Ինչպես աշխատավայրն ավելի լավը դարձնել աշխատող ծնողների համար
Ընտանիքամետ քաղաքականությունը լավագույն ներդրումն է թե՛ ընտանիքի, թե՛ մասնավոր հատվածի և թե՛ տնտեսության համար

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Ընտանիքամետ քաղաքականության ուղղությամբ ներդրումներ անելը լավ է թե՛ ընտանիքի, թե՛ մասնավոր հատվածի և թե՛ տնտեսության համար: Սակայն աշխարհում հսկայաթիվ ծնողների համար չկան այնպիսի քաղաքականություններ, ինչպիսին օրինակ ծնողական արձակուրդն է, կրծքով կերակրման համար նախատեսված ընդմիջումները, երեխայի խնամքի ծառայություններն ու երեխայի նպաստը:
Ընտանիքամետ քաղաքականությունները նպաստում են երեխաների առողջությանն ու կրթությանը, ինչպես նաև աղջիկների ու տղաների հավասարությանն ու երկրների կայուն զարգացմանը՝ բարելավելով աշխատուժի արդյունավետությունը:
Նման քաղաքականությունների բացակայությունը թույլ չի տալիս ծնողին ամուր կապ ստեղծել իրենց փոքրիկի հետ նրա կյանքի կարևորագույն համարվող առաջին տարիների ընթացքում: Ինչպես վկայում են փաստերը, սա այն ժամանակահատվածն է, երբ ճիշտ սնուցումը, սիրող և խթանող միջավայրն ու խնամքը մեծ ազդեցություն են թողնում փոքրիկի զարգացող ուղեղի և հետագա կյանքի վրա:
Այս իրավիճակը փոխելու ժամանակը հիմա է: Գնալով ավելի շատ ընկերություններ են սկսում տեսնել ու գնահատել ընտանիքամետ քաղաքականության արժեքը: Սակայն առաջընթացը շատ դանդաղ է և հրատապ ներդրումներ են հարկավոր:
Կոչ ենք անում իրականացնել հետևյալ գործողությունները
- Բավականաչափ վճարովի արձակուրդ տրամադրել թե՛ ֆորմալ և թե՛ ոչ ֆորմալ տնտեսություններում աշխատող բոլոր ծնողներին և խնամակալներին ՝ իրենց փոքրիկների կարիքները բավարարելու համար: Սա նշանակում է՝ վճարովի մայրական, հայրական և ծնողական արձակուրդ և հիվանդ երեխաների խնամքի համար նախատեսված արձակուրդ:
- Աջակցել մոր կողմից երեխային 6 ամիս բացառապես կրծքով կերակրմանը, ինչպես խորհուրդ է տրվում ողջ աշխարհում ընդունված չափանիշներով, և դրա շարունակությանն այնքան ժամանակ, ինչքան որ կցանկանա մայրը:
- Ապահովել երեխայի խնամքի մատչելի, հասանելի և որակյալ ծառայություններ: Ապահովել, որ բոլոր երեխաներն ունենան մատչելի, որակյալ խնամք և վաղ ուսումնառություն:
- Տրամադրել երեխայի նպաստ և բավարար աշխատավարձ՝ երեխաների մասին հոգ տանելու համար:
Ընտանիքամետ քաղաքականության առավելությունները
Լավ է երեխաների համար՝
- Բարենպաստ ազդեցություն է ունենում երեխայի հմտությունների և կարողություններ վրա և, ի վերջո, բարելավում նրա արդյունավետությունը հետագա կյանքում:
- Թեև յուրաքանչյուր ծնող իր երեխայի համար լավագույնն է ցանկանում՝ նրանցից շատերը դա իրականացնելու հնարավորությունը չունեն, քանի որ ստիպված են լինում աշխատավայրում երկար ժամեր անցկացնել: Սա նշանակում է, որ նրանցից շատերը երկար ժամանակով բացակայում տնից են կամ ժամանակ չունեն իրենց փոքրիկների հետ անցկացնելու համար:
- Աշխարհում միայն 42 երկիր ազգային քաղաքականություն ունի, որի շնորհիվ ծնողներին և խնամակալներին իրենց երեխային խնամելու համար տրամադրում է ժամանակ և միջոց (6 ամիս վճարովի մայրական արձակուրդ և 4 շաբաթ վճարովի հայրական արձակուրդ):
Լավ է կանանց համար՝
- Երեխայի խնամքի մատչելի ծառայություններն օգնում են կանանց պահպանել իրենց աշխատանքը՝ այդպիսով նպաստելով ընտանիքների բարեկեցությանը, իրենց ընկերությունների և, առհասարակ, տնտեսության բարելավմանը:
- Ըստ ՄըքՔինզիի 2015 թվականի (McKinsey 2015) զեկույցի՝ կանանց հավասար մասնակցությունը աշխատաշուկայում լրացուցիչ 12 տրիլիոնի հասույթ կապահովի համաշխարհային տնտեսության համար մինչև 2025 թվականը:
- Այն նաև նպաստում է գենդերային անհավասարությունների նվազմանը, քանի որ խթանում է կանանց ու տղամարդկանց հավասար ներգրավվածությունը երեխայի խնամքի հարցերում:
Լավ է մասնավոր հատվածի համար՝
- Ընտանիքամետ քաղաքականությունները մեծացնում են աշխատակիցների՝ ընկերությունը չլքելու հավանականությունը, նվազեցնում բացակայությունները և աշխատակազմի համալրման հետ կապված ծախսերը, ինչպես նաև օգնում խթանել աշխատակիցների ներգրավվածությունն ու էթիկան:
- Ընտանիքամետ քաղաքականությունները մեծացնում են կանանց՝ մայրական արձակուրդից հետո աշխատանքի վերադառնալու հավանականությունը և ընկերությունների համար նվազեցնում այսպես կոչված «մայրիկների հարկը»:
Լավ է տնտեսության համար՝
- Ընտանիքամետ քաղաքականությունները խթանում են տնտեսական աճը և ազգային ՀՆԱ-ն: Վերջին 50 տարիների ընթացքում սկանդինավյան երկրներում գործող ընտանիքամետ ծառայությունները, ինչպես նաև՝ կանանց աշխատաշուկա մուտք գործելը, խթանել են մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 10-ից 20 տոկոսով: