Ինչպես աջակցել առանց ծնողական խնամքի մնացած երեխային՝ ճգնաժամային իրավիճակներում

Ի՞նչ է ճգնաժամային խնամատարությունը, և ո՞վ կարող է դառնալ խնամատար ծնող

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Տեսանյութի երեք երեխաները՝ մեկ նկարում։
UNICEF Armenia
28 Հունվար 2021

Ճգնաժամային իրավիճակները կարող են տարբեր լինել, այնուամենայնիվ դրանք երեխաների վրա նմանատիպ ազդեցություն են թողնում: Ճգնաժամերը, հաճախ, գալիս են անսպասելի, և քանի որ հանգամանքները կտրուկ փոխվում են, մարդիկ պատրաստ չեն լինում դիմակայելու ո՛չ ֆիզիկապես, ո՛չ էլ հոգեբանորեն՝ լինի դա պատերազմի, բնական աղետի, թե համավարակի հետևանքով:

Ճգնաժամերը առավել խոցելի են դարձնում երեխաներին, քանի որ կարող են հոգեբանական տրավմայի պատճառ դառնալ՝ հանգեցնելով ապագայի նկատմամբ հույսի կորստի:  Երբ, ճգնաժամի հետևանքով, երեխան բաժանվում է հարազատ ծնողներից, նա կորցնում է կյանքի հիմնական հենարանը, կորցնում է կապը աշխարհի հետ, աշխարհը դառնում է անհասկանալի, քաոտիկ, անըմբռնելի։ Եթե ժամանակին կամ ընդհանրապես չարձագանքել երեխայի կարիքներին, ապա չհաղթահարված ճգնաժամը երեխայի համար կարող է դառնալ մշտական տառապանք` ուղեկցվելով՝ ցածր ինքնագնահատականով և սեփական հնարավորությունների հանդեպ վստահության կորստով։

Փորձը ցույց է տալիս, որ ճգնաժամային իրավիճակներում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները տարբեր կերպ են արձագանքում իրավիճակին՝ կախված ընտանիքի և համայնքի սոցիալական ու տնտեսական վիճակից, տեղական ռեսուրսների և ծառայությունների առկայությունից:

Ամենափոքրերը կարող են դառնալ ավելի կամակոր, ավելի հաճախ լացել կամ շատ գուրգուրաքնի կարիք ունենալ: Նախադպրոցական տարիքի երեխաները կարող են էլ ավելի փոքր տարիքին բնորոշ վարքագիծը և սովորությունները վերականգնել՝ գիշերամիզություն, քնի խանգարումներ, անկառավարելի զայրույթ և այլն: Ավելի ավագները կարող են տխուր լինել, բարկացած, վախեցած և ինքնամփոփ, դժվար կենտրոնանալ, մինչդեռ դեռահասները կարող են վտանգավոր վարքագիծ դրսևորել, չկառավարել սուր ապրումները և ի վիճակի չլինել խոսել այդ մասին: Նույնը կարելի է ասել նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար, որոնց անհանգստտությունն ավելի խորը կարող է լինել:

Այս իրավիճակում վախից, տագնապից ու սարսափից երեխային պաշտպանել կարող է միայն ջերմ ընտանեկան միջավայրը՝ ի դեմս ճգնաժամային խնամատար ընտանիքի: Էական է, իհարկե, նաև կրթության շարունակականությունն ու, որոշ դեպքերում, հմուտ հոգեբանի աջակցությունը։ Բայց, երկարաժամկետ առումով, երեխայի բնականոն զարգացման և ինքնաբավ անհատ դառնալու համար ընտանեկան միջավայրն անփոխարինելի է:

 

Ինչ է ճգնաժամային խնամատար ընտանիքը:

Ճգնաժամային խնամատարությունը երեխայի ժամանակավոր խնամքի կազմակերպումն է՝ հատուկ այդ նպատակով պատրաստված ընտանիքում, որն ի վիճակի է արձագանքել երեխայի կարիքներին և պատշաճ կերպով աջակցել նրան։ Երեխան կարող է մնալ խնամատար ընտանիքում մինչև 6 ամիս, առանձին դեպքերում՝ մինչև 1 տարի: Պետությունը պատասխանատվություն է կրում խնամատարության տրված երեխայի համար, և երբ հարազատ ընտանիքում իրավիճակը կարգավորվում ու բարելավվում է, երեխան վերադառնում է սեփական ծնողների  մոտ: Խնամատարությունը հնարավորություն և ժամանակ է տալիս բիոլոգիական ընտանիքին հաղթահարել ծառացած առաջնային դժվարությունները և վերականգնվել՝ ճանապարհ հարթելով ընտանիքի վերամիավորման համար: Դա խնամատարության հիմնական նպատակներից է:

 

Ինչու դառնալ ճգնաժամային խնամատար ծնող:

Դուք կարող եք երեխայի կյանքն ավելի լավը դարձնել և օգնել նրան լինել ինքնաբավ անհատ այն ճակատագրական պահին, երբ երեխան միայնակ է մնացել պատերազմական, բնական աղետների, համավարակի կամ այլ իրավիճակի հետևանքով:

Եթե հոգ եք տանում երեխաների մասին, ցանկանում եք օգնել խոցելի իրավիճակում հայտնված երեխաներին, ապահովել նրանց համար բնականոն և անվտանգ միջավայր, սա ձեր հնարավորությունն է:  Ձեզ միայն անհրաժեշտ է լրացուցիչ սենյակ ձեր տանը, կայունություն և անկյուն սրտում՝ սեր և ջերմություն տալու երեխային, ձեր տանն ապրելու ողջ ժամանակահատվածում: Արտակարգ իրավիճակներից տուժած կամ տրավմա ստացած երեխաների համար սա կարող է աներևակայելի դրական ազդեցություն ունենալ:

Ձեր համայնքում խնամքի կարիք ունեցող երեխային աջակցելն օգնում է նաև, որ համայնքի հեղինակությունը բարձրանա։

 

Ինչպե՞ս և ո՞վ կարող է դառնալ խնամատար ծնող։

Խնամատար ծնող կարող են դառնալ 18-ից 55 տարեկան ՀՀ քաղաքացիները։ Դիմել կարող են ինչպես երկկողմանի, այնպես էլ միայնակ ծնողներով ընտանիքները։

Խնամատար ծնող դառնալու պայմանագիրը կնքվում է ծնողներից որևէ մեկի հետ, բայց պայմանագրի կողմ դիտարկվում է ողջ ընտանիքը։ Խնամատար ծնողները պետք է տիրապետեն ծնողավարման և հաղորդակցման հմտություններին: Համբերատար և հետևողական լինելը ևս կարևոր է:

Խնամատար ծնող դառնալու համար, հարկավոր է դիմել մարզպետարանի (Երևանում՝ քաղաքապետարանի Սոցիալական աջակցության վարչության) Ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժին՝ ներկայացնելով դիմում, որին կհետևի դիմող անձի և իր ընտանիքի առողջության ու ընտանեկան պայմաններին վերաբերող որոշ փաստաթղթերի ներկայացում, և հայտը կգրանցվի։ Թեկնածու ծնողները անցնում են գնահատում, մասնակցում վերապատրաստումների, ինչից հետո միայն, պատրաստ կլինեն ընդունելու երեխաներին։

Երեխայի խնամքի իրականացման ընթացքում խնամատար ծնողի կողքին են և աջակցում են ինչպես համապատասխան սոցիալական մասնագետները, այնպես էլ՝ պետության ներկայացուցիչները։

Իմացի՛ր ավելին ճգնաժամային խնամատարության մասին` 060 54 01 50 հեռախոսահամարով: Խնամատար ծնող դառնալը մեծ պատասխանատվություն է և կարող է ձեր ամենաբարդ աշխատանքը լինել, բայց այն կարող է նաև ամենաշատ բավականությունը պատճառել:

UNICEF Armenia

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ համագործակցությամբ աջակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը բարելավելու երկրում ճգնաժամային խնամատարության ծառայությունները: Համագործակցության շրջանակում համայնքներում իրականացվում են իրազեկման հանդիպումներ հետաքրքրվողների շրջանում, իսկ հնարավոր թեկնածու ծնողներին տրամադրվում է ավելի մանրամասն խորհրդատվության և իրականացվում կարողությունների զարգացում։ Զուգահեռ աշխատում ենք նաև խոցելի երեխաների խնդիրներով զբաղվող տեղական համայնքային և մարզային կառույցների կարողությունների զարգացման ուղղութամբ՝ սահուն դարձնելու համար երեխաների տեղավորման և նրանց իրավիճակի վերահսկման գործընթացները։