Հագուստի վաուչերներով մի փոքր ջերմություն և հոգատարություն փախստական երեխաների համար
ՅՈՒՆԻՍԵՖ-ը 0 – 9 տարեկան բոլոր, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող բոլոր փախստական երեխաներին տրամադրում է հագուստի վաուչերներ:
- Հայերեն
- English
36-ամյա Լուսինե Գրիգորյանի ընտանիքը ամուսնու, հինգ անչափահաս երեխաների ու տատիկի հետ փախել են իրենց հայրենի համայնքից 2023 թվականի ռազմական գործողությունների սրման հետևանքով: Նրանք ժամանել են Հայաստան՝ գրեթե առանց ոչինչի: Երբ ձմեռը վրա հասավ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը փախստական ընտանիքներին սկսեց տրամադրել հագուստի վաուչերներ, որպեսզի նրանք կարողանան պատրաստվել ձմռանը: Վաուչերները հնարավորություն տվեցին շատ ընտանիքներին ինքնուրույն ընտրել հագուստ, կոշիկ, տաք ծածկոցներ և այն ամենը, ինչի կարիքը նրանք ունեն:
Լուսինեն իր երկու երեխաների՝ վեցամյա Գրիգորիի և յոթամյա Անուշի հետ այցելել է համապատասխան խանութ և տաք հագուստ ու կոշիկներ է ընտրել նրանց համար: Սա Հայաստան տեղափոխվելուց ի վեր ընտանիքի ստացած առաջին օգնությունն էր:
Երբ սեպտեմբերի 29-ին Լուսինեի ընտանիքը հասել է Հայաստան, Անուշը մորը հարցրել է՝ արդյո՞ք վերցրել է հայրիկի նվիրած ծածկոցը, պարզվել է, որ դրա համար տեղ չի գտնվել: Մայրը պատմում է, որ օրեր անց Անուշի պահարանի միջից գտել է ներկված անձեռոցիկներով մի մատնաչափ ինքնաշեն խաղալիք՝ մեջը փոքրիկ իր: «Ասաց՝ մամ, սա իմ ծածկոցն է, մեջն էլ ես եմ»:
«Տաք ծածկոցի կարիք շատ ունեինք, երեխաները բառիս բուն իմաստով մեկ ձեռք հագուստով են դուրս եկել, դրա համար ցանկացած օգնություն իրոք մեծ նշանակություն ունի մեզ համար: Երեկ բարեկամուհուս հետ էի խոսում, ինքն էլ է այս օգնությամբ գնացել ու երեխաների համար հագուստ ու կոշիկ էր գնել ու ո՜նց էր ուրախացել»:
ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի, ԱՄՆ կառավարության և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորման շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի հետ, Հայաստան ժամանած 0 – 9 տարեկան (ներառյալ), ինչպես նաև հաշմանդամություն ունեցող բոլոր փախստական երեխաներին Երևանում և բոլոր մարզերում տրամադրում է 25 հզ դրամ արժողությամբ մեկանգամյա հագուստի վաուչեր:
Վաուչերների հետ ընտանիքները նաև ստանում են իրազեկման նյութեր՝ պատվաստումների, ծնողավարման, կրծքով կերակրման կարևորության, առողջ սնուցման և այլնի վերաբերյալ, ինչպես նաև գործընկերոջ կողմից իրազեկվում են վաուչերի օգտագործման, խանութների ցանկի, բողոքարկման ու ռիսկային իրավիճակներում ահազանգման մեխանիզմների մասին:
«Մեզ համար կարևոր է, որ այս աջակցությունն ունիվերսալ է, այսինքն ընդգրկում է նշված տարիքի և խմբի բոլոր երեխաներին, ինչպես նաև լրացնում է պետական աջակցությանը: Այս բացը տեսանք ՄԱԿ-ի Դրամական աջակցության խմբի քննարկումների ժամանակ, որն առաջնորդվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱՓԳՀ ու ԱՍՀՆ կողմից:Խոսքը գնում է ավելի քան 17,000 երեխայի մասին: Սա արտակարգ իրավիճակներում սոցիալական աջակցություն տրամադրելու մեխանիզմների հերթական փորձարկումն է՝ վաուչերների տեսքով, հիմնվելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ 2021-2022թթ. փորձի վրա, որ առաջին անգամ է նման մասշտաբներ ստանում: Հերթական գնահատման արդյուքնում դուրս կբերենք բոլոր քաղված դասերը ու նախարարության հետ կփորձենք համակարգը էլ ավելի կայացնել: Շահառուների կարծիքը շատ կարևոր է մեզ համար, դրա համար մշակել ենք նաև բազմաշերտ կարծիքների տրամադրման, մշտադիտարկման ու բողոքարկման համակարգ», -
Վաուչերի՝ կտրոնի միջոցով գնում կատարելը, ըստ Լուսինեի, լավ միտք է, քանի որ «ընտրում ես քեզ ամենաանհրաժեշտ իրերը, այն ինչ քեզ կամ երեխաներին է դուր գալիս»:
Շրջափակման ամիսներին երեխաները հասցրել էին մաշել իրենց հագուստը, հատկապես բակ իջնելու հագուստները: Լուսինեն և ամուսինը հինգ զավակների համար հասցրել են միայն դպրոցական հագուստ գնել, որ կոկիկ ներկայանան դպրոց Սեպտեմբերին:
«Գրիգը՝ փոքր տղաս իր տան հողաթափերով էր եկել, որովհետև այնպիսի իրավիճակ էր, որ չես էլ մտածում ոչ մի բանի մասին: Անգամ լվացքը, որ երեխաների ամենալավ հագուստներն էր, այդպես պարանին փռած թողել, դուրս եմ եկել. աչքիս ոչինչ չէր երևում»:
Խանութում Անուշը հագուստներին ուշադրություն չի դարձնում, փոխարենը կանգնել է փափուկ խաղալիքների առջև, գրկել նապաստակին ու բաց չի թողնում: Կամակորություն չի անում, ոտքը գետնին չի խփում, թե ուզում է խաղալիքը, պարզապես մոլորված կանգնել է:
«Անուշի՜կն է, իմ Անուշի՜կը», - կլոր ու մեծացած աչքերով ասում է երեխան ու ավելի շփոթեցնում: Մայրը՝ Լուսինեն, ասում է, որ Անուշիկը Անուշի նապաստակն էր, որ պահում էին իրենց երկհարկանի տան բակում Անուշը հեռախոսի միջից գտնում է իր ճագարի նկարը ու ցույց տալիս, իսկ այդ ընթացքում Լուսինեն հինգ երեխաներից ամենափոքրի հետ ընտրում է հագուստները, հետո անցնում Անուշին:
Տուն վերադառնալուն պես, երբ արդեն բոլորն իրենց շորերն էին փորձում, տեսանք, որ Անուշի հողաթափերից սկսած մինչև տաբատ, նապաստակներով էին:
«Անուշը շատ խորը երեխա է ու գիտեմ, որ տրավմաներ ունի, որոնք դեռ պիտի հաղթահարենք», - ասում է Լուսինեն ու հիշում, որ երբ վերջին անգամ իրենց տան բակում սեղան էին գցել, պարանին լվացք կար փռված, որը հետո աղջիկը նույնությամբ վերարտադրել էր գունավոր մատիտներով:
Լուսինեի առաջին ամուսինը զոհվել է տարիներ առաջ, ուստի որպես մայր նա փորձել է ամեն ինչ անել աջակցելոը նրանց և ապահովելու իր բոլոր երեխաների հոգեկան առողջությունն ու պատշաճ զարգացումը: Միևնույն ժամանակ հինգ երեխաների մայրը նաև հրուշակեղենի արտադրամաս ուներ: «Մեծ պարկերով ալյուր ու շաքարավազ ունեի գնած: Վերջին օրը ողջ թաղին հյուրասիրել եմ իմ պատրաստած թխվածքաբլիթները, ընթացքում էլ ում ինչպես կարողացել ենք, օգնել ենք, -ասում է Լուսինեն, որ մինչև վերջին պահը իրեն համոզում էր, որ եթե լույս ու ջուրը տան, այնտեղ ել կմնա»:
Երբ բենզալցակայանի պայթյունի ժամանակ զոհվեց նաև նրա որդու ընկերը, իսկ Գրիգորիից՝ ամուսնուց, լուր չուներ ժամեր շարունակ, նա հասկացավ, որ պետք է զիջել: «Աղջիկս ասաց՝ մամա, ինչ է, ուզում ես մե՞նք էլ մեռնենք: Դա ինձ սթափեցրեց, հասկացա, որ սա վերջն է: Փոքրիկ ճագարի՝Անուշիկի առաջ խոտ լցրեցինք, տեղը սիրունացրինք ու դուրս եկանք»…
«Այսօր, երբ երեխաների համար հագուստներ էինք գնում, մտածեցի, որ ես այնքան մարդու եմ օգնել, որ երևի այս օգնության միջոցով ստանում եմ դրա պատասխանը: Իրականում ես չեմ ուզում այստեղ ապրել, որովհետև Երևանի խցանումները տեսնելիս հիշում եմ Հայաստան հասնելու երեք օր տևած այդ ճանապարհը՝ լիքը անորոշ ճակատագրերով»:
Լուսինեն ուզում է հող ունենալ, որ նորից կարողանա հրուշակեղենի արտադրամաս բացել, տուն կառուցել, որ Գրիգը շենքի բակում շվարած չկանգնի, այլ հողի հետ խաղա ու վերագտնի իրեն սովոր ու ստիպված հետևում թողած մանկությունը:
Հայաստան գալու ճանապարհը և՛ ուզում է պահել մտքում թափանցիկ, որ հանկարծ ոչինչ չմոռանա, և՛ ուզում է չհիշել, որ նորից չանցնի ամենի միջով: Հայաստան տեղափոխվելուց հետո տուն են վարձել, որը բավականին փոքր է ութ հոգանոց ընտանիքի համար:
Տունը, որ լցվել էր գաթայի բույրով ու տխուր հիշողություններով, այնքան տաք էր ու սիրառատ, որ դրա փոքրությունն անհետանում էր միանգամից: Լուսինեի պարանոցին հայրենի դրոշով զարդ էր, որի հետևում գրված է. 29.09.2023՝ Հայաստան ոտք դնելու, նորից նորը սկսելու օրը:
Անուշիկն իր արդեն խաղալիք նապաստակին գրկից բաց չէր թողնում, աչքերում և՛ պայծառություն կար, և տխրություն. հավանաբար մտածում էր՝ տեսնես տունը լքելուց հետո ինչ-որ մեկը գրկե՞ց իր Անուշիկին, սիրե՞ց նրան այնքան շատ, ինչքան ինքը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հագուստի վաուչերներ է տրամադրում 17,000 երեխայի և աջակցության տարբեր ծառայություններով օգնում է երեխաներին և նրանց ընտանիքներին վերականգնվել և վերստեղծել իրենց կյանքը: