Ընտանիքներին աջակցող քաղաքականություն վարելու 10 տարբերակ կազմակերպությունների համար

Ինչպես կարող են գործատուներն օգնել ծնողներին իրենց երեխաների համար կյանքի ավելի լավ սկիզբ ապահովելու հարցում

ՅՈՒՆԻՍԵՖ
Ընտանիք. մայրն ու հայրը գրկել են իրենց երեխաներին:
UNICEF Armenia/2018/Sokhin
11 Հունիս 2019

Երեխայի առաջին 1000 օրը էապես ազդում է երեխայի ապագայի վրա: Այս շրջանում երեխայի ուղեղը անկրկնելի արագությամբ է աշխատում: Ապացուցված է, որ ճիշտ սնուցումը, խնամքը և սիրով լի միջավայրը, այսինքն՝ ուտելը, խաղալն ու սիրելը, էական են երեխայի կյանքի լավագույն սկիզբ ապահովելու համար:

Ծանրաբեռված ու երկար աշխատանքային ժամերի պատճառով շատ ծնողներ բաց են թողնում իրենց երեխայի առաջին տարիների նշանակալի պահերը: Նրանք ուղղակի այլ տարբերակ չունեն:

Վճարովի ֆիզարձակուրդը, կրծքով սնուցման և երեխաների խնամքի համար նախատեսված հատուկ ընդմիջումներն ու ընտանիքներին աջակցող նման այլ քաղաքականությունները անհասանելի են աշխարհում շատ ծնողների համար:

Որպեսզի իրենց երեխաների կյանքի լավագույն սկիզբն ապահովեն, ծնողները ժամանակի և օգնության կարիք ունեն:

 

Ի՞նչ կարող են անել ընկերությունները ծնողներին աջակցելու համար

 

  1. Նախ ապահովե՛ք, որ հղիության, մայրության կամ ընտանեկան պարտականությունների պատճառով կանայք խտրականության չենթարկվեն ու ունենան նույն աշխատանքային պայմանները, աշխատավարձերն ու կարերիայի աճի հնարավորությունը:
  2. Մայրերին ամենաքիչը վեց ամիս տևողությամբ, իսկ հայրերին՝ 4 շաբաթ տևողությամբ վճարովի ֆիզարձակուրդ տրամադրե՛ք՝ ապահովելով, որ ծնողները որակյալ ժամանակ անցկացնեն երեխաների հետ, երբ նրանք դրա կարիքն ամենից շատ ունեն:
  3. Աշխատավայրում հնարավոր դարձրե՛ք կրծքով սնուցումը վճարովի ընդմիջումների և այլ համապատասխան պայմանների շնորհիվ:
  4. Հասանելի դարձրե՛ք որակյալ խնամքի կենտրոնները և ապահովե՛ք որ երեխաները վաղ մանկական ուսումնառություն ստանան և իրենց ողջ ներուժին հասնելու համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերեն:
  5. Ճկուն աշխատաժամանակ ունենալու հնարավորություններ սահմանե՛ք, օրինակ՝ տնից աշխատել և այլն:
  6. Խրախուսե՛ք արժանավայել աշխատանքային պայմաններ, օրինակ փորձե՛ք ապահովել, որ աշախատավարձը համահունչ լինի ապրելու համար անհրաժեշտ գումարին:
  7. Միգրանտների և սեզոնային աշխատողների խնդիրներին հատուկ ուշադրություն դարձրե՛ք: Օրինակ, աջակցե՛ք աշխատողներին ընտանիքներով տեղափոխվել և աշխատե՛ք, որպեսզի կառավարությունները նույնպես աջակցեն այդ ընտանիքներին:
  8. Քաջալերե՛ք աշխատավայրում դրական ծնողավարման օրինակները, օրինակ՝ վաղ մանկական զարգացման կարևորության մասին իրազեկման արշավներ ու հատուկ վերապատրաստումներ կազմակերպե՛ք:
  9. Խրախուսե՛ք նաև գործընկեր և մատակարարար կազմակերպություններին ներդնել ընտանիքներին աջակցող քաղաքականություններ:
  10. Վաղ մանկական զարգացման կարևորության մասին պատմե՛ք նաև ձեր սպառողներին և հաճախորդներին սոցիալական մեդիաներով և այլ խողովակներով:

Բիզնեսի շահն ակնհայտ է: Ընտանիքներին աջակցող քաղաքականություններ ներդնելով՝ կբարձրացնեք աշխատուժի արտադրողականությունը և աշխատողներին գրավելու, մոտիվացնելու և պահպանելու ընկերության հնարավորությունը:

Ընտանիքներին աջակցող քաղաքականություններից շահում են աշխատողները, ընտանիքները և հասարակությունը: Վաղ շրջանը կարևոր է և վաղ տարիքում երեխաների համար ներդրումներ անելը ոչ միայն ճիշտ, այլև խելացի քայլ է: