Խաղ, արվեստ և ուսուցում՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած երեխաների համար

ՅՈՒՆԻՍԵՖ-ը «Լիարժեք կյանք» ՀԿ հետ համատեղ կազմակերպել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած մի խումբ երեխաներ սովորեն պաշտպանվել արտակարգ իրավիճակներում, ֆիզիկապես ակտիվ լինեն և արվեստով զբաղվեն

Ժաննա Ուլիխանյան
Boy is looking to the big red car with excitement.
UNICEF Armenia/2020/Biayna Mahari
02 Փետրվար 2021

«Ես հրշեջ եմ դառնալու, որ մարդկանց փրկեմ»,-խոստովանեց 6-ամյա Դավիթը և մի քանի վայրկյան հետո ավելացրեց. «կամ էլ զինվոր, որ մարդկանց պաշտպանեմ»։

Դավիթի հետ ծանոթացանք Հրշեջ փրկարարական ծառայության կայաններից մեկում, որտեղ նա և Լեռնային Ղարաբաղից Հայաստանում ժամանակավորապես բնակություն հաստատած ավելի քան 30 երեխա ուշադիր լսում էին, թե իսկական հրշեջ ընկեր Կարինեն ինչ էր պատմում հրդեհների, և, որ ավելի կարևոր է, դրանք մարելու մասին։ Փոքրիկները հրճվանքով նայում էին մեծ կարմիր մեքենաներին, իսկ երբ իմացան, որ կարող են նաև նստել մեքենան կամ փորձել հրշեջի սաղավարտն ու հագուստը, ավելի պայծառացան։ Երբևէ տեսե՞լ եք փոքրիկի, որը չսիրի խաղալ մեծ մեքանայով, իսկ երբ մեքենան երեխայից տասնապատիկ մեծ է ու վառ կարմիր, հրճվանքը հաստատ կրկնապատկվում է։

Children are attentively listening to Karine, a local firefighter.
UNICEF Armenia/2020/Biayna Mahari

ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործընկերոջ՝ «Լիարժեք կյանք» ՀԿ-ի հետ համատեղ, մեկամսյա արտաուսումնական ծրագիր է իրականացնում Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած՝ Երևանում՝ 70, Տաշիրում՝ 50 և Ստեփանավանում՝ 20 երեխաների համար: Ծրագրի նպատակն է նաև նպաստել Հայաստանի համայքներում երեխաների ինտեգրմանը։ Իրականում, ամենակարևորն այն է, որ այս դասընթացները հակամարտությունից տուժած երեխաներին հնարավորություն են տալիս վերադառնալ «նորմալ» կյանքին և ձեռք բերել արտակարգ իրավիճակներից պաշտպանվելու նոր հմտություններ։

Ամենակարևորը արտակարգ իրավիճակներում պաշտպանվել իմանալն է։

Սա արտակարգ իրավիճակներից պաշտպանության արդեն 5-րդ դասն է, որ այս անգամ անց էր կացվում հրշեջ կայաններից մեկում։ 17-ամյա Աննան ասաց, որ հաճույքով է մասնակցում դասերին․ «Չնայած ես պատերազմ տեսել եմ՝ զգացի, թե որքան անպատրաստ եմ արտակարգ իրավիճակներին»։

Anna is playing with ball.
UNICEF Armenia/2020/Biayna Mahari

«Այս դասերին սովորեցի, թե ինչպես պետք է պաշտպանվել օդային տագնապի կամ երկրաշարժի ժամանակ, եթե դրսում ես, որտեղ է պետք պատսպարվել, հասկացա, թե որքան կարևոր է խուճապի չմատնվելը, որքան կարևոր է առանձին անհրաժեշտ իրերի պայուսակը նախօրոք հավաքելը, և ինչ պետք է մեջը դնել»։

Աննա

11-րդ դասարանի աշակերտ Աննան, որ ստիպված ընտանիքի հետ միասին լքել Լեռնային Ղարաբաղն ու հաստատվել Երևանում, նաև շատ ուրախ է, որ ընկերացել է ծրագրի մյուս մասնակիցների հետ։ Ամբողջ դասերին նա իր ընկերուհու՝ Երևանից Մարինայի հետ է։ Երբ ազատ րոպե է լինում, միասին ուրախ «քըչփըչում են»։

Ամենակարևորը ֆիզիկական պատրաստվածությունն է։

Հրշեջ կայանից հետո երեխաներն ուղևորվեցին դեպի մարզադալիճ։ Այստեղ նրանց սպասում էր խաղը։ Խաղը, որ պայքարում է նստակյաց ապրելակերպի հետ, ուրախացնում բոլորին, ստիպում մկաններին աշխատել, ներառված է օրվա գործողությունների ծրագրում` որպես 2-րդ բաղկացուցիչ, որպեսզի խրախուսի առողջ ապրելակերպն ու օգնի երեխաներին ազատվել սթրեսից։

Roman is playing with children.
UNICEF Armenia/2020/Biayna Mahari

Ռոմանը սպորտային խաղերի համակարգողն է։ «Ամենակարևորը ֆիզիկական պատրաստվածությունն է, քանի որ երեխաներին կտրում է էկրաններից, ավելացնում նրանց էներգիան, սովորեցնում թիմային աշխատանք անել ու պայքարելով՝ հասնել նպատակին՝ լինի դա հերթական գոլ խփելը, թե քո առջև դրված այլ նպատակին հասնելը»։  

«Այսօր դեռևս մեր 5-րդ դասն է, բայց արդեն անձամբ եմ զգում, թե որքան են բացվել և աշխուժացել երեխաները։ Նրանք ավելի շփվող են դարձել։ Իրականում, ես ինքս էլ շատ ուրախ եմ, որ շփվում եմ երեխաների հետ, զգում եմ, որ դրականը, լավը, երեխաների ժպիտը մեխանիկորեն փոխանցվում է նաև ինձ և ինձ ու նրանց դրական լիցքերով լցնում՝ խրախուսելով անընդհատ առաջ շարժվել»,-ավելացրեց Ռոմանը, որ անձամբ երկար տարիներ զբաղվել է սպորտով և իր մաշկի վրա է զգացել սպորտի դրական կողմերը։

Լեռնային Ղարաբաղից բասկետբոլիստ Վլադիմիրը կարծես հաստատեց այս խոսքերը և ավելացրեց, որ բոլոր դասերից ամենաշատը սպասում է հենց այս դասին։

Vladimir is playing football with other children from Yerevan and NK.
UNICEF Armenia/2020/Biayna Mahari

«Եթե ես սպորտով չզբաղվեմ, ես դասերս սովորելու էներգիա չեմ ունենա, առողջ չեմ լինի, օրս էլ շատ տխուր կանցնի»։

Վլադիմիր

Ամենակարևորը արվեստն է՝ այս դեպքում՝ արտթերապիան։

Օրվա երրորդ դասը՝ արտթերապիան է։ Արվեստի միջոցով երեխաները սովորում են արտահայտել իրենց հույզերը, զարգացնել մոտորիկան, ստեղծագործական միտքը, տեսնել ու ստեղծել գեղեցիկը։ Այսօր՝ 5-րդ դասին երեխաները կավագործության հետ են ծանոթանում․ կավից նուռ են պատրաստում։ Մինչ այսօր, արդեն, հասցրել են օճառ և մոմ պատրաստել, նկարել ու կոլլաժ հավաքել։ Առջևում դեռ արվեստի այլ գործեր են։

Girl is smiling to the camera while wrking with clay.
UNICEF Armenia/2020/Biayna Mahari

«Ինձ համար ամեն մի երեխա մի հեքիաթ է։ Ամեն անգամ ես կրկին զարմանում եմ, թե որքան անսպառ է երեխաների երևակայությունը․ նրանց շնորհիվ ես, հաճախ, բոլորովին այլ կերպ եմ տեսնում վաղուց արդեն հայտնի իրերն ու իրականությունը», - ասաց արվեստի դասերը համակարգող ընկեր Մարինան։ «Առաջին դասերին շատ ինքնամփոփ էին, միմյանց հետ գրեթե չէին խոսում, դասերին բավականին պասիվ էին աշխատում։ Սիրտս ջերմանում է, երբ տեսնում եմ՝ որքան են բացվել և փոխվել»։

Marina is working with a child.
UNICEF Armenia/2020/Biayna Mahari

Այսպես մեկ ամիս շարունակ 170 երեխա, շաբաթը երեք օր հանդիպում են, երեք ամենակարևոր դասերին են մասնակցում՝ արտակարգ իրավիճակներում պաշտպանություն, ֆիզկուլտուրա և արտթերապիա։ Միաժամանակ ընկերանում են, խաղում, հաղթում ու պարտվում, դրական էմոցիաներ ու էներգիա են ստանում և տալիս, սովորում են հարմարվել նոր իրականությանը՝ գեղեցիկն ու նորը ստեղծելու ուժ ու հմտություններ ձեռքբերելով։