Եղանակը ցրտում է․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեխաներին տաք ծածկոցներ է տրամադրում

Լեռնային Ղարաբաղից եկած ընտանիքներին 800 տաք ծածկոց և անկողնային սպիտակեղենի հավաքածու է տրամադրվել

ՅՈՒՆԻՍԵՖ
Winter covers and sheets_bedding
UNICEF Armenia/2020/Galstyan
11 Դեկտեմբեր 2020

Ձմեռը բազմապատկել է Լեռնային Ղարաբաղից Հայաստանի ժամանակավոր կացարաններում և տներում ապաստանած հազարավոր երեխաների և ընտանիքների հոգսը: Ընտանիքների ֆինանսական բեռը մեղմելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ն այս շաբաթ տրամադրել է տաք ծածկոցների և անկողնային պարագաների ևս 500 հավաքածու: Դրանք, Երևանում և այլ համայնքներում պատերազմից պատսպարված ընտանիքներին կփոխանցվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով:

UNICEF Staff members talking to marz municipality representative
UNICEF Armenia/2020/Galstyan

«Ձմեռն իր հետ բազում հոգսեր ու խնդիրներ է բերում: Ընտանիքները ստիպված են լինում ավելի շատ կոմունալ վճարումներ կատարել և եղանակին հարմար տաք հագուստի և երկարաճիտ կոշիկների անհրաժեշտություն են ունենում: Ընտանիքներ կան, որոնք ժամանակավորապես հյուրընկալել են այլոց և դժվարանում են այս ամենն ապահովել», - նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի սոցիալական պաշտպանության ծրագրի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և 10 քաղաքապետարանների հետ միասին ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է ավելի նպատակային աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Հուսանք՝ կկարողանանք լրացուցիչ ֆինանսավորում գտնել, որպեսզի կարողանանք ավելի շատ երեխաների սատարել, այդ թվում՝ տուժած ընտանիքներին և երեխաներին դրամական աջակցության միջոցով»:

Դեռ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին ՅՈՒՆԻՍԵՖ-ը Լեռնային Ղարաբաղից եկած ընտանիքների հիմնական կարիքները հոգալու համար արդեն իսկ տրամադրել էր 300-ական ծածկոց և անկողնու սպիտակեղեն, ինչպես նաև հիգիենայի պարագաների 4500 հավաքածու: Բազմակի օգտագործման կտորե պայուսակով հիգիենայի յուրաքանչյուր հավաքածու պարունակում էր ատամի խոզանակ, մածուկ, խոնավ և չոր անձեռոցիկներ, մանկական տակդիրներ, կանացի միջադիրներ, օճառ, շամպուն, սանր, ձեռքի և լոգանքի սրբիչներ, մեկ զույգ գուլպա, ներքնազգեստ, մկրատ, բամբակյա փայտիկներ, լվացքի փոշի, սպասք լվացող հեղուկ, սպունգ, բետադին։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ընտանիքներին տրամադրել է նաև դիմակներ և ախտահանող միջոցներ՝  ՔՈՎԻԴ-19 համավարակից պաշտպանվելու համար: Փաթեթում ներառվել է նաև ծնողների համար նախատեսված գրքույկ-ուղեցույց, որը կօգնի տեղեկանալ, թե ինչպես կարելի է համավարակի ընթացքում լավագույնս աջակցել երեխաներին: