Դեռահասի կյանք ներմուծվող 16 հմտություն
ՅՈՒՆԻՍԵՖ-ը երիտասարդների հետ աշխատելու նոր փաթեթ է մշակել` երկրում առաջինն անդրադառնալով կյանքի հմտություններին տիրապետելու կարևորությանը
- Հայերեն
- English
Սպիտակ ու լուսավոր սրահի կլոր սեղաններին շարված են մոխրագույն շապիկներ, ներկեր ու վրձիններ։ Դրանց շուրջը պտտվում է փայլուն աչքերով 16 տարեկան Սիրունն ու ուսումնասիրում սեղանին դրված ինքնակպչուն թղթերը։
«Շուտով դրանք փակցնելու ենք շապիկներին, ներկենք, չորացնենք, գունազարդենք ու հետո կկարողանաք կրել, - Սիրունի հայացքը նկատելով՝ բացատրում է նկարչուհի Մարինե Դանիելյանը։
Ժամխարյան Սիրունի ու Մարինե Դանիելյանի առաջին հանդիպումն է սա, Սևանում է։ Նրանց նույն սրահ բերել է Յունիսեֆ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի համատեղ՝ «Կյանքի հիմնարար հմտություններ»-ի վերաբերյալ դասընթացի ամփոփումը։
Սիրունը դեռահասների համար նախատեսված այս ծրագրի մասնակիցներից է, Մարինեն` այն արվեստագետը, որն օգնելու է մասնակիցներին շապիկներին նկարելու հարցում:
«Ինքնակպչուն թղթերին ոգեշնչող մտքեր են, ընտրել ենք դասերի բովանդակության հիման վրա, որպեսզի ամեն անգամ շապիկները կրելիս, նրանց տրամադրությունը փոխվի։ Առաջին անգամ չէ, որ աշխատում եմ երեխաների հետ, փորձը հուշում է, որ նման զբաղմունքից հետո, նրանց մի մասը՝ կտորի վրա նկարչությունը դարձնում է հոբբի»,- մանրամասնում է Մարինեն։
Սիրունը նկարել, թեև սիրում է, բայց ընտրելու է հոգեբանի մասնագիտությունը, հատկապես՝ այս ծրագրից հետո։ Պատմում է, որ բազմաթիվ նոր հմտություններ է յուրացրել, բայց ամենակարևորը՝ սովորել է կառավարել զգացմունքները։
«Ես շատ զգացմունքային եմ, արագ, բուռն եմ ամեն ինչին արձագանքում, բայց այս ամիսներին ինքնազսպման մի քանի քայլ եմ յուրացրել ու սկսել եմ կիրառել։ Նախագծի մասին շատ պատահական պարզել եմ դպրոցում ու շատ ուրախ եմ, որ մասնակցելու հնարավորություն եմ ունեցել, որովհետև մի քանի շաբաթում սովորեցի ինձ կառավարել տարբեր իրավիճակներում, սովորեցի լսել մարդկանց ու խորհուրդներ տալ։ Հասկացել եմ, որ կյանքում պետք է նպատակասլաց լինել ու, անպայման, հասնել նպատակներին», - անհամբերությամբ պատմում է Սիրունը, 16-ամյա աշակերտուհին Մարտունուց և շարունակում․
«Ինձ համար ամենակարևոր դասաժամերից էր՝ սթրեսի կառավարման և ինքնակառավարման դասը, որի ընթացքում սովորեցի, որ ընդամենը 5-10 րոպե լռելով կարող եմ հաղթահարել կոնֆլիկտային իրավիճակը, ի մի բերել մտքերս և չպոռթկալ»:
Սիրունին և Մարտունու ավագ դպրոցի մասնակիցների խմբին ուղեկցում է փոխտնօրենը՝ Կարեն Ավետիսյանը։ Ասում է, որ իրենց դպրոցի մասնակիցների շարքում շատ են այն երեխաները, որոնք կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով ոչ միայն ծանր կորուստներ են ունեցել, այլև հոգեբանական վատ վիճակում են գտնվել։
«Այս դասերից հետո մենք դրական ազդեցություն ենք նկատում, թե երեխաների հոգեվիճակում և թե վարվելակերպում։ Երեխաները միմյանց նկատմամբ ավելի հարգալից և հանդուրժող են դարձել, ավելի լավ են սահմանում իրենց նպատակները, ավելի հաճույքով են թիմային առաջադրանքներ կատարում, հատկապես հիմա՝ պատերազմից ու կորոնավիրուսի համաճարակից հետո և քննություններից առաջ, այդ հմտությունները յուրացնելը՝ շատ կարևոր էր»
2020-ի պատերազմից հետո Յունիսեֆ Հայաստանն իր առջև խնդիր է դրել դեռահասներին ու երիտասարդներին փոխանցել այնպիսի հմտություններ, որը նրանց կօգնի ոչ միայն այդ դժվարին իրավիճակում, այլև՝ ողջ կյանքի ընթացքում։ Մասնագետների օգնությամբ լրամշակվեց և Հայաստանյան իրավիճակին ադապտացվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի` կյանքի հիմնարար 16 հմտությունների վերաբերյալ վերապատրաստման փաթեթը, որը հաջողությամբ կիրառվել է տարածաշրջանի մի շարք այլ երկրներում ևս։ Թերևս սա Հայաստանում առաջին նման փաթեթն է։
