Հայտնի աստղերը միանում են «Սուպեր հայրիկ» հանրային արշավին՝ երեխայի զարգացման վաղ շրջանում հոր էական դերը կարևորելու համար

07 Հունիս 2017
Հայրիկը գրկել է իր փոքրիկին և համբուրում է վերջինիս ձեռքը
UNICEF/UN064647/Ose
37-ամյա սուդանցի փախստական Քենի Ռիչարդը (Kenny Richard) գրկել է իր տղային իրենց ժամանակավոր ապաստարանի մուտքի մոտ, որը գտնվում է հյուսիսային Ուգանդայում:

Հունիսի 7, 2017թ. , ՆյուՅորք- Հեռուստատեսային և սպորտային ոլորտների հայտնի աստղերը՝ Մահերշալա Ալին (Mahershala Ali), Դևիդ Բեքհեմը (David Beckham), նորզելանդական «The All Blacks» ռեգբիի թիմը, Դանիել Կորմիերը (Daniel Cormier), Նովակ Ջոկովիչը (Novak Djokovich), Լուի Հեմիլթոնը (Lewis Hamilton), Հյու Ջեքմանը (Hugh Jackman), Սաչին Թենդուլկարը (Sachin Tendulkar), Թալիա և Քրիս Վեիդմանները (Thalia and Chris Weidman) միանում են «Սուպեր հայրիկ» հանրային արշավին, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր նախաձեռնությունն է՝ ուղղված Հայրիկների օրը նշելուն և ընդգծելու սիրո, խաղի, պաշտպանության և ճիշտ սնուցման դերը երեխայի ուղեղի առողջ զարգացման համար:

 Տվյալ նախաձեռնությունը կոչ է անում ընտանիքներին միանալ 90-ից ավել երկրների, որոնք այս ամիս նշում են Հայրիկների օրը՝ Instagram և Twitter սոցիալական ցանցերում տարածելով #EarlyMomentsMatter հեշթեգով նկարներ և տեսանյութեր այն մասին, թե ինչ է հարկավոր «սուպեր հայրիկ» լինելու համար: Ընտանիքներին այդ գործում խրախուսելու համար, հունիսի 6-18-ը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Instagram» և «Twitter» էջերում, ինչպես նաևհանրային արշավի տեսադարանում կհրապարակվեն Բարի կամքի դեսպանների նկարներն ու տեսանյութերը նույն թեմայով:

 «Որպես հայր, ես զգացել եմ իմ սիրո, ջերմ վերաբերմունքի և յուրաքանչյուր ժպիտի դրական ազդեցությունը երեխայի կյանքի այնքան վաղ շրջանում: Ծնող լինելը հեշտ չէ: Բազմաթիվ մարտահրավերներ կան աշխարհի բոլոր հայրիկների ճանապարհին: Այս հանրային արշավը նպատակ ունի աջակցել և խրախուսել հայրիկներին սուպեր հայրիկներ դառնալ, որոնց կարիքը երեխաները շատ ունեն», - նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Նովակ Ջոկովիչը:

 «Անկասկած, ես այսօր նույնը չէի լինի, առանց իմ հոր օգնության: Նա հենց սկզբից ինձ սեր է նվիրել, կյանքի ուղղություն և առողջ սնունդ տվել ու երազածիս պես խնամել: Ես հավերժ երախտապարտ կմնամ նրան», - նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակից Լուի Հեմիլթոնը: «Հուսով եմ, որ այս նախաձեռնությունը կտոնի իմ հոր նման սուպեր հայրիկներին և կօգնի իրենց երեխաների համար սուպեր հայրիկ դառնալ ցանկացող բոլոր հայրերին»:

 «Երբ փոքր էի, հայրս ինձ սեր է տվել, ազատություն և աջակցություն՝ իմ ներկայիս կերպարը կերտելու համար», - նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան Սաչին Թենդուլկարը: «Յուրաքանչյուր երեխա իր աճի և զարգացման համար պաշտպանության, սիրո, առողջ սննդի և ազատության կարիք ունի: Ծնողներից յուրաքանչյուրն այդ գործում ունի իր ուրույն դերը»:

 Հայտնի հայրինկերի ջերմ նկարների և նրանց մասին պատմող տեսանյութերի հետ զուգահեռ կհրապարակվեն նաև աշխարհում ծայրահեղ ծանր պայմաններում իրենց երեխաներին մեծացնող սուպեր հայրիկների մասին պատմություններ:

 Մեկ այդպիսի սուպեր հայրիկ է Հարավային Սուդանի փախստական Իդրոն (Idro), ով խնամում է իր 2 ամսական ու 3 և 13 տարեկան աղջիկներին` Ուգանդայի «Bidi Bidi»՝ աշխարհում ամենամեծ փախստականների գոտում: Իդրոն լքել է իր պատերազմի հետևանքով ավերված երկիրը 2016թ.-ի հուլիսին և այժմ անում է ամենը՝ իր երեխաներին առողջ, երջանիկ և անվտանգ պահելու համար: «Իմ աղջիկը հարցնում է՝ երբ ենք վերադառնալու տուն, փոխարենը՝ ես գրկում և հանգստացնում եմ իրեն: Ես նրան խնամում եմ և խաղում նրա հետ: Հնարավոր չէ, որ նա չզգա իմ սերը: Եթե ես իմ ընտանիքին երջանիկ չտեսնեմ, ես ինքս էլ երբեք երջանիկ չեմ լինի», - պատմում էր Իդրոն:

 «Կյանքի վաղ տարիները որոշիչ, կյանքում մեկ անգամ տրվող հնարավորություն են երեխայի ուղեղի զարգացման համար և հենց երեխաների ծնողներին է պատկանում այդ հարցում ամենամեծ մասնաբաժինը», - նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Վաղ մանկության զարգացման բաժնի ղեկավար Փիա Բրիտտոն (Pia Britto):

 «Որքան ավելի շատ են հայրիկները, մայրիկները և ընտանիքի այլ անդամներն իրենց երեխաներին նվիրում սեր, ջերմություն, ինչպես նաև նրանց նվիրում առողջ և անվտանգ կյանք, այնքան ավելի շատ է հավանականությունը, որ այդ երեխաները կլիեն առողջ, երջանիկ և կունենան սովորելու ունակություն: Պատերազմական գոտիներում կամ ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների ստացած ծնողական խնամքը նրանց նույնիսկ կընձեռնի ամբողջապես զարգանալու առավել մեծ հնարավորություն», - ասաց Բրիտտոն:

 Ծնողական խնամքը երեխայի զարգացման վաղ տարիքում և հատկապես առաջին 1000 օրվա ընթացքում արթնացնում է երեխայի ուղեղի նյարդային բջիջները՝ նրանց ապագա հաջողությունների համար ուղի հարթելով: Հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ երեխաները դրական հարաբերությունների մեջ են լինում իրենց հայրերի հետ, նրանք հոգեպես լինում են ավելի առողջ, ձեռք են բերում երկարաժամկետ ինքնավստահություն և կյանքի հանդեպ բավարարվածություն:

 «Մենք պետք է շտկենք զբաղվածության և այլ հասարակական խոչընդոտները, որոնք հայրիկներին և մայրիկներին զրկում են երեխաների հետ անցկացրած անփոխարինելի ժամանակից», - նշեց Բրիտտոն: «Չափազանց կարևոր է, որ մասնավոր սեկտորը և կառավարությունն աշխատեն իրենց համայնքերի հետ՝ ծնողներին և այլ խնամակալներին բավարար ժամանակ, ռեսուրսներ և տեղեկատվություն ընձեռելով՝ իրենց երեխաներին կյանքի լավ սկիզբ ապահովելու համար»:

«Սուպեր հայրիկ» նախաձեռնությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի #EarlyMomentsMatter հանրային արշավի մաս է կազմում, որի նպատակն է տեղեկացնել, թե ինչպես է այն միջավայրը, որում երեխան մեծանում է և նրա վաղ տարիների փորձառությունը ներազդում երեխայի վրա՝ հետագայում ձևավորելով նրա առողջությունը, բարեկեցության ընդունակություններն ու նույնիսկ հասուն տարիքում վաստակելու հնարավորությունները:

 «Սուպեր հայրիկ» նախաձեռնության մաս կազմող բոլոր նկարները և տեսանյութերը կտեղակայվեն #EarlyMomentsMatter տեսադարանում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կընտրի առավել ջերմ, զվարճալի և պատկերավոր լուսանկարներն ու տեսանյութերը և դրանք կհրապարակի կազմակերպության թվային հարթակներում:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  www.unicef.org

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում