«Սադիկներ» կամ նախադպրոցական կրթություն՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած երեխաների համար

ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ 11 վաղ մանկական զարգացման կենտրոններ է ստեղծել Լեռնային Ղարաբաղից Հայաստանի մարզերի կացարաններում բնակվող ավելի քան 130 երեխաների համար

Ժաննա Ուլիխանյան
Ծաղկաձորի կենտրոնում աղջնակը խաղում է գունավոր բլոկների հետ։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari
17 Մարտ 2021

«Երեխաներ, քանի եղանակ ունի տարին», հարցրեց դաստիարակը։ «Տարին ունի չորս եղանակ՝ ձմեռ, գարուն, ամառ, աշուն», բարձր ձայնով, մեկը մյուսին հերթ չտալով, պատասխանեցին երեխաները։ «Իսկ հիմա եկեք հաշվենք միասին ու բարձր»։ «1,2,3,4,5,․․․․․,10»։ Մեծերիս համար պարզ և ուղեղի մի անկյունում վաղուց դարակավորված անքննելի ճշմարտություն, իսկ փոքրերի համար կարևոր մի նորություն, որ ընդունված է սովորել մինչև դպրոց գնալը՝ մանկապարտեզում, եթե իհարկե երեխան դրա հնարավորությունն ունենում է։

Հայաստանում շատ երեխաներ, այդպես էլ չեն հաճախում մանկապարտեզ։ Պատճառները տարբեր են՝ նախադպրոցական կրթության հնարավորության բացակայությունը հեռավոր գյուղական համայնքներում, ծանր սոցիալ-տնտեսական պայմանները, հաշմանդամությունը և այլն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած շատ երեխաներ նույնպես չեն հաճախում մանկապարտեզ։ Ժամանելով Հայաստան և ավելի քան չորս ամիս այստեղ ապրելով՝ այս երեխաները մանկապարտեզ հաճախելու հնարավորություն չեն ստացել․ գուցե որովհետև կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում մանկապարտեզները չէին աշխատում ամբողջական հզորությամբ, գուցե որովհետև բոլորի ուշադրությունը դպրոցական երեխաներն ու համավարակի պատճառով առցանց կրթության հարմարվելն ու դասապատրաստումներն են, կամ գուցե որովհետև թվում է, թե ոչինչ էլ չի պատահի, եթե նրանք միանգամից դպրոց գնան։ 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկական զագրացման ծրագրերի համակարգող՝ Մայա Սիմոնյանը, հակառակն է պնդում․ «Երեխայի ուղեղի քաշի 80%-ից ավելին ձեռք է բերվում մինչև 3 տարեկանը և 3 տարեկան երեխայի ուղեղը երկու անգամ ավելի ակտիվ է, քան չափահասի ուղեղը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկական զագրացման ծրագրերի համակարգող՝ Մայա Սիմոնյանը, Ծաղկաձորի կենտրոններից մեկում նստած է փոքրիկ սեղանի շուրջ և փոքրիկ տղայի հետ դոմինո է խաղում։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

«Որակյալ նախադպրոցական կրթությունը հասանելի լավագույն միջոցն է երեխաների ապագայի հաջողություններն ապահովելու համար։ Ավելին ասեմ, արդեն ապացուցված է, որ երեխայի զարգացման հիմքը դրվում է հենց վաղ տարիքում, որ մանկապարտեզ հաճախած երեխաները ավելի լավ արդյունքներ են գրանցում կրթական համակարգի հաջորդ փուլերում, և որ չափահաս տարիքում կարող են՝ 25%-ով ավելի վաստակել, քան մանկապարտեզ չհաճախած երեխաները»։

Մայան հավելեց, որ որակյալ նախադպրոցական կրթությունը բացառիկ հնարավորություն է՝ ամրապնդելու կրթական համակարգը, ապահովելու ամուր հիմք մարդկային կապիտալի զարգացման համար, և աջակցելու երկրի տնտեսական աճին և զարգացմանը, միևնույն ժամանակ՝ կոտրելու միջսերնդային անհավասարությունը։ «Սա արդեն վաղուց ապացուցված է և մեզ համար չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուր երեխա՝ անկախ իրավիճակից, վայրից, սոցիալական հնարավորությունից, միշտ նախադպրոցական որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ունենա։ Եթե դրա համար պետք է նախադպրոցական կրթությունը տանել երեխայի տուն, ուրեմն այդպես էլ պետք է վարվենք»։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկական զագրացման ծրագրերի համակարգող՝ Մայա Սիմոնյանը, Ծաղկաձորի կենտրոններից մեկում փոքրիկ աղջկա համար բացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մատակարարած տուփերից մեկը, որից աղջնակը վերցնում է իր նախընտրած իրը։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, արտակարգ իրավիճակներում, այդ թվում նաև հակամարտությունների ժամանակ երեխաներին անհրաժեշտ ծառայությունների տարբեր մոդելների հիմնման մեծ փորձ ունի։ Հենց այդ փորձի շնորհիվ, երբ հայթաթվեցին համապատասխան ֆինանսական միջոցներ, հնարավոր եղավ շատ արագ մշակել արտակարգ իրավիճակներում վաղ մանկական ուսումնառության համար անհրաժեշտ փաթեթներն ու մանկավարժների համար անհրաժեշտ վերապատրաստման ծրագրերը, և փոքրիկ անկյուններ հիմնել Դիլիջանում, Ծաղկաձորում, Սևանում և Ջերմուկում, որպեսզի Լեռնային Ղարաբաղից տեղահանված և կացարաններում տեղակայված երեխաները կարողանան նախադպրոցական կրթություն ստանալ։

Ծաղկաձորի կենտրոններից մեկում ավելի քան 10 երեխա նստած է երեք փոքրիկ սեղանների շուրջ․ յուրաքանչյուրը զբղվում է իր գործով՝ նկարում է, դոմինո է խաղում, բլոկներ է հավաքում։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

Ծաղկաձորի երկու հյուրատներում հիմնված և ընդամենը երեք օր աշխատած այս սենյակները հասցրել են հարազատ վայր դառնալ երեխաների համար՝ իրենց «սադիկը», իրենց սենյակը, իրենց տեղը։

«Շաբաթ օրը, երբ Տիգրանը եկավ ու տեսավ, որ «մանկապարտեզի» դուռը փակ է, լացելով բարձրացավ սենյակ։ Շատ էր տխրել, որ այդ օրը չի աշխատելու կենտրոնը»,- պատմեց Տիգրանի մայրիկը՝ Էլինան։ Երբ Տիգրանին հարցրի, թե ինչու է ուզում գալ մանկապարտեզը, պատասխանեց․ «Գալիս եմ մեր սենյակ, որ լավ նկարենք, լավ պարապենք, լավ խաղանք, լավ մարզվենք, լավ հեքիաթներ լսենք։ Եթե չգամ էստեղ, ես շատ-շատ կտխրեմ»։

Առաջին հյուրատանը ստեղծված կենտրոնի դաստիարակը՝ Իսրայելյան Մանյան աշխատում է Ծաղկաձորի մանկապարտեզում՝ որպես հոգեբան։ Նա ասաց, որ նույնիսկ կարճ ժամանակահատվածում երեխաներն իրոք փոխվել են:

Առաջին հյուրատանը ստեղծված կենտրոնի դաստիարակը՝ Իսրայելյան Մանյան խոսում է փոքրիկ տղայի հետ։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

«Ակզբից շատ կաշկանդված էին, չէին շփվում միմյանց հետ, շատ պասիվ էին, ընկճված։ Երևում էր, որ նրանց համար սա մի նոր ու անսովոր միջավայր է, բայց սա երեխաների համար պետք է որ լիներ ամենասովորական միջավայրը։ Նրանց իրենց համար բնական միջավայր բերելով՝ կօգնենք հաղթահարել պատերազմի թողած տագնապային զգացումները և կպատրաստենք նրանց դպրոցին ու չեմ վախենա ասել՝ ապագային»:

Ամփոփելով իր խոսքը` ընկեր Մանյան ասաց․ «Պատկերացրեք 10 երեխայից ընդամենը մի քանիսը թվերը գիտեն, մնացածը չեն ճանաչում։ Ոչինչ, խաղի միջոցով մաթեմատիկա էլ կանենք, տառերն էլ կսովորենք, երեխաների խոսքն էլ կզարգացնենք»։

Երբ արդեն այս կենտրոնում օրվա կրթական ծրագիրն ավարտվում էր, ծնողները եկան երեխաների հետևից։ «Ինչքան ուզում է տանը սովորի, մանկապարտեզը լրիվ այլ է։ Չնայած՝ վաղուց, տանն էլ ոչինչ չէինք անում։ Երեկ նկատեցի, որ մատների վրա հաշվում է՝ երկու, երեք, չորս, վեց, այդպես մինչև տասը։ Մտածեցի՝ մանկապարտեզում է սովորել ու մի տեսակ ուրախացա, ոգևորվեցի»,- ասաց Սիրանուշը՝ Բորիսի մայրիկը, և ավելացրեց, որ շատ պետք է լինեն այս դասերը․ «շաբաթական երեք օրը երեք ժամով քիչ է, ամեն օր, որ լինի, ավելի լավ կլինի»։

Կենտրոնի աշխատանքի ավարտից հետո Բորիսի մայրիկը՝ Սիրանուշը գրկում է Բորիսին, որպեսզի տանի նրան իրենց սենյակ։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

Փոքրիկ Անիի մայրիկը՝ Մարինան, մանկավարժ է և օգնում է երկրորդ հյուրատան մանկապարտեզի դաստիարակին՝ ընկեր Աննային, հավելեց․ «Այստեղ ինչ սովորում է, տանը անպայման կրկնում ենք, որ ամրապնդենք։ Ծնողները բոլորը գոհ են․ սա իսկապես շատ անհրաժեշտ էր մեր երեխաներին․ այս փոքրերը հյուրատնից դուրս ոչինչ չեն անում, հիմա զբաղվում են, գիրք են կարդում, մի բան են ներկում, հարցերին պատասխանել են սովորում, նստել-վեր կենալ են սովորում։ Շատ լավ մտահղացում է, հույս ունենք՝ ինչքան այստեղ լինենք, այդքան էլ կենտրոնը կաշխատի»։ 

Ծաղկաձորի կացարաններից մեկում հիմնած կենտրոնում Մարինան խոսում  իր փոքրի աղջկա՝ Անիի հետ՝ նստած հատակին։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

Երկրորդ հյուրատանը ստեղծված կենտրոնի դաստիարակը ընկեր Ասատրյան Աննան է, ով Ծաղկաձորի մանկապարտեզի տնօրենն է, նշեց, որ հենց առաջին օրը նկատել է, թե որքան են ոգևորվել երեխաները, երբ տեսել են խաղալիքները, միասին սկսել են ներկել, խաղալ։

«Այստեղ իրենք ազատ են, մենք խրախուսում ենք երեխաների ստեղծագործական միտքը, երևակայությունը, գուշակելու կարողությունը։ Իմիջիայլոց, հենց նույն օրը նոր ստացած գիտելիքներն ամրապնդում ենք նաև նկարչության, արվեստի միջոցով»։

Ճիշտ այդպես, թաթմանի մասին հեքիաթը լսելուց հետո երեխաները սկսեցին թաթմաններ պատրաստել։ Երեխաների մի խումբը ընտրեց թելերով աշխատանքը, մյուսը՝ մատիտներով ներկելը։ Չնայած, ի վերջո, մեկն ավարտելուց հետո, երեխաները շտապ մոտենում էին դաստիարակին և անպայման ուզում էին նաև մյուս տարբերակը փորձել։

Կենտրոնի դաստիարակը՝ Աննա Ասատրյանը, երեխաների հետ գրատախտակին է փակցնում երեխաների աշխատանքները։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

