Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնը վերաբացվեց նոր հնարավորություններով

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Ճապոնիայի կառավարության համագործակցությունն ավելի քան 2,000 երեխայի նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն կտա։

Ժաննա Ուլիխանյան
09 Մարտ 2022

Երբևէ լսե՞լ եք՝ ինչպես է հնչում հայկական դհոլը, զգացե՞լ եք այն ուժն ու ոգին, որ փոխանցում է այդ երաժշտական գործիքը։ Հենց դհոլի ոգեշնչող երաժշտական կատարմամբ Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնի սաները փետրվարի 16-ին դիմավորեցին Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին, ՀՀ ԿԳՍՄ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության ղեկավար Գոհար Մամիկոնյանին, Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանին և ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանին։ Բոլորը հավաքվել էին պաշտոնապես բացելու կենտրոնի այն սենյակները, որոնք վերանորոգվել և վերակահավորվել են Ճապոնիայի կառավարության անհետաձգելի ֆինանսական աջակցության շնորհիվ։

Girl is playing dhol.
UNICEF Armenia/2022/Galstyan

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումից հետո բազմաթիվ ընտանիքներ և երեխաներ հաստատվել են նաև Աբովյան քաղաքում, և անհրաժեշտություն կար հզորացնելու այն համայնքային ծառայությունները, որոնք կարող են որևէ կերպ աջակցել երեխաներին և նրանց ընտանիքներին։ Եվ որպեսզի ավելի շատ երեխաներ կարողանան հաճախել կենտրոն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերանորոգեց և վերակահավորեց կենտրոնի մի քանի սենյակները, ջեռուցման նոր համակարգ, նոր լուսամուտներ տեղադրվեցին, և կրթական նոր նյութեր մատակարարվեցին։

UNICEF Representative in Armenia, Christine Weigand.
UNICEF Armenia/2022/Galstyan

«Ցանկացած ճգնաժամի ժամանակ ամենից շատ տուժում են առավել խոցելի մարդիկ և երեխաները։ Երեխաների և դեռահասների համար համայնքային ծառայությունների բարելավումը Քովիդ-19-ի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ճգնաժամերին արձագանքման ՅՈՒՆԻՍԵՖ-ի հումանիտար աջակցության կարևոր բաղադրիչն է։ Այս կենտրոնները հենց այն անվտանգ միջավայրն են ապահովում, որտեղ երեխաները կարող են իրենց պաշտպանված զգալ, ստանալ հոգեբանական աջակցություն, շփվել և խաղալ այլ երեխաների հետ, լրացնել բաց թողած դասերը և իհարկե, ստանալ հատուկ մասնագիտական աջակցություն, եթե դրա կարիքը լինի»,-

իր ելույթում ասաց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։

Տասնմեկամյա Մելինեն իր մայրիկի, մեծ քրոջ՝ 18-ամյա Կարինեի և փոքր եղբոր՝ 8-ամյա Սարգիսի հետ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 2020թ-ի հակամարտության օրերին։ Այս մեկ տարվա ընթացքում Աբովյանի երեխաների աջակցության այս կենտրոնը հասցրել է նրա համար դառնալ հարազատ մի վայր, որտեղ սիրով է հաճախում։

Meline is in the Child Support Center in Abovyan.
UNICEF Armenia/2022/Galstyan

«Համարյա ամեն օր գալիս եմ կենտրոն․ դասերս ավարտում եմ ու վազում այստեղ։ Ամեն ուրբաթ գալիս եմ հոգեբանական դասերին, որ շատ եմ սիրում։ Գալիս եմ նաև տիկնիկագործության, կարպետագործության, թատերականի դասերին։ Լավ է, որ լիքը հավես բաներով կարելի է զբաղվել։ Միայն կուզեի, որ այստեղ նաև ջութակի դասեր լինեին, ես Ղարաբաղում հաճախում էի ջութակի, բայց այստեղ չեմ հաճախում․ գործիքս այդպես էլ մնաց այնտեղ, հիմա գործիք էլ չունեմ»,-

պատմում է կենտրոնում իր առօրյայի մասին Մելինեն։

Կենտրոնի բացմանը եկել էր նաև Միլենայի մայրիկը՝ Արևիկ Գևորգյանը։ Նա միայնակ է մեծացնում իր երեք երեխաներին։ Զրույցի ժամանակ ասաց, որ կենտրոնը շատ է օգնել իրենց հարմարվել նոր ու անծանոթ այս քաղաքին։

Arevik Gevorgyan with her 2 children.
UNICEF Armenia/2022/Galstyan

«Երբ եկանք Աբովյան, շատ դժվարին իրավիճակում էինք, հենց ամենասկզբից էլ սկսեցինք օգնություն ստանալ այս կենտրոնից։ Սկզբում երեխաներս իրենց շատ միայնակ էին զգում, Ղարաբաղի իրենց տնից, շրջապատից կտրվել էին, այստեղ ընկերներ չունեին, շփոթված էին, մեծ սթրեսի էին ենթարկվել։ Կենտրոնում իրենց հետ մանկավարժները լավ աշխատեցին, հիմա արդեն նոր ընկերներ են ձեռք բերել, նոր հետաքրքրություններ, նոր նպատակներ»,-

պատմեց Արևիկը։

Մայրիկը նաև կարևորեց, որ կենտրոնի շնորհիվ երեխաները նաև կտրվում են դրսից ու հեռախոսից և ավելի օգտակար են անցկացնում իրենց ժամանակը։

«Երբ երեխաներս դասերից հետո գալիս են այստեղ, ես կարողանում եմ գնալ Երևան և հաճախել կարի դասերի։ Պետք է կարել սովորեմ, որպեսզի կարողանամ աշխատել և երեխաներիս պահել»,- ամփոփեց դժվարություններ տեսած և դրանք հաղթահարելու ուժը վերգտած Արևիկը։

Ambassador of Japan to Armenia plays with children in Abovyan.
UNICEF Armenia/2022/Galstyan

Մինչ զրուցում էին Միլենայի և Սարգիսի մայրիկի հետ, այս երկու փոքրիկները հասցրին խաղի հրավիրել դեսպան Ֆուկուշիմային և անգամ հաղթել նրան։ 

Կենտրոնում զրուցեցինք նաև Մանուկյան Արծվիկի հետ, որ երկու տղաների՝ 11-ամյա Արթուրի և 8-ամյա Արմենի մայրն է և երկար տարիներ բնակվել ու բնակվում է Աբովյան քաղաքում։

Artsvik with her 2 children.
UNICEF Armenia/2022/Galstyan

«Որքան էլ, որ դպրոցում հոգնեն, միևնույնն է, տղաներս ակտիվորեն ու ոգևորված գալիս են այս կենտրոն․ իրենց առօրյան հենց այստեղ է անցնում։ Ես շատ ուրախ եմ, որ երեխաներս այստեղ նոր բաներ են փորձում, նոր հետաքրքրություններ ձեռք բերում»,- 

նշեց Արծվիկը։

«Այս կենտրոնում եմ դհոլ նվագել սովորել, նաև այստեղ գալիս եմ սպորտլանդիային եմ մասնակցում, շատ սիրում եմ ֆուտբոլ խաղալ․ ուզում եմ ֆուտբոլիստ դառնալ»,- պատմեց մեզ 11-ամյա Արթուրը։ Իսկ Արթուրի եղբայրը՝ 8-ամյա Արմենը, երազում է խոհարար դառնալ․ արդեն կարողանում է որոշ ճաշատեսակներ ինքնուրույն պատրաստել։ Կենտրոնում, ճիշտ է, խոհարարական դասեր չկան, , բայց մի շարք այլ զբաղմունքներ կան։ «Ես սիրում եմ կարպետագործության դասերը, այստեղ եմ նաև սովորել շախմատ և շաշկի խաղալ, ուրախ եմ, որ այսօր հաղթեցի քաղաքապետին»,- հպարտորեն ներկայացրեց Արմենը, որ այցի ընթացքում հասցրել էր նաև շախմատ խաղալ Աբովյանի քաղաքապետի հետ։

2 boys are playing chess in the Abovyan Center.
UNICEF Armenia/2022/Galstyan

Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի հինգ մարզերում ստեղծել կամ հզորացրել է երեխաների աջակցության կենտրոնները։ Աբովյանից բացի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ համատեղ նոր կենտրոններ է ստեղծել Մրգաշենում, Արմավիրում, Էջմիածինում և Դիվինում։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 2,000 երեխա և երիտասարդ կարող է իր համայնքում հաճախել նման կենտրոններ, մի շարք նոր հմտություններ ձեռք բերել, փորձել իրենց այս կամ այն բնագավառում և բացահայտել իր մեջ թաքնված բոլոր ուժեղ կողմերն ու հնարավորությունները։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ շարունակում է անել հնարավորը, որ ավելի շատ երեխաներ կարողանան օգտվել այնպիսի ծառայություններից, որոնք նոր դռներ են բացում երեխաների համար այսօր և վաղը։