Ծնողավարումն արհեստական բանականության դարաշրջանում

Ի՞նչ մոտեցում որդեգրել ԱԲ-ի նկատմամբ

ՅՈՒՆԻՍԵՖ
Երեխաները աշխատում են համակարգչի դիմաց:
UNICEF Armenia/2023/Biayna Mahari
06 Փետրվար 2026

Սկսած առցանց զրուցարաններից՝ մինչև ձայնային օգնականները և կրթական ծրագրային հավելվածները, արհեստական բանականությունը (ԱԲ) աստիճանաբար բազմաթիվ ընտանիքների առօրյայի անբաժան մասն է դառնում։ Այս սրընթաց զարգացող տեխնոլոգիան երեխաներին սովորելու և աշխարհի հետ հաղորդակցվելու բազմապիսի հետաքրքիր հնարավորություններ է առաջարկում, բայց, միաժամանակ, իր հետ բազմապիսի լուրջ վտանգներ է բերում։

ԱԲ-ին առնչվող հարցերում ծնողներին օգնելու նպատակով զրուցել ենք Հարվարդի համալսարանի՝ «ԱԲ-ն կրթության և ուսումնառության ոլորտներում» առարկայի դասախոս Յինգ Շուի հետ։

Ո՞ր տարիքից սկսած պետք է ծնողներն իրենց երեխաների հետ խոսեն ԱԲ-ի մասին

Յինգ Շու.Ծնողները կարող են երեխաների հետ խոսել ԱԲ-ի մասին՝ սկսած վաղ տարիքից, քանի որ շատ երեխաներ իրենց առօրյա կյանքում արդեն իսկ առնչվում են ԱԲ-ի հետ։ Անգամ եթե երեխան ԱԲ գործիքներից ինքնուրույն չի օգտվում, նա դրա մասին լսում է տանը, դպրոցում կամ հանդիպում է սոցիալական մեդիայում։ Եթե երեխան ԱԲ-ին առնչվող հարց է տալիս կամ ինչ-որ բան է նկատել, դա նրան բնական և տարիքին համապատասխան նախնական տեղեկություններ տալու ամենապատեհ առիթն է։

Մենք երկու կրկնվող օրինաչափություն ենք նկատել. հաճախ երեխաներին հետաքրքրում է, թե ինչպես են իրերն աշխատում, այդ թվում ԱԲ-ն, և այդ նախնական հետաքրքրությունը շատ ավելի է հեշտացնում զրույցը։ Նույնիսկ նախադպրոցական տարիքի երեխաներն են կարող պարզ գաղափարներ յուրացնել այն մասին, թե ինչ է ԱԲ-ն, ինչ է կարող և չի կարող անել։ Այս հիմնական տեղեկությունները նրանց կօգնեն առօրյա միջավայրում ԱԲ գործիքներին առնչվելիս իրենց ավելի ինքնավստահ զգալ։

Ինչպե՞ս կարող են ծնողներն ԱԲ-ն իրենց մանկահասակ երեխաների տարիքին համապատասխան ձևով բացատրել

Յինգ Շու. Փոքր երեխաները հաճախ ԱԲ-ն ավելի լավ են ըմբռնում, երբ այն կարողանում են կապել իրենց ծանոթ, առօրյա օրինակներին։ Որոշ ընտանիքներ արդեն իսկ օգտվում են ԱԲ-ով աշխատող գործիքներից, ինչպիսիք են ռոբոտ փոշեկուլը, «խելացի» միկրոֆոնը կամ պարզ ռոբոտ խաղալիքները։ Եթե դրանք առկա են տանը, ապա զրույցը կարելի է սկսել հենց այդ օրինակներից։ Դուք կարող եք բացատրել, որ այդ գործիքները հետևում են հրահանգներին, հասկանում օրինաչափությունները կամ ձեր ձայնին են արձագանքում, սակայն ոչ մի դեպքում մարդկանց պես «չեն մտածում» կամ «չեն զգում»։

Նրանց հետ ԱԲ-ն քննարկելը կօգնի նաև ավելի կոնկրետացնել այս գաղափարները։ Օրինակ՝ եթե երեխան հարց ունի, դուք կարող եք նրա հետ միասին հարցը գրել զրուցարանում (չաթբոտ) և կարդալ պատասխանը։ Ապա սկսեք զրուցել այն մասին, թե ինչ արեց այդ գործիքը. պատասխանի ո՞ր մասն էր առավել օգտակար, ո՞ր մասն էր շփոթեցնող կամ ոչ այնքան ճիշտ, ինչպե՞ս է գործիքն այդ պատասխանը մշակել և այլն։

Կենցաղային պարզ օրինակների, համատեղ քննարկումների միջոցով երեխաներին օգնում ենք պատկերացում կազմել այն մասին, թե ինչ կարող է և չի կարող անել ԱԲ-ն։ ։

Ինչպե՞ս կարող է ԱԲ-ն նպաստել երեխաների ու դեռահասների ուսումնառությանը

Յինգ Շու.ԱԲ-ն կարող է մի շարք եղանակներով նպաստել երեխաների ուսումնառության գործընթացին։ Բազմաթիվ գործիքներ ավելի հստակ են բացատրում գաղափարները, պատասխանում դժվար հարցերին և անհատականացված առաջադրանքներ տրամադրում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբ ԱԲ համակարգերը նախագծված են որոշակի հմտություններ կամ գիտելիք հաղորդելու նպատակով, երեխաներն այս գործիքներից բավականաչափ նույնքան արդյունավետորեն են սովորում, որքան ուսուցիչներից։ Բազմազբաղ ընտանիքներին ԱԲ-ն արագ, մատչելի օգնություն է առաջարկում հատկապես այն դեպքերում, երբ տվյալ պահին մեծահասակը հասանելի չէ։

Սրան զուգահեռ կան նաև շատ կարևոր մտահոգություններ։ Հետազոտությունների համաձայն՝ որոշ երեխաներ սկսում են իրենց տնային աշխատանքները ԱԲ-ին հանձնարարել։ Թեև երբեմն սա օգնում է, բայց կրթության մասնագետներից շատերն անհանգստանում են, որ չափից շատ օգնությունը կարող է թույլ չտալ, որ երեխաները փորձեն ու անձամբ ջանք գործադրեն, ինչը երկարաժամկետ առումովուսումնառության համար շատ կարևոր է։

Հաճախ սովորողներն իրենք են գիտակցում այս վտանգը։ Ուսումնասիրությունները վկայում են, որ սովորողներից ոմանք զգում են, որ ԱԲ-ն կարող է բացասաբար անդրադառնալ խնդիրների ինքնուրույն լուծելու իրենց կարողությունների վրա։

Է՛լ ավելի մեծ մտահոգություն է սովորության ձևավորումը, երբ երեխաները սովորում են պատասխաններ ստանալու համար արհեստական բանականության օգնությանը դիմել։ Այդ կախվածությունից ազատվելը/թոթափելը կարող է անասելի դժվար դառնալ։

Ինչպե՞ս ծնողները սովորեցնեն երեխաներին իրենց տվյալների գաղտնիությունը պահպանել, երբ ԱԲ-ից են օգտվում

Յինգ Շու. Տարբեր ԱԲ գործիքներ տարբեր տեսակի տեղեկություններ են հավաքում։ Կան համակարգեր, որոնք հաշիվ ստեղծելու համար որոշակի նախնական տվյալներ են պահանջում, օրինակ՝ երեխայի տարիքը, ծնողի կոնտակտային տվյալները, իսկ վճարովի հավելվածների դեպքում՝ ֆինանսական տվյալներ։ Շատ ընտանիքներ մտահոգված են, որ այդ գործիքներից ամեն օր օգտվելիս երեխան կարող է անձնական տվյալներ տրամադրել, այդ թվում իր անունը, դպրոցը, տան անցուդարձը, ընկերների, զգացմունքների մասին տեղեկություններ։

Միշտ չէ, որ երեխան լիովին գիտակցում է, թե որոնք են «զգայուն տվյալները»։ Որոշ օրինակներ, ինչպիսին է տան հասցեն կամ հեռախոսահամարը, ավելի հեշտ է հասկանալ։ Մնացածը կախված է համատեքստից։ Օրինակ՝ երբ երեխան կամ դեռահասը ԱԲ-ին հարցեր է տալիս իր զգացմունքների, ընկերների կամ առողջության վերաբերյալ, հաճախ խիստ անձնական բնույթի տեղեկություններ է հաղորդում՝ առանց գիտակցելու, որ դրանք շատ զգայուն հարցեր են։

Երեխաների տվյալների գաղտնիությանը նպաստելը ներառում է թե՛ գործնական քայլեր և թե՛ կանոնավոր զրույցներ։ Ծնողները տվյալների գաղտնիության կարգավորումները կարող են երեխաների հետ ուսումնասիրել, ստուգել, թե որ հարթակներն ինչ տվյալներ են հավաքում, ինչպես նաև երեխաներին խրախուսել, որ իրենց կամ ուրիշների մասին տվյալներ լրացնելուց առաջ մի պահ կանգ առնեն։ Երբ երեխաների հետ պարբերաբար խոսում եք այն մասին, թե որ տվյալներն են անվտանգ՝ տրամադրելու տեսանկյունից և որոնք են նախընտրելի գաղտնի պահվել, այդպիսով երեխաների մոտ ժամանակի ընթացքում ճիշտ սովորություններ են ձևավորվում։

Իհարկե չի կարելի ողջ պատասխանատվությունը միայն ընտանիքների վրա թողնել։ Տեխնոլոգիական ընկերությունները և քաղաքականություն մշակողները նույնպես պետք է ավելի անվտանգ կարգավորումներ նախագծեն։ Դա ներառում է տվյալների պահպանման տևւողությանը՝ նվազեցնելով ոչ անհրաժեշտ տվյալների հավաքումը* և հստակ նշելով, թե ինչպես են այդ տեղեկություններն օգտագործվում։ Դեռահասները դեռ նոր են սովորում վտանգները տարբերակել, ուստի պրոդուկտները պետք է նախագծվեն՝ հաշվի առնելով նրանց կարիքներն ու խոցելիությունները ևս։ Տվյալների գաղտնիության արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է, որ թե՛ ընտանիքները լինեն տեղեկացված, թե՛ համակարգերը լինեն պատասխանատու։ 
*ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջարկում է, որ որոշում կայացնողները և ծրագրեր նախագծողները պահպանեն նպատակային և նվազագույն տվյալների հավաքման ու մշակման սկզբունքները՝ ի պաշտպանություն երեխայի գաղտնիության իրավունքի։ Իմանալ ավելին. ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուղեցույցը ԱԲ-ի եւ երեխաների վերաբերյալ (առայժմ հասանելի է միայն անգլերեն լեզվով)

Ինչպե՞ս կարող են ծնողները երեխաներին օգնել ԱԲ-գրագետ դառնալ։

Յինգ Շու. Մեծահասակներից շատերը չգիտեն՝ ինչպես ուղղորդել իրենց երեխաներին այն պայմաններում, երբ ԱԲ-ն այսքան արագ է զարգանում։ Լավ կլինի մի կողմ թողնել այն համոզմունքը, որ ծնողներն ամեն ինչի գիտակ են։ Ներկայում թե՛ մեծահասակները, թե՛ երեխաները համաչափ են բախվել արհեստական բանականության հետ, ուստի անկեղծությունը, հետաքրքրությունը և անորոշությունները միասին ուսումնասիրելու պատրաստակամությունը լավ մեկնակետ կդառնան։

Կան այլ ռեսուրսներ, որտեղ կարող եք ավելին կարդալ, , հարցեր ուղել, օրինակ՝ ԿիբեռՉատ հարթակը՝ Հայաստանի առաջին առցանց աջակցման և տեղեկատվական համակարգը:

Թվարկեք երեխաների համար ԱԲ-ի ներկայացրած վտանգներից մի քանիսը

Յինգ Շու. Երբ մարդիկ խոսում են երեխաների համար արհեստական բանականության վտանգների մասին, սովորաբար կենտրոնանում են բուն տեխնոլոգիայի, օրինակ՝ տվյալների գաղտնիության, անպարկեշտ բովանդակության կամ մանիպուլացնող կառուցվածքի վրա։ Սրանք կարևոր մտահոգություններ են։ Որոշ ԱԲ գործիքներ հավաքում են երեխաների անձնական տվյալները, նրանց մոլորեցնող կամ վնասակար տեղեկություններ տալիս կամ հորդորում տարածել դրանք իրենց տարիքին և զարգացմանն անհարիր եղանակներով։ Կան այլ գործիքներ, որոնք նախագծված են այնպես, որ անընդհատ զբաղեցնեն երեխաներին, ընդ որում այնպիսի մեթոդներով, որոնց առանցքում շահույթ ստանալն է, այլ ոչ թե երեխայի բարեկեցությունը։

Այսուհանդերձ, ԱԲ-ի հնարավոր վտանգները միայն այդ պրոդուկտների նախագծման հետ չեն կապված։ Դրանք նաև այն մասին են, թե ինչպես են երեխաները մեծանում, սովորում և հարաբերություններ ստեղծում։

Արհեստական բանականության հետ շփումները որոշ իրավիճակներում կարող են օգտակար թվալ։ Օրինակ՝ երբ երեխան նոր դպրոց պետք է հաճախի, ԱԲ-ն երեխային կարող է վստահություն ներշնչել կամ հանգամանալից բացատրել տնային աշխատանքները։ Այս փորձառություններն այդ պահին կարևոր նշանակություն են ունենում։

Սակայն կան շատ ավելի երկարաժամկետ մտահոգություններ, որոնք պետք է հաշվի առնել։ Դրանցից մեկն այն է, որ երեխաները կարող են սկսել ավելի շատ վստահել ԱԲ-ին, այլ ոչ թե մարդկանց դիմել։ Դեռահասների շրջանում կատարած մեր հարցման ժամանակ ոմանք նշում էին, որ իրենց համար ԱԲ-ի հետ խոսելն ավելի հեշտ է, քան հասակակիցների կամ մեծերի հետ։ Թեև մենք չգիտենք, թե արդյո՞ք ԱԲ-ն փոխարինում է ուրիշների հետ անցկացրած ժամանակին, բայց այս նախընտրությանը պետք է անպայման ուշադրություն դարձնել։

Մյուս մտահոգությունը վերաբերում է հարաբերություններից ունեցած ակնկալիքներին։ Իրական հարաբերությունները ենթադրում են տարաձայնություններ, փոխզիջումներ և կոնֆլիկտի հարթման շուրջ տարվող աշխատանք։ Բազմաթիվ ԱԲ համակարգեր մշակված են այնպես, որ մշտապես լինեն բարյացակամ և խրախուսող։ Եթե երեխաներն այսպիսի համակարգերի հետ շատ ժամանակ են անցկացնում, նրանց մոտ ընկերության կամ հարաբերությունների մասին անիրատեսական պատկերացումներ են ձևավորվում։

Եվ վերջապես, մեծանալ՝ նշանակում է նաև սովորել սոցիալական մարտահրավերները հաղթահարել։ Եթե ԱԲ-ի հետ շփումը փոխարինում է իրական փորձառություններին, ապա երեխաները զրկվում են այնպիսի կարևոր հմտությունների կիրառման հնարավորությունից, ինչպիսիք են հաղորդակցությունը, ապրումակցումը և կոնֆլիկտների կարգավորումը։

> Իմանալ ավելին. Ամենաընկերասեր բոտերի վտանգավոր նոր աշխարհը. ԱԲ ուղեկիցներ եւ երեխաներ (առայժմ հասանելի է միայն անգլերեն լեզվով)

Նախազգուշական նշաններ, որ փաստում են երեխայի՝ ԱԲ-ի հետ ունեցած անառողջ հաղորդակցության մասին

Յինգ Շու. Նախազգուշական նշաններից են.

  • Անհարկի երկարատև կիրառում. ԱԲ-ի հետ զրույցների չափազանց երկար տևողությունը կամ անջատելու պահանջի դեպքում առաջացած վրդովմունքը
  • Վարքագծի փոփոխություն. երեխան գաղտնապահ է դարձել, ավելի անհանգիստ, և հուզական աջակցություն ստանալու համար ԱԲ-ին է դիմում՝ փոխանակ մարդկանց վստահի
  • Փոխարինում. ԱԲ-ն սկսում է կրճատել քնի, դպրոցական աշխատանքների, ընկերներին կամ սիրած զբաղմունքին հատկացված ժամանակը

Այս օրինաչափությունները նկատելու դեպքում ծնողները կարող են սկսել մեղմորեն բաց հարցեր տալ, և որ կարևորն է, չքննադատել։ Որպես հանգիստ խոսակցության սկիզբ՝ երեխային կարող եք հարցնել, թե ինչն է նրան դուր գալիս գործիքի մեջ և ինչն է անօգուտ թվում։ Ընտանիքը կարող է համաձայնության գալ հստակ սահմաններ գծելու և պարբերաբար ստուգումներ կատարելու շուրջ՝ արհեստական բանականության կիրառումը հավասարակշռված պահելու համար։

Ինչպիսի՞ մոտեցում պետք է ծնողները ցուցաբերեն ԱԲ-ի և դպրոցի թեմային

Յինգ Շու.Խոսակցությունն ավելի լավ է ընթանում, երբ անկեղծ է սկսվում, այլ ոչ թե կանոններից։ Եթե առաջին բանը, որ ասում եք երեխային, դա «ԱԲ-ի օգնությամբ խաբեության մի դիմիր»-ն է, ապա նա այլևս չի խոսի։ Ծնողները կարող են սկսել ԱԲ-ի կիրառման մասին հարցեր տալուց. ինչն է սովորելու առումով օգտակար թվում, որտեղ են խնդիրներ տեսնում և ինչպիսի հիասթափություններ են ունենում։ Այսպիսի հարցերն ավելի ազնիվ խոսակցության են մղում։

Հարկ է նաև հիշել, որ ԱԲ-ի մասին խոսելն իրականում ավելի մեծ խնդիրներ քննարկելու հնարավորություն է։ Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երբ երեխաները չարաշահում են արհեստական բանականությունը դպրոցական աշխատանքների համար, դա հաճախ արտացոլում է այդ աշխատանքներին նրանց ներգրավվածության բացակայությունը կամ ունեցած դժվարությունները, այլ ոչ թե պարզապես գործիքի հասանելիությունը։

Իսկ երբ ընկերակցության համար չաթբոտին են դիմում, ապա դա խոսում է նրանց սոցիալական կյանքի մասին։ Այլ կերպ ասած, ԱԲ-ի հետ կապված մտահոգությունները ձեր երեխայի սովորելու և  բարեկեցության վերաբերյալ ավելի հանգամանալից խոսակցության են տանում։

Ձեր երեխայի հետ խոսելուց զատ՝ նրանց դպրոցի հետ զրույցները նույնպես լրացուցիչ տեղեկություններ կհաղորդեն։ Կարևոր է իմանալ դպրոցի մոտեցումը ԱԲ-ին, օրինակ՝ ինչպես են նրանք ապահովում, որ ԱԲ-ն նպաստի աշակերտի ուսումնառությանը,  և թե կրթական ինչ մեթոդոլոգիա են որդեգրել։ Շատ կարևոր է նաև իմանալ ուսումնառության վերաբերյալ դպրոցի ընդհանուր փիլիսոփայությունը և թե ինչպես են նրանք, ընդհանուր առմամբ, աջակցում և մոտիվացնում սովորողներին։

ԱԲ-ն կարող է դառնալ ոսպնյակ, որի օգնությամբ կհասկանանք, թե ինչ է պետք երեխաներին և ինչն է նրանց համար կարևոր։ Ուստի սկսեք ԱԲ-ից, բայց դրանով մի՛ սահմանափակվեք։

Ի՞նչ կցանկանայիք, որ յուրաքանչյուր ծնող իմանար ԱԲ-ի մասին

Յինգ Շու.Կցանկանայի, որ ծնողները հասկանային, որ ԱԲ-ն կարևոր է, բայց պատմությունը դրանով չի ավարտվում։ Երեխաներն աստիճանաբար ավելի շատ են առնչվում ԱԲ-ին՝ լինի խաղերում, սովորելու թե սոցիալական կյանքում, ու թեպետ որոշ գործիքներ իսկապես օգտակար են, բայց կան նաև խորապես մտահոգիչ գործիքներ։

Միևնույն ժամանակ, ԱԲ-ն ընդամենը մեկ բաղադրիչ է նրանց զարգացման շատ ավելի լայն համայնապատկերում։ Երեխայի հարաբերությունները, առօրյան, հետաքրքրությունները և աջակցության համակարգը շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան մեկ առանձին տեխնոլոգիան։ ԱԲ-ն դառնում է օգտակար կամ վնասակար՝ ելնելով նրանից, թե ինչպես է այն տեղավորվում այդ ավելի ընդարձակ էկոհամակարգում։

Առանցքային ուղերձը, որը, հուսով եմ, ծնողները կհասկանան, հետևյալն է. ուշադրության կենտրոնում պահեք ԱԲ-ն, բայց այն դիտարկեք ընդհանուր համատեքստում։ Վերջին հաշվով, կարևորը ոչ թե տեխնոլոգիան է, այլ միջավայրը, որում մեծանում, սովորում և զարգանում  է երեխան։ Եվ ծնողներն ու ծնողավարումն այդ միջավայրի առանցքային մասն են։


Յինգ Շուն Հարվարդի համալսարանի դասախոս է, որը դասավանդում է «ԱԲ-ի դերը ուսումնառության եւ կրթության մեջ»«ԱԲ-ն կրթության և ուսումնառության ոլորտներում» առարկան։ Նա ղեկավարում է Հարվարդի երեխայակենտրոն ԱԲ լաբորատորիան, որտեղ իրականացվում են հետազոտություններ՝ նպատակ ունենալով ապահովել, որ ԱԲ-ը նպաստի երեխաների ուսումնառությանը, զարգացմանն ու բարեկեցությանը։

 


Այս բլոգը մշակվել է CyberHUB-AM-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ` Իզմիրլյան հիմնադրամի աջակցությամբ։ Այստեղ արտահայտված կարծիքները պատկանում են ԿիբեռՉատի հեղինակներին և կարող են չհամընկնել ծրագիրն իրականացնող կազմակերպությունների քաղաքականության կամ պաշտոնական դիրքորոշման հետ: