Ինչպես են ամառային ճամբարները փոխում փախստական երեխաների կյանքը Հայաստանում
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ և Նորվեգիայի, Ֆրանսիայի կառավարություների և Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի աջակցությամբ 300 դեռահաս մասնակցել է ամառային ճամբարների:
- Հայերեն
- English
Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղ տանող ճանապարհին, աշխարհի եռուզեռից ու աղմուկից կտրված մի անկյունում եռահարկ շինություն կա՝ «Սիրանույշ» ճամբարի մոխրագույն շենքն է: Ներսում ձայների առատություն է, բայց ոչ աղմուկ. տասը օր միասին ճամբարային առօրյայում ապրած երեխաներն արդեն իրար աչքով-ունքով են հասկանում: Կեսօրին ենք հասնում ու հետևում, թե ինչպես են 15-17 տարեկան դեռահասները՝ 60 տղա-աղջիկ, ճաշի սեղանի պատրաստություն տեսնում: Շինության ներսում, պատերի վրա տարբեր երեխաների գրառումներ են: Այս շրջափուլի երեխաներն էլ են իրենց գունավոր հետքը թողել պատերին՝ շենքն այդպիսով դարձնելով կենդանի, շատ հույզեր ու ապրումներ ունեցող մի կառույց:
2024 թվականի հունիսից ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ և Նորվեգիայի, Ֆրանսիայի կառավարություների և Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի աջակցությամբ իրականացվել են ամառային ավանդական ճամբարի հինգ շրջափուլ։ Այս տարի ճամբարներն իրականացրել է «Համայնքային զարգացում» ՀԿ-ն Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի տեղացի և 2023թ-ի սեպտեմբերից այստեղ հաստատված դեռահասների մասնակցությամբ:
«Շատ հաճախ երեխաները տեղահանման ճանապարհին կամ արդեն նոր վայրում հաստատվելիս մի շարք խնդիրների են բախվում, որոնք կարող են բացասական ազդել երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության վրա՝ թույլ չտալով նրանց առաջ շարժվել և հասնել իրենց ամբողջական ներուժին», - նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխայի պաշտպանության ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանը`հավելելով. «Ճամբարի միջոցով փորձում ենք աջակցել երեխաներին և դեռահասներին զարգացնել ինքնաճանաչման հմտությունները, կառավարել զգացմունքները, օգնել ձևավորել ամուր հարաբերություններ, սահմանել նպատակներ ու գծել դրանց հասնելու ճանապարհային քարտեզը: Սրանք հմտություններ են, որ նրանց անհրաժեշտ են ոչ միայն այս բարդ շրջանում, այլև՝ ողջ կյանքի ընթացքում»:
Ծրագրի համակարգող Կիմա Կիրակոսյանն ասում է, որ իսկական ձեռքբերում է տղաներին ու աղջիկներին միասին որևէ բան անելիս տեսնելը, քանի որ առաջին օրերին տղաների մեծ մասը հրաժարվում էր սեղան գցել կամ հավաքել՝ համարելով որ դա «աղջկա գործ է»:
Կիման սիրում է հետևել երեխաների շփման զարգացումներին և նշում, որ առաջին օրը մասնակիցներն իրարից հեռու են կանգնում, ուսումնասիրող հայացքներով զննում իրար, բայց դասընթացի կառուցվածքն ու մեթոդներն այնպիսին են, որ վերջում ընկերանան բոլորը:
«Այն, որ 8:00 -ին բոլորը պետք է արթնանան, հետո մարզվեն, նախաճաշեն ու այն որ հստակ օրակարգ կա, օգնում է երեխաներին ոչ միայն վերադառնալ իրենց սովարական ու նորմալ առօրյային, այլև կարգապահություն ձևավորել, որ հուսանք՝ ճամբարից դուրս էլ կօգնի նրանց»:
Խաղեր, թատրոնի, երգի-պարի, ձեռագործ աշխատանքների խմբակ. ճամբարում շնչելու ժամանակ իսկապես չի լինում, դրա համար օրվա վերջում բոլորը հոգնած գնում են քնելու, որովհետև գիտեն, որ հաջորդ օրվա համար անելիքներ ունեն: Երեխաները պարբերաբար փոխում են խմբերը, որ հնարավորություն ունենան և՛ մյուսների հետ ծանոթանալ, և՛ բացահայտել այլ կարողություններ ու տաղանդներ, որ ունեն, և չհասցնեն ձանձրանալ:
Արմինե Վարդանյանը ճամբարի հոգեբան-դասընթացավարն է: Նա ունի հստակ օրակարգ տասը օրվա համար, որովհետև 15-17 տարեկանների այս շրջափուլի մասնակիցների թիվը փոքր չէ՝ 60 հոգի Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերից: Հոգեբանն ասում է, որ այս ճամբարի ընթացքում հստակ մշակված ռազմավարություն ունեն. շարժվում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ «21-րդ դարի հմտություններ» մեթոդաբանությամբ:
«Առաջին օրերին կային երեխաներ, որոնք խուսափում էին հոգեբանական սեսիաներին մասնակցելուց կամ առանձին հոգեբանի հետ զրուցելուց, սակայն դա էլ փոխվեց ընթացքում», -պատմում է Կիման:
«Թեև սահմանված դասընթաց կա և անհատական հանդիպումներ նախատեսված չեն, բայց եթե երեխան ցանկություն է հայտնում, իհարկե չեմ մերժում: Վերջին հանդիպումներից մեկի ժամանակ մեր երեխաներից մեկի մոտ բավական հուզական դրսևորում եղավ մի թեմայի շուրջ, որ արտաքուստ որևէ հուզականություն չէր ենթադրում: Երեխան ասաց, որ չի ուզում խոսել, բայց ես չեմ կարող իրեն սեսիայի ավարտից հետո ուղղակի ճանապարհել: Իր թույտվությունը ստանալուց հետո մոտ կես ժամ զրուցել ենք, քննարկել ենք հարցը»:
Հոգեբանը նշում է, որ ճամբար մտնելուց առաջ ենթադրություններ չի արել, թե բոլորը պիտի աշխույժ լինեն, պատրաստակամություն ունենան ներգրավվել ամեն ինչում: Վարդանյանը հիշում է, որ մի երեխա ունեին, որը պասիվ էր հանդիպումների ժամանակ, իսկ արդեն յոթերորդ հանդիպման ժամանակ բացել էր տետրը ու նշումներ էր անում:
«Երբ կան շատ էմոցիաներ, կա տրամադրող ու ապահով միջավայր, պետք է ուղղակի համբերատար լինել: Տեղահանված երեխաների պարագայում մեզ համար կարևոր է բնական պրոցեսներն ակտիվացնել, որովհետև տրավմայի հաղթահարումն այդ պարագայում կարող է մի փոքր ավելի դյուրին դառնալ: Տրավման պիտի ապրել, բայց հիմա երբեմն տեսնում ենք, որ արտաքուստ տրավման հաղթահարթված է, սակայն հանկարծ այնպիսի մի կետում է պոռթկում լինում, որ չէինք կարող պատկերացնել»:
Ճամբարում տարբերակումներ չկան՝ նոր ժամանած թե տեղացի, քանի որ երեխաներին միավորող երևույթները շատ են՝ տարիքը, բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հետ կապված նրանց մտահոգությունները, հույզերը, ապրումները և այլն:
«Տասը օր 20 հոգանոց յուրաքանչյուր խմբի հետ մեկուկես ժամ տևողությամբ դաս ենք անում, խոսում ենք ինքնաճանաչման մասին, կոնֆլիկտային իրավիճակները հաղթահարելու ձևերի, միջանձնային հարաբերությունների, խնդիրների լուծման ճանապարհներ գտնելու մասին և այլն», -պատմում է հոգեբանը:
Երեխաներին տրամադրվում է վարժությունների տետր՝ համապատասխան նշումներով և տեղեկություններով: Աշխատում են ինչպես դասասենյակում, այնպես էլ՝ առանձին:
15-ամյա Նվերը ապագա գինեգործ է, տեղահանումից ի վեր հաստատվել է Վայոց ձորի մարզի Արենի գյուղում: Թեթև հարմարվել է՝ այդպես է բնորոշում իր այժմյան հոգեվիճակը:
«Ամենակարևոր բանը, որ սովորել եմ այս ճամբարում, որ ամոթ չի ներողություն խնդրելը կամ այն, որ տղաներն էլ կարող են հուզվել, դա թուլության նշան չէ, պարզապես մենք էլ ունենք էմոցիաներ, որ ուզում ենք արտահայտել, ինչու չէ լացել-հանգստանալ, ապրել ամեն մի հույզ ու առաջ գնալ՝ նպատակիդ հասնելու համար»: