշեցի մնալ՝ հանուն Բագրատի»,-հավելեց Նարինեն։
Հայաստանում գրեթե չկան նման ծրագրեր, որոնք պրոֆեսիոնալ և բազմազան աջակցության ծառայություններ կտրամադրեն Լեռնային Ղարաբաղից ժամանած թե՛ մայրերին և թե՛ երեխաներին։
«Այս ծառայությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր երեխային․ երկրում յուրաքաչյուր համայնք պետք է նման ծառայություն ունենա՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար»։
«Սորս հիմնադրամի հետ միասին որոշեցինք, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած երեխաները կարող են միանալ կենտրոնում արդեն իսկ գործող խմբերին և համատեղ ստանալ մատուցվող ծառայությունները»։ Տիկին Սիմոնյանը նշեց, որ կենտրոն հաճախելը նպաստում է երեխաների բարեկեցության բարելավմանը: «Ճիշտ է՝ նրանցից շատերը չեն խոսում, բայց ունեն շփման և արտահայտվելու իրենց յուրահատուկ եղանակները։ Դատելով արձագանքներից՝ նրանք ուրախ են նոր միջավայրում գտնվելու և նոր ընկերներ ձեռք բերելու համար»։
Անին, մինչև վերջերս լոգոպեդ էր, իսկ հիմա՝ նաև համակարգող։ Նոր շահառուների հոսքը գործից լավատեղյակ մասնագետի վերահսկողություն էր պահանջում, Անին կամավորագրվեց։ Հիմա Լեռնային Ղարաբաղից եկած և Սորս կենտրոնում ծառայություններ ստացող 25 երեխաներից յուրքանչյուրն ունի խնամքով կազմված իր անձնական գործը։ Անին անգիր գիտի երեխաների գալու և գնալու, այս կամ այն ծառայությունից օգտվելու ժամերն ու հերթականությունը, սնուցման և այլ առանձնահատկությունները։
«Երեխաներից շատերը Երևանում են մայրիկների կամ տարեց տատիկների հետ։ Մայրիկներից ոմանք չեն կարողանում ուղեկցել կենտրոն հաճախող իրենց երեխաներին՝ ստիպված են տանը մնալ ու խնամել մյուս փոքրիկներին։ Ունենք հատուկ աշխատակիցներ, տյուտր են կոչվում, որոնք ամեն օր ուղեկցում են երեխաներին՝ տնից կենտրոն և հակառակը»,-ասաց Անին։ «Մենք նկատեցինք, որ մայրերը հիմնականում շատ անհանգիստ են իրենց ընտանիքի ապագայի համար և, որ նրանք նույնպես հոգեբանական աջակցության կարիք ունեն։ Այդ հնարավորությունն էլ ստեղծեցինք։ Մեր մասնագետներից մեկը շաբաթական երկու անգամ աշխատում է կենտրոնի շահառու երեխաների մայրերի հետ»,- պարզաբանեց Անին։
Լեռնային Ղարաբաղից Հայաստանում ապաստանած և կենտրոն հաճախող երեխաների մայրերը բացի հոգեբանական ծառայություններից կարող են մասնակցել նաև ՅՈՒՆՍԻԵՖ-ի աջակցությամբ կազմակերպված վերապատրաստումներին։ Որոշ մայրիկներ հաշմանդամություն ունեցող երեխաների դրական ծնողավարման մասին ավելին են սովորում, մյուսները՝ հմտանում երեխայի թրապիաների մեջ, որպեսզի տանը կարողանան շարունակել երեխայի վերականգնման գործընթացը։
Հինգ տարեկան Ռոբերտն էլ՝ Բագրատի պես, նորեկ է կենտրոնում։ Նա նույնպես շատ փորձությունների միջով է անցել։ «Մոտավորապես մեկ ամսականից Ռոբերտը սկսեց վերականգնողական բուժում ստանալ»,-ասաց Շուշանիկը՝ Ռոբերտի մայրը։
«Երբ կենտրոնից զանգեցին ու իրենց աջակցությունն առաջարկեցին, շատ ուրախացա, քանի որ գիտեմ՝ վերականգնողական բուժման թեկուզ կարճատև ընդմիջումները գրեթե զրոյացնում են նախորդ ամիսների ձեռքբերումները։ Օրերս Ռոբերտն ինձ ամենամեծ նվերն արեց՝ առաջին անգամ ասեց այնքա՜ն սպասված «մամա»-ն»։