Երբ հայրերը նույնպես խնամում են իրենց երեխաներին
Ավելի ու ավելի են շատանում երեխայի կյանքում հայրիկների մասնակցության կարևորությունը ապացուցող փաստարկները:
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Չգիտես` ինչու մենք սկսում ենք վերարժևորել մեր կյանքը, մտորել կարևորի ու անկարևորի մասին, երբ մի վատ բան է պատահում մեր կամ մեր հարազատների հետ: Ցրտաշունչ ու հեռավոր Արթիկում ապրող փոքրիկ Արենը դեռ երկու ամսական էլ չկար, երբ նրա մոտ սեպսիս վիրուսն ախտորոշվեց: Հայրն ու մայրը հասկացել էին, որ փոքրիկն ինչ-որ խնդիր ունի ու նրան անհապաղ Երևան տեղափոխել: Վերակենդանացման բաժանմունքում 10 երկար ու ձիգ, անորոշ, բայց հույսով լի օրերը փոխել էին կյանքի ընթացքը, ստիպել մի ողջ ընտանիքի սառչել ու սպասել:
Այսօր այս 8 ամսական խարտյաշ մազերով տղան ժպտում ու խաղում է հոր հետ, կարծես ոչինչ չի էլ եղել ու թվում է, թե ամեն ինչ այսպես է եղել, միշտ:
Բայց…
«Ամեն ինչ է փոխվել: Հիմա ավելի անհանգիստ ու ուշադիր եմ դարձել: Հիմա ավելի շատ ժամանակ եմ տրամադրում երեխայիս ու ընտանիքիս: Շահանե Բարիսովնայի շնորհիվ այսօր իմ երեխան առողջ է: Բայց միևնույն է հիմա ես չեմ դադարում հետևել նրա առողջությանը ու խնամել նրան»:
Այո՛, ամեն ինչ է փոխվել: Երբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Արթիկում ծնողների ու մանկաբույժների համար դասընթաց էր կազմակերպել, Արենի հայրիկն ու մայրիկը՝ Ռուստամն (31տ) ու Անին (22տ), որոշեցին բաց չթողնել առաջին ձեռքից վստահելի տեղեկություններ ստանալու այս հնարավորությունը: Իսկ երբ պարզվեց, որ Անին չի կարող մասնակցել, որոշվեց, որ Ռուստամն է գնալու և ամեն ինչ Վայբերով ուղարկելու է Անիին:
«Էն ժամանակ չէի էլ գնա, բայց այդ 10 դաժան օրերը շատ բան են փոխել»,- ընդունում է Ռուստամը-«այնքա՜ն կարևոր տեղեկություն ստացա երեխայի սննդի, խնամքի, դաստիարակման ու հոր ներգրավման կարևորության մասին: Հասկացա, որ Անիի հետ ես նույնպես պիտի խնամեմ տղայիս: Էդպես է ճիշտը: Բայց ամենամեծ հետաքրքրությամբ լսում էի մանկաբույժին, որ պատմում էր երեխայի խնամքի արդեն հնացած ադաթների մասին ու հստակ նշում ՝ ինչն է կարելի, ինչը՝ ոչ: Մի տեսակ ավելի վստահ զգացի, որ դժվար պահերին ավելի լավ կկողմնորոշվենք: Երևանից դուրս նման տեղեկություններ ստանալու հնարավորություն ունենալը շատ կարևոր է»:
Համաձայնե՛ք, որ մի շրջանում, որտեղ կարծես թե ընդունված չէ, որ հայրիկները տան ու երեխայի խնամքի գործերում խառնվեն, որտեղ այս ամենը միայն մայրիկների ուսերին է դրված, հաճելիորեն զարմանալի է Ռուստամի այլ կերպ մտածելն ու գործելը: Հավատացե՛ք նրա համար մայրիկների և մանկաբույժների հետ երեխաների խնամքի վերաբերյալ դասընթացին մասնակցելը նույնիսկ «հերոսություն» է: Հարցիս, թե ինչու են հայրիկներն ավելի պասիվ, խոհանոցից լսում ենք Ռուստամի հոր՝ Արենի պապիկի ձայնը, թե իրենց ժամանակներում նույնիսկ չպետք է կնոջ կողքը նստեին, ժամանակ չէին էլ տրամադրում երեխայի հետ զբաղվելուն, էլ ինչ կերակրելու, զբոսնելու, լողացնելու ու հագցնելու մասին է խոսքը. «Մենք հիմնականում դուրսն էինք, էդպես էր ընդունված»,-եզրափակեց իր խոսքը նա:
Ռուստամն այս ամենին այլ կերպ է նայում՝ նշելով, որ հիմա շատ բան է փոխվել, ու այո՛ այսօր ինքն իր երեխայի հետ թե՛ զբոսնում է, թե՛ կերակրում նրան, թե՛ հագցնում ու թե՛ օգնում լողացնելիս: Այո՛ այսօր այս ամենը նա անում է, որովհետև բոլորովին վերջերս է վերարժևորել իր կյանքը ու սահմանել իր առաջնահերթությունները: Նա դա անում է իր երեխայի, իր կնոջ և իր ընտանիքի համար:
«Ամենաթանկ բանը, որ ունեմ, իմ երեխան է ու նրա առողջությունը. կարևոր չէ՝ ով ինչ կասի կամ ինչ կանի»,-ասում է Ռուստամը:
Զարմանալի բան է կյանքը: Թվում ամենը պարզ ճշմարտություն է, բայց միևնույն ժամանակ բարդ ու խճճված իրավիճակների մի կապոց: Պետք չէ դժվար իրավիճակների հանդիպել, հետո նոր մտորել կարևորի մասին: Ծնողներիս համար ամենակարևորը մեր երեխաներն են, նրանց առողջությունն ու ճիշտ զարգացումը: Իսկ հայրիկների կողմից տրվող սերն ու խնամքը նույնքան կարևոր է, որքան մայրիկինը:
ԱՌՈՂՋ/ԵՐՋԱՆԻԿ ԵՐԵԽԱ= սիրող/խնամող ՀԱՅՐԻԿ + սիրող/խնամող ՄԱՅՐԻԿ: Մի պարզ հավասարություն ու վաղուց բոլորիս հայտնի մի ճշմարտություն, որն այս զբաղված առօրյայում միայն առաջին հայացքից է բարդ ու անհասանելի թվում: Հավատացե՛ք ՝ դա ապահովելու համար երկնքից աստղեր իջեցնել պետք չէ: