Հայաստանը բարեփոխում է տեղական սոցիալական պլանավորման համակարգը
ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական պաշտպանության ծրագրի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը Բուն TV-ի եթերում ներկայացնում է բարեփոխումների մանրամասները
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Անհատի կարիքները, և հատկապես նրա սոցիալական կարիքները, սովորաբար բարդ ու բազմակողմանի են, ուստի արձագանքը այդ կարիքներին հաճախ կառավարության մեկ ճյուղի գործառույթներից անդին է։ Այսպես է երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, աղքատության մեջ ապրող անձանց, աշխատանքային միգրանտների և այլ խոցելի խմբերի համար։ Եվ այս խմբերի կարիքներին արձագանքելու գործիքներից է նաև տեղական սոցիալական պլանավորումը։
Տեղական սոցիալական պլանավորման մեթոդաբանությունը մշակվել է 2012թ․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների և «Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպության համատեղ ջանքերի շնորհիվ։ Այնուհետև ՅՈՒՆԻՍԵՖ-ը փորձարկել է մեթոդոլոգիան չորս մարզերում որպես ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի մի մաս։ Արդյունքում այն ամբողջովին ներառվել է ՀՀ օրենսդրության մեջ, այդ թվում՝ «Սոցիալական պաշտպանության մասին» օրենքում՝ ապահովելով փաստերի վրա հիմնված սոցիալական ծառայությունների տրամադրման հնարավորությունը համայնքային մակարդակում։ Այնուամենայնիվ, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին վերլուծության, տեղական սոցիալական պլանավորման մեթոդոլոգիան մեծամասամբ չի կիրառվում։ Պատճառներից մեկը համայնքների համար հստակ կարգավորումների և ֆինանսավորման մեթոդների բացակայությունն էր։
2019թ․-ից սկսած՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, համայնքներում երեխայի պաշտպանության և սոցիալական պաշտպանության համակարգային բարեփոխումների շրջանակում անդրադարձել է նաև տեղական սոցիալական պլանավորման հստակ կարգավորումներին՝ անդրադառնալով ծրագրի ստեղծմանը, հաստատմանը, ֆինանսավորմանը, ինչպես նաև ծրագրի մշտադիտարկմանն ու գնահատմանը։
Այս բարեփոխումների շնորհիվ համայնքներն ավելի թիրախային աջակցություն կկարողանան տրամադրել՝ հաշվի առնելով երեխաների և ընտանիքների կարիքները։ Արդյունքում՝ համայնքները տեղական ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի աջակցության շնորհիվ կկարողանան իրականացնել այնպիսի սոցիալական ծրագրեր, որոնք հիմնված են իրական կարիքների, տվյալների և վերլուծությունների վրա։ Այստեղ ներառված է նույնիսկ ծառայություններն այլ կազմակերպությունների շնորհիվ իրականացնելու հնարավորությունը, այսպես կոչված ծառայությունների «աութսորսինգը», ինչը նորություն է համայնքների համար։
Ավելին, ՄԱԿ-ի համատեղ՝ «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակում 2020-2023թթ․ ավելի քան վեց համայնքային սոցիալական ծրագրեր կիրականացվեն Բերդում, Ամասիայում, Ալավերդիում և Թումանյան համայնքում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը այս ծրագրի իրականացնող կողմերից մեկն է։ Ծրագրի շնորհիվ համայնքներում ավելի կայուն նախագծեր կիրականացվեն ամենախոցելի ընտանքիների և երեխաների համար։ Սա հատկապես կարևոր է կորոնավիրուսի համավարակի հետևանքների վերացման տեսանկյունից։ Մարզային և համայնքային սոցիալական կարիքները գնահատված են․ եկել է համայնքային ծրագրերի մշակման ժամանակը։
Սոցիալական ծառայություններին ուղղված ներդրումները, սակայն, ոչ պակաս կարևոր են նաև մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից, քանի որ հնարավորություն են տալիս ապագայում ավելի հմուտ աշխատուժ ունենալ և ավելի բարձր տնտեսական աճ ապահովել։
Ահա՛ թե ինչու տեղական սոցիալական պլանավորումը պետք է Հայաստանի մարզային և համայնքային զարգացման ռազմավարությունների մասը կազմի՝ ստանալով համապատասխան բյուջետային ֆինանսավորում և անհրաժեշտ մարդկային ռեսուրսներ։
Դիտե՛ք Բուն TV-ի տաղավարում ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական պաշտպանության ծրագրի ղեկավար Արմենուհի Հովակիմյանի պարզաբանումներն այս հարցերի շուրջ։