«Բոլորս ապրում ենք սթրեսային ու կոնֆլիկտային իրավիճակում, և շատ կարևոր է ունենալ կյանքի այս հմտությունները։ Որոշեցինք, անպայման, իրականացնել այս ծրագիրը և երիտասարդներին զինել կյանքի հիմնարար 16 այնպիսի հմտություններով, որոնք երեխաներին կօգնեն ճանաչել սեփական անձը, ճանաչել՝ մյուսներին, իրենց զգացմունքները, հույզերը, կառավարել սթրեսը, պահպանել հանգստությունը, հաղորդակցվել հասակակիցների հետ։ Այս ունակությունները դեռահասներին կօգնեն ավելի պատրաստ լինել հասուն կյանքին, ավելի առողջ որոշումներ կայացնել, և ավելի առողջ հարաբերություններ ունենալ՝ թե շրջապատի, թե ընտանիքի անդամների հետ»
Յունիսեֆ Հայաստանը ծրագիրն իրականացրել է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ՝ Տավուշի մարզի՝ Իջևան, Բերդ, Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի՝ Սևան, Գավառ, Մարտունի, Արագածոտնի մարզի՝ Աշտարակ, Թալին, Արագածավան քաղաքներում և Երևանում։ Հատուկ ընտրվել են սահմանամերձ համայնքները և այն համայնքները, որտեղ ավելի շատ ընտանիքներ են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո։
Գեղարքունիքի մարզում ծրագրի մասնակիցների հետ աշխատող հոգեբանը՝ Լուսինե Աղաբեկյանն է։ Պատմում է, որ մասնակցող երեխաները, ըստ քաղաքների՝ բաժանվել են երեք խմբի և 2 ամսում հանդիպել են 16 անգամ՝ մեկ ու կես ժամ տևողությամբ։
«Յուրաքանչյուր խումբ ինքն իր համար առանձնացնում էր այն թեմաները, որոնք առավել կարևոր էին։ Հետադարձ կապի ընթացքում նշում էին, որ իրենց դուր է եկել հատկապես հաղորդակցման հմտությունների դասաժամը, որի ընթացքում սովորել են, թե ինչպես լսել, ինչպես ապրումակցել միմյանց, ինչպես ավելի հանդուրժող լինել։ Երբ ուսումնասիրում էինք կոնֆլիկտների հաղորդակցման հմտությունները, երեխաներն ափսոսանք էինք հայտնում , որ ավելի շուտ չեն անդրադարձել այդ թեմային։ Զգացմունքային երիտասարդների համար, որոնք պատրաստվում են նոր կյանք թևակոխել, մասնագիտություն ընտրել, որոնք ինքնաճանաչման ամենակարևոր փուլում են, սա շատ կարևոր դասընթաց էր»,- ավարտական վկայականները ձեռքին ամփոփում է հոգեբան Լուսինե Աղաբեկյանը։ Վկայականները ստացողներին շատ ակտիվ քաջալերում են հատկապես Գավառի ավագ դպրոցի աշակերտները։ Նրանցից Կառլենն անկեղծանում է՝ այս ծրագրի ընթացքում իրեն հատկապես դուր է եկել նկարելու պրոցեսը։
«Մի անգամ ալեկոծված նավ նկարեցինք, որից խարիսխ էր կապված։ Նավը խորհրդանշում էր մարդուն, խարիսխը՝ նրա խնդիրները։ Մենք խարսխի ներքո գրում էինք մեր խնդիրներն ու այն ճանապարհները, որոնց միջոցով կարելի էր ազատվել դրանցից։ Սա ինձ շատ է օգնել և այս մեթոդից ես նաև ապագայում եմ օգտվելու»,-
Սևանի ավագ դպրոցի աշակերտուհու՝ Մերի Հակոբյանի շապիկին էլ դաջվում է՝ «Եթե երազում ես, ուրեմն կարող ես» միտքը։ Հարցնում ենք՝ համամի՞տ ես։ Պատասխանում է՝ այո, ամեն դեպքում պետք է փորձել երազանքի հետևից քայլել։
«Դեռ չի ստացվել, որ երազանքս միանգամից կատարվի։ Ծրագրին մասնակցել եմ, որովհետև ուզում էի սովորել երկու բան՝ ինչպե՞ս իրականացնեմ երազանքներս, և ինչպե՞ս կարգավորեմ խնդիրներս։
«Դեռ չի ստացվել, որ երազանքս միանգամից կատարվի։ Ծրագրին մասնակցել եմ, որովհետև ուզում էի սովորել երկու բան՝ ինչպե՞ս իրականացնեմ երազանքներս, և ինչպե՞ս կարգավորեմ խնդիրներս։ Հասկացա, որ առաջինն անելու համար պետք է երկրորդից սկսեմ՝ խնդիրների կարգավորումից, իսկ դրա միակ ճանապարհը՝ դիմացինին լսելն ու հասկանալն է։ Միայն այդ պարագայում խնդրի լուծումն ինքն իր ճանապարհով կհայտնվի»,-