Զրուցեցինք Լեռնային Ղարաբաղից Ծաղկաձորում ժամանակավոր բնակություն հաստատած Գոհար Աբրահամյանի հետ, որ ճիշտ է իր վեց երեխաների հետ, այս նույն հյուրատանը չի բնակվում, բայց անձամբ էր եկել ծանոթանալու, հետո՝ նաև հասկանալու, թե արդյոք կկարողանա իր տղային՝ վեցամյա Գոռին, նույնպես բերել այստեղ։ «Շատ եմ ափսոսում, որ մեր հյուրանոցում այսպիսի կենտրոն չկա։ Մեզ մոտ էլ այս տարիքի երևի տասը երեխա կլինի, ու քանի որ հիմնականում մայրիկները շատ երեխաներ ունեն, և հիմնականում նաև «գրկի» երեխաներ են, չեն կարող որևի մեկի հսկողության թողնել նրանց ու երեխաներին մանկապարտեզ տանել-բերել։ Դրա համար հենց հյուրատանը այսպիսի կենտրոն ստեղծելը հրաշալի գաղափար է։ Եթե մեզ մոտ չբացվեց, պետք է հասկանամ, ինչպես բերեմ տղայիս այս մի կենտրոն։ Լինելով մանկավարժ՝ չեմ կարող թույլ տալ, որ նա մնա առանց մանկապարտեզ հաճախելու։ Դա ճիշտ չի լինի։ Հետո մնա տանը ինչո՞վ զբաղվի՝ ամբողջ օրը հեռախոսով մուլտֆիլմ նայի՞, փոխարենը կգա այստեղ ու օրինակ, թաթմանի մասին հեքիաթ կլսի»։

Կենտրոնում տղան ցույց է տալիս թղթից պատրաստած և թելերով պատած իր թաթմանը։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

Տիկին Գոհարենց հյուրանոցում նման կենտրոն չհիմնելն ունի իր օբյեկտիվ պատճառները, սակայն ծրագրի շրջանակոմ նախատեսվում է ապահովել տրանսպորտ այդ հյուրանոցի երեխաներին մոտակայքի կենտրոն բերել-տանելու համար։

Խմբի ամենաակտիվը՝ երկու պոչիկով Ալյոնան ասաց, որ իր սադիկը շատ է սիրում, քանի որ սադիկում շատ խաղալիքներ կան ու այստեղ իր ընկերուհիների՝ Մանեի, Աստղի ու Մարիի հետ խաղում է դրանցով։ Ալյոնան մեզ պատմեց ամեն ինչի մասին՝ Լեռնային Ղարաբաղում մնացած իր «քուչի»(փողոցից վերցրած) շան, իր դեդոյի(պապիկի) մասին, իր տան, իր բակի ու իրենց տանը մնացած խաղալիքների մասին։ Հետո կարծես վերադառնալով ներկային՝ ասաց.

Ալյոնան նստած է սեղանի շուրջ և խաղումէ  փայտյա գունավոր բլոկներով։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

«Էս էլ մեր սադիկն է, ստեղ էլ շատ խաղալիքներ կան, ու էս սադիկը «թխում չեն»(անվտանգ է)»։

Եվ այո, Էս սադիկները ստեղծվել են, որ երեխաները երեխա մնան, որ իրենց անվտանգ ու ապահով զգան, որ կրթվեն ու հետ չմնան․ մի օր տարվա եղանակները սովորեն, մյուս օրը՝ թվերը, հաջորդ օրը՝ հեքիաթներ լսեն ու բեմադրեն, և որ դպրոցին ու ապագային ավելի պատրաստ լինեն։ Իսկ ծնողներն անթաքույց ուրախանան երեխաների ձեռքբերումներով ու նորեն հույսով լցվեն։ Այո՛, կյանքը շարունակվում է, իսկ մենք նոր ապագա կառուցելու հնարավորություն ենք ունենում՝ չանտեսելով ոչ մի երեխայի, և ամեն գնով նրանց համար իրենց ներուժին հասնելու ավելի լավ հնարավորություն ստեղծելով։ Ամեն ինչ փոքրիկ քայլերից կամ փոքրիկ անկյուններից է սկսվում։

Ալյոնան նստած է սեղանի շուրջ իր ընկերուհիների հետ և ուրախ ու հրճվանքով խաղում է նրանց հետ։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari