Արվեստն ապրեցնում է․ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղից Հայաստան եկած երեխաներին։
Արվեստի արտահայտչամիջոցներն օգնում են երեխաներին հաղթահարել վախերը, տագնապները, անհանգստացնող մտքերը ու կառուցել նոր երազանքներ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Նեքսուս արվեստների կենտրոնը նաև նրանց կողքին են:

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Երևանի փոքր կենտրոնի սեփական տների սարդոստայնում, երկհարկանի տան մուտքի մոտ ինձ սպասում էր Հասմիկը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեռահասների զարգացման ծրագրի պատասխանատուն։
- Ի՞նչ ենք տեսնելու ներսում, կպատմես մի փոքր, - հարցնում եմ ես։
- Մեզ սպասում են Լեռնային Ղարաբաղից Երևան տեղափոխված մի խումբ դեռահասներ, որոնք ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջանքերով հաճախում են այս արվեստների կենտրոն։ Հակամարտության առաջին օրերից հասկացանք, որ Երևան և Հայաստանի այլ համայնքներ տեղափոխվող դեռահասները հոգեբանական աջակցության կարիք ունեն և ի թիվս հոգեբանների խմբերի, որոնց ուղղորդում ենք աշխատելու ապաստարաններում գտնվող մարդկանց հետ, որոշեցինք դեռահասների հետ աշխատել արտ թերապիայի սկզբունքներով։ Կապ հաստատեցինք Նեքսուս արվեստների կենտրոնի ղեկավարի հետ, որն էլ ուրախությամբ համաձայնեց կենտրոնի մասնագիտական ռեսուրսները ծառայեցնել դեռահասների օգնության գործին, - բացատրեց Հասմիկը։
- Ցուրտ է, զրույցը ներսում շարունակենք,- առաջարկեցի ես։
Ներս մտանք ու շարժվեցինք երաժշտության ուղղությամբ։ Հայտնվեցինք մի մեծ սենյակում։ Կենտրոնում առաստաղից կախված էր գույնզգույն HAPPY BIRTHDAY գրությունը։
«Գոնե պատուհանները փակեք՝ հարևանները կգժվեն մեր ձեռքը», ասողն Աննան էր՝ Նեքսուս արվեստների կենտրոնի ղեկավարը։ Տեսավ մեզ, փայլող աչքերով բարևեց, ժպտում էր՝ դա չէր կարող թաքցնել նույնիսկ բժշկական դիմակը։
«Մեր Արբենի ծնունդն է։ Լեռնային Ղարաբաղից եկած ամենափոքր սանն է, 13 տարեկան է»: Շնորհավորեցինք Արբենին ու խնդրեցինք Աննային էքսկուրս կազմակերպել կենտրոնում։ Նա դարձավ մեր գիդը։ Սենյակներից մեկում պարապում էին ապագա կիթառահարները, մեկ ուրիշ սենյակում աշակերտների հերթական խմբին էր սպասում թմբկահար Գոռը, նկարիչների խմբում ոչ ոք չկար (Արբենի ծնունդն էին նշում 😊):
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ԼՂ երեխաների սկսեցինք հյուրընկալել հոկտեմբերի սկզբից, գալիս էին խմբերով», - պատմում է Աննան ու շարունակում էքսկուրսը․- «Սկզբում մի քանի հոգի եկան ու այնքան սիրեցին երաժշտության մեր պարապմունքները, որ սկսեցին քույր ու եղբայրներին, ընկերներին իրենց հետ բերել։ Մի քանի օր առաջ այստեղ ավելի շատ երեխաներ կային՝ ոմանք վերադառնում են իրենց քաղաքներ ու գյուղեր, մյուսները հաստատվել են Հայաստանի տարբեր համայնքներում, գործընթացը շարունակվում է։ Այս պահի դրությամբ մեր շարքերում 25 պատանիներ կան»:
Աննան մեզնից վայրկյաններ առաջ էր հասել կենտրոն, ու շատ երեխաներ դեռ չէին տեսել նրան։ Բոլորը բարևում ու գրկում էին Աննային։ Այն, որ արվեստի կենտրոնում ենք հուշում էին միայն այս ու այնտեղ դրված երաժշտական գործիքներն ու նկարչական պարագաները։ Մնացած առումներով տպավորություն էր, թե հայտնվել ենք մի մեծ ընտանիքում։

Աննան մեզ ծանոթացրեց երաժշտության ուսուցիչ Թամարայի հետ։ Տեղավորվեցինք նկարիչների սենյակում։
«Մենք շատ շուտ հասկացանք, որ սարսափելի բաներ տեսած երեխաների հետ պետք է «խոսենք» արվեստի լեզվով, օգնենք թեկուզ մի քանի ժամով կտրվել հիշողությունների ու լուրերի ճնշող ծանրությունից։ Այստեղ մենք նվագում ենք, երգում ու այդպես ազատվում բացասականից, դառնում ավելի ուժեղ։ Երաժշտությունը բժշկող ուժ ունի», - ասում է Թամարան ու հիշում․- «Դաշնակահար մի տղա ունեինք, ոչինչ չէր պատմում իր տեսածի ու ապրածի մասին։ Մի օր երկար նվագեց, փակեց դաշնամուրը ու սկսեց խոսել՝ անդադար, անհագ։ Կարծես՝ այն, ինչ կուտակել էր շաբաթներ շարունակ դուրս պրծավ նրանից։ Վստահ եմ, դաշնամուրն էր «մեղավոր»»:
Զրույցի ընթացքում պարզվեց, որ արվեստների կենտրոն գալիս են ինչպես երաժշտական կրթություն ունեցող երեխաներ, այնպես էլ սաներ, որոնք նախկինում երաժշտական որևէ գործիքի չեն տիրապետել։ Երաժշտության ուսուցիչը պարզապես հիացած է Լեռնային Ղարաբաղից եկած երեխաներով՝ բացառիկ տաղանդավոր են, սովորում են չտեսնված արագ ու համալրում սկսնակ երաժիշտների շարքերը:
«Նրանց ներգրավելով կազմել ենք երաժշտական ծրագիր, որով հյուրընկալվում ենք Երևանի ու մարզերի ապաստարաններում: Ծրագիրն ինտերակտիվ է, ոչ ոք չի մնում պասիվ հանդիսատեսի դերում, բոլորին ենք ներգրավում՝ երգում են, պարում, նվագում մեզ հետ։ Ստացվում է, որ Լեռնային Ղարաբաղից եկած երեխաները՝ ճամփորդելով մեզ հետ, օգնում են իրենց կարգավիճակում հայտնված ուրիշ երեխաների։ Երևանում այդօրինակ տասնյակ այցելություններ ենք ունեցել արդեն, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ աշխատել ենք 70-100 հոգու հետ։ Բազմաթիվ այցեր ենք ունեցել նաև Գորիս, Վանաձոր, Դիլիջան, Աբովյան, Ծաղկաձոր քաղաքներ։ Մարզային այցերի շրջանակում հասցրել ենք աշխատել ավելի քան 1500 հոգու հետ ու այդ թիվն աճելու է, քանի որ առջևում նորանոր այցեր են», - ասում է Թամարան ու խոստովանում. դժվարություններ շատ են եղել. «Երբ ներսումդ ամեն ինչ ալեկոծվում է, ուզում ես մի անկյուն մտնել ու լաց լինել, բայց պարտավոր ես հավաքել քեզ ու աշխատել երեխաների հետ… Դեպքեր են եղել, երբ մեզ խնդրել են դադարեցնել նվագը կամ երգը, ասել են, որ սիրտ չունեն լսելու, բայց ժամեր անց կամ հաջորդ այցին նույն մարդիկ խնդրել են նվագել»:

«Սկզբում նախատեսում էինք աշխատել միայն Երևանում հաստատված դեռահասների հետ, բայց հետո հասկացանք, որ նրանց թիվը մարզերում նույնպես շատ մեծ է ու որոշեցինք ընդլայնել շրջանակը», ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեռահասների զարգացման ծրագրի պատասխանատուն՝ Հասմիկը: «Մարզերում ՅՈՒՆԻՍԵՖ-ը հատուկ շեշտ է դնում Լեռնային Ղարաբաղից եկած երեխաների ինտերգրման վրա․ երաժշտական ծրագրերին հրավիրում ենք նաև տեղացի դեռահասների, նրանք ծանոթանում են, ընկերանում, ինչն օգնում է նորեկներին ավելի հեշտ մերվել անծանոթ միջավայրին»:
«Պատերազմից փախչող երեխաների ֆիզիկական կարիքները հոգալուց ակաս կարևոր չէ նաև սոցիալ-հոգեբանական աջակցությունը», - ասում է Աննան ու հավելում․- «Անչափ ուրախ եմ, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախաձեռնեց այս համագործակցությունը․ դրա շնորհիվ մենք կարողացանք հյուրընկալել ավելի մեծ թվով երեխաների ու ընդլայնել գործունեության աշխարհագրությունը»:
Զրույցը Թամարայի և Աննայի հետ մի քանի անգամ ընդհատվեց, ներս ու դուրս անող երեխաները աչքով-ունքով հասկացնում էին, որ փորձն ուր որ է կսկսվի։ Թամարան բացատրեց․- «Վաղը համերգ ունենք, երեխաները շատ ոգևորված են»: Խնդրեցինք թույլ տալ ներկա լինել փորձին, սիրով համաձայնեցին։
Փորձասենյակը լիքն էր պատանիներով՝ շեփորահարներից մեկն Վահագն էր, դաշնամուրի առջև մեզ արդեն ծանոթ Աննան էր։ Սենյակի տարբեր հատվածներում՝ աթոռներին ու գետնին նստած էին դեռահաս աղջիկներ։ Փորձը սկսվեց, երգում էին «Բինգյոլ»-ը (հայկական ժողովրդական երգ): Ուշադրությունս գրավեցին երեք իրար շատ նման աղջիկներ։ Փորձի կարճատև դադարների ընթացքում հասցրի պարզել, որ քույրեր են, Լեռնային Ղարաբաղից են՝ Էլինա (17 տարեկան), Միլենա (16 տարեկան) և Լինա (14 տարեկան): Որոշեցինք փորձից հետո մի քիչ զրուցել։

«Մեր ընտանիքը շատ երաժշտական է, բոլորս էլ որևէ գործիքի ենք տիրապետում, իսկ ով էլ չի տիրապետում երգում է», - ասում է Միլենան, որն ընդամենը 4 ամիս առաջ է սկսել կիթառ նվագել։
Չնայած դեռատի տարիքին, աղջիկներն արդեն լուրջ փորձառություն ունեն՝ ապրիլյան պատերազմից հետո այցելել են հայրերին կորցրած երեխաների ու զվարճացրել նրանց իրենց երգ ու նվագով։
«Չորս տարի անց մենք էլ հայտնվեցինք օգնության կարիք ունեցողի կարգավիճակում։ Մեր տունը վթարային վիճակում է, չենք կարող վերադառնալ, ու քանի դեռ այստեղ ենք, ուզում ենք օգտակար լինել մեր քույր ու եղբայրներին», - ասում է Էլինան, իսկ Միլենան հավելում է, թե այսօր կարող էին ընկճված նստել տանն ու ոչինչ չանել, բայց տեսնելով, թե ինչպես են երևանցի երաժիշտները մարզից մարզ շտապում՝ օգնելու ապաստարաններում գտնվող մարդկանց, որոշեցին միանալ նրանց ու օգնել՝ ինչպես կարող են։
Քույրերից քչախոսը փոքրն է՝ Լինան․ «Սկզբում մտածում էինք, որ մի քանի օրով ենք գալիս Երևան, բայց հիմա հասկանում ենք, որ դեռ կմնանք այստեղ։ Ես ու Միլենան դպրոց ենք գնում… դե, հեռավար, ազատ ժամերն էլ անցկացնում ենք Նեքսուսում»:
Խոսելով ապագայի մասին Էլինան քմծիծաղում է․ «Հաջորդ տարի պետք է ԲՈՒՀ ընդունվեմ։ Մտածում էի՝ կգամ Երևան, քանի որ ցանկանում էի ընդունվել Երևանի պետական համալսարան։ Քանի դեռ մեր ծննդավայրում էինք երազում էի Երևանում սովորելու մասին, իսկ հիմա ամեն ինչ կտայի հետ գնալու համար»:
Նկատելով ավագ քրոջ տխրությունը Միլենան վրա է բերում․ «Երաժշտության պարապմունքները մեզ վստահություն ներշնչեցին։ Ուզում ենք մեր բենդը ստեղծել, ստեղծագործել, զարգացնել մեր հմտությունները, որպեսզի տուն վերադառնալուց հետո միանանք մեր հայրենիքը վերակառուցելու գործին՝ կաշխատենք երեխաների հետ, կնպաստենք մշակութային կյանքի զարթոնքին։ Դեռ ամեն ինչ առջևում է»:
Հրաժեշտից առաջ աղջիկները մեզ հրավիրեցին հաջորդ օրը կայանալիք համերգին։ Ինչպե՞ս կարող էինք չգնալ։ Երևանյան հաբերից մեկում կազմակերպված միջոցառումների շարքն ի օժանդակություն պատերազմից տուժածների էր։ Լեռնային Ղարաբաղից եկած կանայք տեղում ժենգյալով հաց էին սարքում ու վաճառում, մյուսներն՝ իրենց թխած փախլավան։ Ձեռարվեստի տարբեր վարպետներ վաճառքի էին հանել իրենց աշխատանքները՝ պայուսակներ, շարֆեր, ինտերիերի պարագաներ և այլն։ Իսկ նեքսուսցի երիտասարդները նվագում ու երգում էին հայրենիքի, սիրո, չմարող լավատեսության մասին… Լսում էինք նրանց, տեսնում ապրեցնող ժպիտներն ու հավատում՝ ամեն ինչ լավ է լինելու: