Բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն Հայաստանում երեխաների առցանց անվտանգության թեմայով՝ ներկայացնելով ազգային մակարդակում նոր տվյալներ

02 Մարտ 2026
Բացման խոսքեր պաշտոնյաների կողմից
UNICEF Armenia/2026/Beryozkin

ԵՐԵՎԱՆ, մարտի 2, 2026 թ. – Այսօր Երևանում կայացել է «Փաստարկներից գործողություն․ քաղաքականության երկխոսություն Հայաստանում երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ» խորագրով բարձր մակարդակի քննարկում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բարձրաստիճան պաշոնյաններ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցներ, փորձագետներ և քաղաքացիական հասարակության գործընկերներ՝ քննարկելու Հայաստանում երեխաների առջև ծառացած առցանց ռիսկերի վերաբերյալ վերջին հետազոտության արդյունքները և ուրվագծելու առաջնահերթ քաղաքական քայլերը՝ երեխաների առցանց անվտանգության ապահովման ազգային համակարգերի ամրապնդման ուղղությամբ։

Երկխոսությունը հիմնվում է առցանց անվտանգության բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացի վրա: Դրանց թվում են տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող սեռական ոտնձգության և բռնության վերաբերյալ առաջին ազգային հետազոտությունը, ինչպես նաև երեխաների առցանց անվտանգության ամրապնդման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ձևավորված նոր գործընկերությունը, որը կյանքի է կոչվել Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ։

Քաղաքականության երկխոսության ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրեց երկու խոշոր հետազոտությունների արդյունքները․

•    Disrupting Harm in Armenia (2025) [Վերջ տալ վնասին] ազգային հետազոտական նախագիծը, որն իրականացվել է Safe Online-ի ֆինանսավորմամբ ԷԿՊԱԹ Ինթերնեշնլ-ի (ECPAT International), ԻՆՏԵՐՊՈԼ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ինոչենտի հետազոտությունների կենտրոնի կողմից: Ուսումնասիրությունը վերլուծում է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող երեխաների սեռական ոտնձգության և սեռական բռնության ծավալը, բնույթն ու պատճառները՝ տրամադրելով թիրախային քաղաքականության առաջարկություններ: Արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում համացանցից օգտվող 12-ից 17 տարեկան յուրաքանչյուր 20 երեխայից 1-ը մեկ տարվա ընթացքում ենթարկվել է տեխնոլոգիաների կիրառմամբ սեռական ոտնձգության և բռնության: Դեպքերի 71%-ը տեղի է ունեցել ամբողջությամբ առցանց՝ սոցիալական մեդիայի և հաղորդագրությունների փոխանակման հարթակների միջոցով։ Տուժածների կեսից ավելին որևէ մեկին չի հայտնել տեղի ունեցած մասին։

•    Kids Online: Risks and Opportunities (Երեխաներն՝ առցանց. ռիսկեր և հնարավորություններ). Միացյալ Թագավորության կառավորության ֆինանսավորմաբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի պատվերով իրականացված որակական հետազոտություն, որը ներկայացնում է երեխաների անմիջական փորձառությունները՝ ընդգծելով ինչպես առցանց ռիսկերը, այնպես էլ թվային միջավայրի ընձեռած հնարավորությունները՝ ուսուցման, ստեղծարարության և սոցիալական մասնակցության համար։

«Այսօրվա երեխաներն ու դեռահասները մեծանում են թվային տեխնոլոգիաների միջավայրում, որը նրանց կյանքի անբաժան մասն է: Դա այն տարածքն է, որտեղ նրանք ստանում են տեղեկատվություն, ստեղծում ու պահպանում ընկերական կապեր և արտահայտում իրենց ստեղծագործ միտքը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանք բավական լայն և հաճախ առանց բավարար վերահսկողության հասանելիություն ունեն սոցիալական մեդիային։ Թեև զգալի աշխատանք է կատարվել, դեռևս մեծ աշխատանք կա անելու՝ ապահովելու, որ երեխաները լինեն անվտանգ առցանց միջավայրում։ Այս նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է աջակցել օրենսդրության, քաղաքականությունների, չափորոշիչների և կարողությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին՝ համադրելով երեխայի իրավունքների տեսանկյունը մասնագիտացված տեխնիկական փորձագիտության և միջազգային լավագույն փորձի հետ», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին:

Բացման խոսքով հանդես են եկել նաև ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսյա Սվաջյանը։ Փոխնախարարները վերահաստատել են Հայաստանի հանձնառությունն ամրապնդելու թվային միջավայրում երեխաների պաշտպանության ազգային օրենսդրական շրջանակները:

Մասնավորապես, ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Գևորգ Մանթաշյանը շեշտել է, որ նախարարությունը մեծապես կարևորում է երեխաների թվային պաշտպանվածությունն ու անվտանգությունը վիրտուալ տիրույթում։ Նա հավելել է, որ արդի թվային միջավայրն էապես փոխում է տեղեկատվության ընկալման ձևը, արձագանքման արագությունը և երեխաների վարքագծային առանձնահատկությունները։ Այս համատեքստում պետության դերը ոչ միայն տեխնոլոգիական հասանելիության ապահովումն է, այլև դրանց անվտանգ կիրառման գործելակերպի ձևավորումը։ Գևորգ Մանթաշյանն ընդգծել է, որ միայն սահմանափակումներով հնարավոր չէ հասնել արդյունքի. անհրաժեշտ է համատեղել հետևողական աշխատանք ծնողների, մանկավարժների և մասնագետների հետ՝ երեխաների շրջանում գիտակցված թվային վարքագիծ ձևավորելու նպատակով։ Տեխնոլոգիաները պետք է ծառայեն որպես զարգացման ու կրթության գործիք, այլ ոչ թե դառնան ուշադրությունը շեղող դառը գործոն։


 Անդրադառնալով առցանց տիրույթում երեխաների անվտանգությանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը նշել է, որ խնդիրը գտնվում է ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում․ «Նոր տեխնոլոգիաների այս դարաշրջանում, երբ ամենուրեք տեսախցիկներ են, միևնույն է՝ երեխաների անվտանգության հարցը շարունակում է մնալ արդիական, և երեխաներին ուշադրության կենտրոնում պահելու խիստ պահանջ կա։ Ներկայացված հետազոտության տվյալները մտահոգիչ են, և մենք պետք կարողանանք ճիշտ մոտեցումներ գտնել ռիսկերի նվազեցման և երեխաների առցանց անվտանգության ապահովման առումով։ Աշխարհում կան տարբեր փորձեր՝ համացանցի կամ սոցիալական ցանցերի մուտքի սահմանափակումների առումով. երեխայի տարիքից, զարգացման առանձնահատկություններից, ինքնակառավարման հմտություններից ելնելով՝ կարող են լինել տարբեր լուծումներ, ինչպես նաև ծնողական վերահսկողության որոշակի աստիճաններ: Ծնողական վերահսկողությունը, բնականաբար, պետք է տարիքի հետ նվազի, բայց դրան զուգընթաց՝ պետք է վստահ լինենք, որ երեխայի մոտ ձևավորված են կարողություններ և գիտելիքներ՝ առցանց միջավայրում ապահով և անվտանգ գործունեության համար»:

Քաղաքականության վերլուծությանը նվիրված նիստի ընթացքում ընդգծվել է համակարգված բարեփոխումների, հաղորդման և արձագանքման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև կրթության, արդարադատության և տեխնոլոգիական ոլորտներում կարողությունների զարգացման կարևորությունը։ Միջոցառումն ավարտվել է առաջնահերթ բարեփոխումների, իրականացման մարտահրավերների և փաստերը գործնական քայլերի վերածելու համար անհրաժեշտ գործողությունների շուրջ քննարկմամբ։


Մասնակիցները համաձայնել են մի շարք քայլերի շուրջ, մասնավորապես՝
•    Ամրապնդել միջգերատեսչական համագործակցությունը երեխաների առցանց անվտանգության ոլորտում,
•    Ընդլայնել իրազեկման և թվային գրագիտության նախաձեռնությունները,
•    Բարելավել երեխաների պաշտպանության և հաղորդման ազգային համակարգերը:
•    Ինտեգրել վերջին հետազոտությունների արդյունքները ընթացիկ օրենսդրական և քաղաքական գործընթացներում։


 

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: [email protected]

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

Արդեն 33 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, կրթված և խնամված: Հիմնվելով 80-ամյա միջազգային փորձի և Հայաստանում ավելի քան երեք տասնամյակի ընթացքում գրանցված ձեռքբերումների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է բարելավելու ամենախոցելի երեխաների կյանքը:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել  www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookInstagram և X-ում: