Սոցիալական աջակցության նոր օրինագիծը քննարկվել է ՀՀ բոլոր մարզերի համայնքային սոցիալական աշխատողների հետ

Եվրոպական միության ֆինանսավորմամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ աջակցում է Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխմանը:

30 Մարտ 2023
Social assistance new law was discussed with 50 community social workers from across the country
UNICEF Armenia/2023/Galstyan

Երևան, 31-ը մարտի, 2023թ. - Այսօր Երևանում կազմակերպվեց համայնքային սոցիալական աշխատանքին նվիրված քննարկում՝ կարևորելով և կարևորելու  սոցիալական աշխատողների առանցքային դերը սոցիալական աջակցության և սոցիալական ծառայությունների տրամադրման ողջ շղթայում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԶԾ-ն, ՊՀԾ-ն, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Միջազգային հանրապետական ինստիտուտը, հասարակական մի շարք այլ կազմակերպություններ և Հայաստանի բոլոր մարզերից ավելի քան 60 համայնքային սոցիալական աշխատողներ հավաքվել էին մեկ հարկի տակ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀ) և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունների գլխավորությամբ:

Ողջունելով ներկաներին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը նշեց. «Սոցիալական պաշտպանությունը մարդու համընդհանուր իրավունք է և աղքատության նվազեցման նախապայման: Այն նաև չափազանց կարևոր է՝ օգնելու ամենախոցելի երեխաներին հասնել իրենց ողջ ներուժին՝ ապահովելով նրանց համար անհրաժեշտ սնուցման, կրթական և առողջապահական ծառայությունների հասանելիությունը: Հետևաբար, շատ կարևոր է կառուցել սոցիալական աջակցության և ծառայությունների ողջ շղթան համայնքային մակարդակից մինչև ազգային՝ համագործակցության, գործընկերության և ընդհանուր տեսլականի իրական ոգով»:

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը իր ելույթում շեշտեց համայնքային և Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների սերտ ու արդյունավետ համագործակցության կարևորությունը․ «Թե՛ համայնքային, թե՛ Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների նպատակը պետք է լինի նույնը՝ քաղաքացիների կարիքների ամբողջական գնահատման և անհրաժեշտ սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացն իրականացնել էլ ավելի արդյունավետ ու հասցեական»։

«Պետությունն այսօր գնում է սոցիալական աշխատողի ինստիտուտը կայացնելու ճանապարհով։ Հենց այս համատեքստում է նաև նախաձեռնվել համայնքային սոցիալական աշխատողի հաստիքների ստեղծումը համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերում։ Մշակվել և համայնքներին են տրամադրվել համայնքային սոցիալական աշխատողների պաշտոնների անձնագրերի օրինակելի ձևերը։ Լիահույս ենք, որ այս նախաձեռնությամբ սոցիալական աշխատողը կապող օղակ կդառնա մի կողմից համայնքի, մյուս կողմից՝ տարբեր միջազգային և հասարակական կազմակերպությունների միջև, ինչի շնորհիվ սոցիալական խնդիրները կստանան համապատասխան լուծումներ», - հավելեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը իր բացման խոսքում ընդգծեց. «Եվրամիությունը հանձնառու է երկարաժամկետ դրական ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքացիների բարեկեցության և Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի բարելավման վրա: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԶԾ-ի և ՊՀԾ-ի հետ համատեղ իրականացվող նախագծի շրջանակում ակտիվորեն աջակցելու է Հայաստանի կառավարությանը՝ սոցիալական պաշտպանության ներառական և ճկուն համակարգ կառուցելու գործում»:

«Միջազգային հանրապետական ինստիտուտը բարձր է գնահատում նախարարության պատրաստակամությունն ու ջանքերը՝ սոցիալական աջակցության մասին նոր օրենքը քննարկելու սոցիալական աշխատողների հետ։ Որպես երեխաների և ընտանիքների առջև ծառացած խնդիրների առաջին արձագանքողներ՝ նրանք առաջինն են, որ պետք է իմանան օրենքի մանրամասները և առաջինն են, որ կարող են առաջարկել անհրաժեշտ փոփոխություններ՝ օրենքն ավելի ներառական և բնակչության կարիքներին ավելի արձագանքող դարձնելու», - կարևորեց Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրերի ավագ ղեկավար Արտակ Շաքարյանը:

Այս քննարկումը սոցիալական պաշտպանության բարեփոխումների ԵՄ-ի ֆինանսավորմամբ համատեղ իրականցվող նախաձեռնության շրջանակում նախատեսված բազմաթիվ միջոցառումների շարքում առաջինն էր։ Առաջիկա չորս տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները շարունակաբար կաջակցեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը բարեփոխումների ճանապարհին՝ կենտրոնանալով քաղաքականության և իրավական դաշտի մշակման, տվյալների հավաքագրման համակարգերի ամրապնդման, սոցիալական ծառայության աշխատուժի շարունակական կարողությունների զարգացման, նոր գործիքների և մոտեցումների մշակման և դրանց փորձարկման վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերին։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար գրեթե 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: