Երբ երեխան ստանում է ընտանիքում ապրելու երկրորդ հնարավորություն կամ ի՞նչ է խնամատարությունը

Խնամատարությունը որևէ պատճառով խնամքից մշտապես կամ ժամանակավորապես զրկված երեխայի հանդեպ խնամք և դաստիարակություն ստանձնելու ընտանեկան ձև է

Զառա Սարգսյան
Հարազատ քույրիկներ Մարիան և Կարոլինան արդեն ապրում են իրենց խնամատար ընտանիքում:
UNICEF Armenia/2018/Sokhin
16 Մայիս 2019

Բազմաթիվ հետազոտություններով վաղուց ապացուցվել է երեխաների զարգացման և հետագա կյանքի նորմալ ձևավորման համար ինստիտուցիոնալ խնամքի բացասական ազդեցության մասին։ Հայաստանում երեխայի խնամքի և պաշտպանության հաստատություններում այսօր խնամք են ստանում շուրջ 3,500 երեխաներ։ Այս երեխաների մեծ մասն ունի մեկ կամ ավել կենսաբանական ծնող և հայտնվում է հաստատությունում սոցիալ-տնտեսական պատճառներից ելնելով:

Երբ կենսաբանական ծնողը չկա (մահացել է կամ անհայտ կորած է) կամ ինչ-ինչ պատճառներով չի կարող շարունակել հոգ տանել սեփական երեխայի մասին (զրկվել է ծնողական իրավունքից, ճանաչվել է անգործունակ կամ խուսափում է ծնողական պարտականությունից), ի հայտ են գալիս երեխայի խնամքի այլընտրանքային ծառայությունները, որոնք կոչված են ապահովելու ընտանեկան միջավայր որպես երեխայի պատշաճ զարգացման գրավական:

Ցանկացած այլընտրանքային խնամքի, մասնավորապես խնամատարության առանցքային սկզբունքներն են՝

- երեխային իր հարազատ համայնքին հնարավորինս մոտ պահելը.

- ընտանիքից հեռացնելը որպես ժամանակավոր և ծայրահեղ միջոց.

- շարունակական խնամքի ապահովելը.

- բռնությունից, անտեսումից և շահագործումից պաշտպանելը.

- եղբայրների և քույրերի խնամքը միասին կազմակերպելը:

Խնամատարությունը որևէ պատճառով խնամքից մշտապես կամ ժամանակավորապես զրկված երեխայի հանդեպ խնամք և դաստիարակություն ստանձնելու ընտանեկան ձև է: Այն կարող է լինել կարճաժամկետ և երկարաժամկետ՝ մինչև երեխայի չափահաս դառնալը: Խնամատարությունը կարող է իրականացվել նաև 18 տարեկանը լրանալուց հետո՝ որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն:

Խնամատարության առանցքային կետերն են

1) այն ենթադրում է երեխայի հանդեպ պարտավորությունների կամավոր ստանձնում` առանց նրա նկատմամբ իրավական բնույթի հետևանքների,

2) այն ժամանակավոր է և նպատակաուղղված է երեխայի խնամքի կազմակերպմանը ընտանեկան պայմաններում,

3) թե՛ խնամատար ծնողների, թե՛ երեխաների և նրանց կենսաբանական ծնողների հետ իրականացվում է շարունակական աշխատանք,  մինչև խնամատարության ավարտը,

4) կենսաբանական ծնողները պահպանում են իրենց իրավունքները, հանդիպում են երեխաների հետ,

5) խնամատար ընտանիք հանձնված երեխան պահպանում է իր հասանելիք ալիմենտի, նպաստի և սոցիալական այլ վճարումների նկատմամբ իրավունքը, ինչպես նաև բնակելի տարածության օգտագործման, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում` բնակարանային օրենսդրությանը համապատասխան բնակելի տարածության ստանալու իրավունքը:

Այսպիսով, որպես երեխայի պաշտպանության այլընտրանքային մեխանիզմ` խնամատարությունը ծառայում է այն ընտանիքներին, ովքեր, պայմանավորված ներընտանեկան ճգնաժամերով, կամ երեխայի վարքի բացասական դրսևորումներով, անկման առջև են կանգնել և դադարի կարիք ունեն:

Ի՞նչպես դառնալ խնամատր ծնողներ

Խնամատար ծնող (ծնողներ) կարող է լինել ՀՀ քաղաքացին, ով համապատասխանում է Օրենսգրքի 138-րդ հոդված պահանջներին և ՀՀ կառավարության 2008թ. մայիսի 8-ի թիվ 459-Ն որոշմամբ սահմանված կարգով դիմել է մարզպետարան, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարան և ստացել խնամատար ծնող (ծնողներ) դառնալու վերաբերյալ դրական եզրակացություն:

Խնամատար ծնողի (ծնողների) և հոգեբարձության ու խնամակալության մարմնի միջև, օրենքով սահմանված կարգով, կնքվում է պայմանագիր, որը սահմանում է խնամատարծնողի (ծնողների) պարտականությունների որոշակի շրջանակ՝ կապված երեխային խնամելու և դաստիարակելու հետ:

Ներկայում Հայաստանում խնամատար ընտանիքներում խնամք է ստանում 25 երեխա:

Խնամատարության մասին ավելին տեղեկանալու համար, կարող եք զանգահարել 060 54 01 50 հեռախոսահամարով:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան