Երևանում սոցիալական պաշտպանության նոր համակարգ կներդրվի
Մանրամասների մասին խոսել ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական պաշտապնության ծրագրի ղեկավար Արմենուհի Հովակիմյանի հետ։
Հարց։ Ինչո՞ւ առաջացավ նոր համակարգ ներդնելու կարիք ու որոնք են այս նոր առաջարկվող համակարգի հիմնական առանձնահատկությունները։
Արմենուհի -
Մարդուն ամենամոտ կանգնած կառույցը համայնքն է: Երևան քաղաքը, իր մեծության պատճառով առանձնանում է սոցիալական տարատեսակ խնդիրներով, շահառուների առանձնահատկություններով, սոցիալական պաշտպանության մարմինների ու կազմակերպությունների բազմազանությամբ: Տարիներ շարունակ այս ոլորտին պատշաճ ուշադրություն չի տրվել, ծրագրերն իրականացվել են չհամակարգված, ոչ թիրախային կերպով և հաշվի չեն առել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրական կարիքները: Եղել են գործառույթների կրկնություններ, ինչը հանգեցրել է երեխայի ու սոցիալական պաշտպանության ոլորտի, ինչպես նաև` ռեսուրսների անարդյունավետ կառավարմանը: Երևանում միայն մեկ համայնքային սոցիալական աշխատողի հաստիք կար, իսկ վարչական շրջաններում սոցիալական աշխատանքը զարգացած չէր: Սոցիալական աջակցությունը կատարվել է հիմնականում դրամական ու նյութական աջակցության տեսքով՝ չնպաստելով մարդկանց սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացմանը ու աղքատության հաղթահարմանը: Միաժամանակ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում էր կառուցվածքային բարեփոխումներ՝ ուղղված անձանց համալիր կարիքի գնահատմանն ու ծառայությունների ինտեգրմանը։
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունների աջակցությամբ, 2019թ. հուլիս-նոյեմբեր ամիսներին իրականացվեց հետազոտություն, որի նպատակն էր` աջակցել Երևանի՝ երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտում համակարգի բարեփոխումներին՝ առաջարկելով գործուն մեխանիզմներ։ Հետազոտության բազմաշերտ ծածկույթը, ծավալը և համապարփակ մոտեցումները նոր և աննախադեպ էին Երևանի համար:
Հետազոտություն իրականացնելիս դիտարկել ենք 7 տարբեր ուղղություններ՝ քաղաքականություն և բյուջետավորում, իրավական և օրենսդրական դաշտ, դերակատարների գործառույթներ, աշխատանքային գործընթացներ, նյութատեխնիկական միջոցներ, մարդկային ռեսուրսների կառավարում և սոցիալական աշխատանք ու տեղական սոցիալական պլանավորում։
Վերլուծությունը հնարավորություն տվեց տեսնել այս բոլոր ուղղություններում առկա բացերը, որի հիման վրա էլ հնարավոր եղավ մշակել նոր համակարգ, որը կօգնի մայրաքաղաքում ավելի լավ սոցիալական պաշտպանություն իրականացնել։ Այսպես օրինակ՝ Երևանի քաղաքապետարանում կա Սոցիալական ապահովության վարչություն, ինչպես նաև Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության վարչություն: Սակայն, հետազոտության ժամանակ պարզ դարձավ, որ վերջինս մեծ մասամբ կատարում է սոցիալական պաշտպանության գործառույթներ: Այսպիսով, առաջին փուլով, Երևանի քաղաքապետարանում կձևավորվի Երեխայի և սոցիալական պաշտպանության վարչություն, ինչի շնորհիվ աշխատանքն ավելի համակարգված կլինի՝ պահպանելով համայնքային մակարդակում նաև երեխայի իրավունքների պաշտպանության պատասխանատու օղակները: Մյուս կողմից, Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում կան սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժիններ, որտեղ սոցիալական աշխատողներ չկան, իսկ աշխատողների մեծ մասը զբաղվում է վարչարարությամբ և բնակչության սոցիալական կարիքների գնահատմամբ ու տեղական սոցիալական ծրագրերի կազմամբ չի զբաղվում: Կա մեծ ռեսուրս, բայց այն ճիշտ չի օգտագործվում։ Այսպիսով, այս բաժինները նույնպես կվերանայվեն ու կդառնան՝ երեխայի, սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժիններ՝ զինված նոր գործառույթներով և քաղաքապետարանի համապատասխան նորաստեղծ վարչության հետ սերտ համագործակցության մեխանիզմներով: Այդ բաժիններում պետք է ներդրվեն սոցիալական աշխատողներ, որոնք պետք է վերապատրաստվեն, ունենան համապատասխան գործիքներ և այդուհետ կարողանան գնահատել մարդկանց կարիքները ու համապատասխան անհատական աջակցություն ցուցաբերեն կամ տեղական սոցիալական ծրագրեր իրականացնեն։ Իհարկե, քաղաքապետարանը կվերահսկի այդ ծրագրերը՝ այսպիսով ավելի ճիշտ ուղղորդելով իր ռեսուրսները։
Իմիջիայլոց, բարեփոխումներին հիմնականում հետևում են կրճատումներ, սակայն այս պարագայում նախատեսվում է հաստիքների ավելացում, որի շնորհիվ ամեն վարչական շրջան կունենա իր սոցիալական աշխատողը և վերջինիս կից հոգեբանը։
Արդեն փոփոխվել է Երևանի 2019-2023 թվականի զարգացման ծրագիրը, և արդեն իսկ այս փոփոխությունները ներառվել են զարգացման ծրագրի մեջ, կազմվել է նաև ճանապարհային քարտեզ։ Այսինքն՝ արդեն ծրագրված է, թե որ ժամանակահատվածում ինչ փոփոխություն պետք է արվի, ինչ գործիքներ պետք է ստեղծվեն, պաշտոնի ինչ անձնագրեր պետք է գրվեն, կադրերի ինչպիսի փոփոխություն պետք է լինի, և ինչ վերապատրաստումներ պետք է իրականացվեն: Արդեն իսկ մշակել ենք մի շարք փաստաթղթեր ու գործընթացներ՝ օրինակ, Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի կազմավորման և գործունեության կարգն ու լիազորությունները սահմանելու որոշման նախագիծը, կամավոր լիազորությունների շրջանակներում սոցիալական աջակցության տրամադրման կարգը և այլն, իսկ մի շարք այլ ընթացակարգեր մշակման փուլում են՝ օրինակ ծառայությունների պատվիրակումը, տեղական սոցիալական ծրագրերի մշակումն ու ֆինանսավորումը:
Մենք այս ծրագրի վրա սկսել ենք աշխատել 2019 թ․ ամռանից։ Այս ընթացքում իսկապես մեծ աշխատանք է արվել։ Վերլուծությունը սկզբից ավելի փոքր էինք պլանավորում՝ դիտարկելով միայն կառավարման արդյունավետությունը, հետո հասկացանք, որ մինչև ամբողջական չվերլուծենք, չենք կարող ճիշտ կարծիք կազմել։ Մեծ ու բազմաշերտ համայնքի համար զրոյից համակարգ է կառուցվում, ինչն իսկապես պահանջում է շատ մեծ զգոնություն։ Ուզում եմ նաև նշել, որ մենք խոսել ենք տարածքային կառավարման, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, ՀԿ-ների և վարչական շրջանների աշխատողների, ավագանու անդամների հետ։ Այնպես չէ, որ փորձագետներով ենք միայն որոշումներ կայացրել, մենք հարցրել ենք և հաշվի ենք առել գործընթացի մասնակիցների կարծիքը, այսինքն՝ շատ մասնակցային գործընթաց է եղել։
Մեկ այլ խնդրի մասին նույնպես նշենք։ Երևանի բնակչության վերաբերյալ տվյալների պակաս կա, հատկապես՝ ըստ վարչական շրջանների։ Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի ընթացքում ավելի հստակ երևաց այս տվյալների պակասի խնդիրը ու դրանք ունենալու հրատապությունը։ Եթե բնակչության վերաբերյալ տվյալներն ավելի հստակ լինեն, ապա աջակցությունն էլ ավելի թիրախավորված ու արագ կարելի է իրականացնել։ Պետք է լինեն սոցիալական աշխատողներ, ովքեր ճանաչում են իրենց բնակիչներին և կարող են արագ արձագանքել նրանց խնդիրներին։ Նաև նախատեսում ենք Երևան քաղաքի սոցիալական կարիքների գնահատում, որի արդյունքում ռազմավարական ուղղություններն ավելի պարզ կլինեն, իսկ մարդկային ու ֆինանսական ռեսուրսների օգտագործումը՝ ավելի արդյունավետ: Դրա համար էլ այս փաթեթը կարևոր է, և դրա համար էլ այն միանգամից դրվեց քննարկման: Ավագանին հունիսի 24-ին հաստատեց փաթեթի առաջին մասը, իսկ մյուս՝ վարչական շրջանների կառուցվածքին վերաբերող մասը կքննարկվի սեպտեմբերին։
Հարց: Ովքե՞ր են այս համակարգի շահառուները և ի՞նչ փոփոխություն կարող է զգալ իր կյանքում Երևանի բնակիչը։
Արմենուհի -
Այս համակարգի շահառուն է Երևան քաղաքի ամբողջ բնակչությունը, հատկապես՝ առավել խոցելի բնակիչները: Խոցելի ընտանիքներին կտրամադրվի կարիքների վրա հիմնված, ժամանակին, թիրախային և արդյունավետ աջակցություն, սակայն կան նաև ծրագրեր, որոնք ուղղված են լինելու բազմազավակ ընտանիքներին, սոցիալական ձեռներեցությամբ զբաղվող ընտանիքներին և այլն: Կարևոր է նաև նշել, որ համակարգի հիմքում նաև դրել էինք տարերային ու տեխնածին աղետների հետևանքով տուժած բնակչությանը, ինչը շատ նորարարական էր ու փաստորեն տեղին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը: Այսպիսի աղետների ժամանակ յուրաքանչյուր ոք կարող է հայտնվել դժվարին իրավիճակում։ Ի դեպ՝ հաշվի առնելով բոլոր առանձնահատկությունները, մյուս խոշոր համայնքները նույնպես կկարողանան օգտվել այս համակարգից և կառուցել արդիական սոցիալական պաշտպանության համակարգ տեղական մակարդակում։ Արդեն իսկ քննարկել ենք մեր գործընկերների հետ այդպիսի փորձի փոխանակումն ու օրինակելի փաստաթղթերի տրամադրումը Հայաստանի այլ համայքներին:
Խոցելի ընտանիքներն ավելի շուտ կզգան համակարգի փոփոխությունը։ Ինչու՞։ Որովհետև հնարավոր կլինի վաղ հայտնաբերել դժվարին իրավիճակում հայտնված ընտանքիներին ու նրանց ավելի վաղ աջակցություն տրամադրել՝ չթողնելով իրավիճակի բարդացում։ Հատկապես Երևանը, որ ավելի շատ ռեսուրսներ ունի, իսկապես հնարավորություն ունի շատ ավելի արդյունավետ աջակցություն ցուցաբերել։ Ենթադրենք, կա մի ընտանիք, որտեղ ապրում է հաշմանդամություն ունեցող երեխա։ Այս համակարգը հնարավորություն կտա նախ ընտանիքի կարիքը գնահատել և աջակցել ընտանիքին՝ ըստ վերհանված անհատական կարիքների։ Իսկ եթե այդ վարչական շրջանում մի խումբ հաշմանադամություն ունեցող երեխաներ կան, ապա գուցե առանձին ծառայության կարիք լինի՝ օրինակ ցերեկային կամ վերականգնողական կենտրոնի կարիք: Այդ պարագայում ծառայությունը հիմնելու համար կարող է մշակվել տեղական սոցիալական ծրագիր։ Այս նոր համակարգի շնորհիվ ավելի հեշտ կլինի տեսնել մեծ պատկերը, որովհետև մեկ վարչություն է զբաղվելու ու ճիշտ քարտեզագրման ու մեխանիզմների կիրառման դեպքում հնարավոր կլինի ավելի համակարգված և ավելի նպաստավոր աշխատանք իրականացնել և ի վերջո, բարելավել բնակիչների կյանքը։ Համակարգի շնորհիվ մենք նաև նախատեսում ենք ուժեղացնել քաղաքապետարանի, ՀԿ-ների, միջազգային գործընկերների ու անհատների միջև կապն ու համագործակցությունը։
Իհարկե, այս տարի անցումային տարի է և միանգամից բոլոր փոփոխությունները չեն երևա, սակայն հույս ունենք՝ գոնե մեկ-երկու տարի հետո տեսանելի փոփոխություններ կզգացվեն մարդկանց կյանքում։
Հարց։ Ընդհանուր ՔՈՎԻԴ-19 -ի դեմ պայքարի շրջանակում ուրիշ ի՞նչ է անում ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական պաշտպանության ծրագիրը։
Արմենուհի -
ՔՈՎԻԴ-19 առաջին հերթին առողջապահական խնդիր է, սակայն այն նաև հանգեցնում է մի շարք սոցիալ-տնտեսական հետևանքների: Կարևոր էր արձագանքել պետության անմիջական կարիքներին, սակայն նաև իրականացնել ավելի հեռանկարային ծրագրեր:
Առաջնային աջակցությունը ապրանքների մատակարարումն էր։ Դիմակներ, ալկոհոլային հիմքով ախտահանիչներ ու ձեռնոցներ տրամադրեցինք ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության և 55 տարածքային կենտրոնների աշխատողների համար։ Նաև, հաշվի առնելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը համակարգում է ՄԱԿ-ի սոցիալական պաշտպանության ու սոցիալ-հոգեբանական աջակցության ոլորտը, որը ներառում է ՄԱԿ-ի կառույցների, միջազգային գործընկերների ու մի շարք հումանիտար ՀԿ-ների, մի շարք համակարգված գործողություններ ենք իրականացրել գործընկերների հետ՝ թե կարիքների ու ծրագրերի համակարգման, թե համատեղ արձագանքի տեսանկյունից: Օրինակ՝ մենք համակարգել ենք նաև անհրաժեշտ պարագաների տրամադրել աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարություն՝ 11 երեխաների, ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հաստատությունների համար:
Պետք է ասեմ, որ պայքարն ավելի լավ դիրքից էինք սկսել։ Մենք դեռ 2017թվականին Հայաստանում իրականացրեցինք տարբեր դրամական վճարների (նպաստների) ու դրանց արտակարգ իրավիճակների ժամանակ կիրառելիության վերաբերյալ վերլուծություն։ Այդ ժամանակ վերլուծեցինք սոցիալական պաշտպանության համակարգը, նայեցինք, թե ինչ տիպի նպաստներ կան, կարո՞ղ են այդ նպաստները կիրառվել նաև արտակարգ իրավիճակների ժամանակ։ Մեկ տարի անց միջազգային փորձագետ հրավիրեցինք և քննարկում կազմակերպեցինք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, աշխատանքի և սոցիալական հարցերի ու արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ համատեղ։ Նաև նույն կազմով այց ունեցանք Նեպալ, որտեղ ուսումնասիրեցինք այդ երկրի փորձը սոցիալական պաշտպանության միջոցով երկրաշարժի հետևանքների մեղմելու վերաբերյալ: Հետո քննարկումն ավելի ընդլայնվեց․ դրամական աջակցությունից սահուն անցում կատարեցինք դեպի այսպես կոչված՝ աղետներին արձագանքող սոցիալական պաշտպանության համակարգի վերլուծություն ու ներդրում։ Երբ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության և Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացրեցինք սոցիալական պաշտպանության ամբողջ համակարգի դիագնոստիկա, այդ բացը աչքի էր ընկնում․ մեր համակարգը պատրաստ չէր աղետներին, բայց երևաց նաև, որ կային շատ ծրագրեր, որոնք կարող են շուտ վերափոխվել։ Երբ կորոնավիրուսային այս իրավիճակը սկսվեց, մենք նախորդ վերլուծությունները կրկին ներկայացրեցինք նախարարությանը, ամբողջ աշխարհում ՔՈՎԻԴ-19 հետևանքով ներդրված սոցիալական ծրագրերի քարտեզագրման հետ համատեղ: Հետագայում տեսանք, որ նմանատիպ մոտեցումներ՝ օրինակ նպաստառուների աջակցության ընդլայնում կամ երեխայի նպաստը, կիրառվեցին նաև Հայաստանում համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման համատեքստում: Նախարարության հետ այս պահին քննարկում ենք նմանատիպ մի ծրագրի իրականացում ու աջակցության տրամադրում նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Մանրամասները կլինեն շուտով:
Հիմա ուզում եմ ներկայացնել մեկ այլ՝ արագ արձագանքման ու գնահատման համակարգը, որի ուղղությամբ նախարարության ու գործընկերների հետ սկսեցինք աշխատել վարակի բռնկման առաջին օրերից։ Ո՞րն էր խնդիրը։ Այն, որ նախարարությունը չէր կարողանում տեսնել այն ընտանիքներին, որոնք համակարգում չեն, բայց տուժել են։ Այս ընտանիքներն ուղղակի տեսանելի չեն մեր սոցիալական պաշտպանության համակարգին, քանի որ նրանք շահառու չէին հանդիսանում։ Նախարարությունում կան բազմաթիվ բազաներ, որոնք փոխկապակցված չեն, ավելին՝ դրանք պատշաճ կերպով փոխկապակցված չեն նաև մյուս նախարարությունների բազաների հետ։ Ու խնդիրներ էին առաջանում թե՛ մարդկանց նույնականացման և թե՛ կարիքների բացահայտման հետ։ Արագ արձագանքման ու գնահատման համակարգի ներդրման շնորհիվ դիմողն անձամբ, առցանց մի քանի հարցի պատասխանելով, կարող է գրանցվել համակարգում։ Այնուհետև տարածքի սոցիալական աշխատողը նրանց հետ կապ հաստատելու շնորհիվ կպարզի մնացած մանրամասները և արագ գնահատում կանի՝ տվյալները համադրելով մյուս բազաների հետ ու ավտոմատացված կերպով կստանա նախնական եզրակացություն։ Այդպես հնարավոր կլինի արագ գնահատել կարիքներն ու արագ տարբեր տեսակի աջակցություն տրամադրել։ Դա կարող է լինել սննդի, զբաղվածության ծրագրերի մեջ ընդգրկման, դրամական կամ այլ աջակցության տեսքով, այս մանրամասները քննարվելու են նախարարության հետ:
Այս համակարգը կիրառվում է տարբեր երկներում։ Աշխատելով գործընկերների՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի պարենային ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ու ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության, ինչպես նաև խորհրդակցելով Համաշխարհային բանկի հետ՝ կփորձենք աջակցել, որ այս համակարգը Հայաստանում նույնպես ներդրվի ու արդյունավետ գործի։ Կարևոր է, որ համակարգը լինի հեշտ օգտագործելի ու հասկանալի շահառուի համար: