Երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված նոր համագործակցություն. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
- Հայերեն
- English
Դեկտեմբերի 15-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ու թվային գրագիտության բարձրացմանը։
Հուշագրի շրջանակում երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ու թվային գրագիտության բարձրացմանն ուղղված ֆինանսավորման համաձայնագիր է ստորագրվել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի միջև։
Շնորհավորելով փոխըմբռնման հուշագրի ստորագրման առիթով՝ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ եռակողմ համագործակցության այս ձևաչափը ամիսներ շարունակ իրականացված համակարգված աշխատանքի տրամաբանական շարունակությունն է։ Նախարարը կարևորել է հուշագրի նշանակությունը՝ երեխաների առցանց անվտանգության ապահովման տեսանկյունից՝ ընդգծելով, որ տեխնոլոգիական արագ զարգացումները, բացի նոր հնարավորություններից, առաջ են բերում նաև լուրջ ռիսկեր։
«Պետության առաջնային պարտավորությունն է ոչ միայն արձագանքել տեխնոլոգիական զարգացումներին, այլև կանխատեսել դրանցից բխող կիբեռվտանգները։ Այդ համատեքստում Կառավարության առաջնահերթությունն է ձևավորել թվային անվտանգ միջավայր, որտեղ հանրության բոլոր շերտերը թե´ երեխաները, թե´ երիտասարդները և թե´ մեծահասակները պետք է լինեն պաշտպանված: Սա այն մարտահրավերներից է, որը հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ջանքերով՝ միավորելով պետական, կրթական և գործընկեր կառույցների ներուժը», – նշել է նախարարը։
Այս աշխատանքներում նախարար Հայրապետյանը կարևորել է պատշաճ կրթության անհրաժեշտությունը՝ կիբեռգրագիտության, մեդիագրագիտության, կիբեռհիգիենայի ապահովման ուղղությամբ։
Հուշագրի կարևորությունն ընդգծել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ կիբեռանվտանգությունը ժամանակակից աշխարհի ամենալուրջ մարտահրավերներից մեկն է, և միայն համատեղ գործակցությունը կարող է ապահովել առավել պաշտպանված միջավայր։ Նախարար Անդրեասյանի խոսքով՝ տեխնոլոգիաների հետ կապված ռիսկերը գնահատելուն զուգահեռ անհրաժեշտ է դրանք գրագետ և նպատակային կերպով ներառել կրթական համակարգում, քանի որ տեխնոլոգիական կրթությունն ու գրագիտությունը ժամանակակից մարդու համար անհրաժեշտություն են։ Նրա համոզմամբ՝ պետք է ոչ թե մերժողական վերաբերմունք ցուցաբերել, այլ կշռադատված որոշումներով տեխնոլոգիաները դարձնել գիտելիքի արդյունավետ ռեսուրս։
Համատեղ հուշագրի կարևորության մասին խոսել է նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը՝ նշելով, որ թվային տեխնոլոգիաները երեխաների և դեռահասների առօրյա կյանքի անբաժանելի մասն են, որոնք միաժամանակ ստեղծում են թե՛ նոր հնարավորություններ, թե՛ նոր ռիսկեր։ Նրա խոսքով՝ երեխաների առցանց անվտանգության ապահովումը պահանջում է բազմոլորտ և համակարգված համագործակցություն՝ ուղղված անվտանգ և պաշտպանված թվային միջավայրի ձևավորմանը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ թվային կրթության և հմտությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ ՝ մշակելու երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզ, որն այս ոլորտում կծառայի որպես կառավարության բարեփոխումների հիմնական ուղղությունները սահմանող շրջանակ։
2025-ից 2028 թվականների ընթացքում, Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարության և առանցքային գործընկերների հետ համատեղ աշխատելու է երեխաների առցանց անվտանգությանն առնչվող իրավական շրջանակների մշակման և ընդունման ուղղությամբ, հանրության իրազեկվածությունն առցանց ռիսկերի վերաբերյալ բարձրացնելու ուղղությամբ, ամրապնդելու է երեխաների, ծնողների և մասնագետների կարողությունները՝ թվային աշխարհում վստահ և անվտանգ կողմնորոշվելու համար, ինչպես նաև խթանելու է թեժ գծի և աջակցման ծառայությունների ստեղծումը, որպեսզի երեխաները, դեռահասները և նրանց ծնողները կարողանան բարձրաձայնել խնդիրների մասին և ստանալ մասնագիտական խորհրդատվություն։
Հատկանշական է, որ անչափահասների առցանց անվտանգության և պաշտպանության ապահովման աշխատանքների համակարգման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի՝ 2025 թվականի ապրիլի 25-ի թիվ 865-Ա հրամանով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է։ Խմբի կազմում ընդգրկված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություան, ՀՀ առողջապահության նախարարություան, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությոան, ինչպես նաև ՀՀ ներքին գործերի նախարարություան նախարարների տեղակալները և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։
Մամուլի հարցերով պատասխանատու
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Instagram և X-ում: