Ջիլիզա-Ջիզելլա․ երբ «յուրաքանչյուր երեխայի համար»-ը ոչ թե պարզապես կարգախոս է, այլ՝ իրականություն

Վաղ մանկական կրթությունն այլևս իրականություն է Ջիլիզայի յուրաքանչյուր երեխայի համար

Ագնեսա Թոփուզյան
Ջիլիզայում հին ավտոբուսի կարկաս է, որի վրա գրված է Ջիզելլա։
UNICEF Armenia/2020/Margaryan
24 Սեպտեմբեր 2020

25 տարի առաջ էր, երբ վերջին անգամ Ջիլիզայում էի։ Սրտի թրթիռով սպասում էի երբեմնի սիրելի, գողտրիկ գյուղին նորից հանդիպելու։ «Աշխարհի ծա՜յր», «գլոբուսից դուրս» արտահայտություններին մանկուց սովոր էի և չէի զարմանում, երբ լսում էի, թե ինչպես են մարդիկ արտահայտվում մի գյուղի մասին, որ մի կողմից, իսկապես հանրապետության ծայրն է, սահմանամերձ լինելով հարևան Վրաստանին, մյուս կողմից, անվերջանալի թվացող ճանապարհի պատճառով այդպիսին է դարձնում տարածության ընկալումը փոքրիկ այս գյուղի տեղանքի պատճառով։ Ճանապարհ, որ անցնում է զառիվեր լեռներով, անդունդների եզերքով և խորը թախիծի մեջ գցող, ծայրահեղ աղքատ գյուղերի միջով։ Ճանապարհ, որ տեղ-տեղ ճանապարհ կոչվել անգամ չէր կարող․․․

Բայց արևոտ եղանակն ու իրենց նոր կարգավիճակը վայելող փոքրիկներին տեսնելու, նրանց հետ որոշ ժամանակ անցկացնելու, «օգտակարը հաճելիի հետ» համատեղելու սպասումն ամեն ինչից վեր էր և արդարացրեց իրեն:

Ջիլիզա գյուղում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմնադրած այլընտրանքային մանկապարտեզ հաճախող երեխաները նստած են հատակին և ձեռքերով փակել են իրենց դեմքը։
UNICEF Armenia/2020/Margaryan

Ավանդական ինքնաբուխ «բարեւ՜ ձեզ»-ն այնքան ոգևորիչ հնչեց 6 փոքրիկ ջիլիզեցիների շուրթերից և այնքան զրնգուն էր, որ վստահաբար կարելի էր ասել՝ հաստատ վայելում են իրենց նոր՝ մանկապարտեզի սան լինելու կարգավիճակը։ Խաչիկն էր, Ալվարդը, Անահիտը, Նարեկը, Մհերը և Էլինան։ Եվ դե իհարկե, փոքրիկների մանկապարտեզի առօրյան այդ օրն իր վրա վերցրած ընկեր Սիրարփին (լավ չէր, որ ընկեր Անուշը հիվանդացել էր, բայց լավ էր, որ ծանոթացանք ընկեր Սիրարփիի հետ)։

«Մա՜մ, փողկապս տու՛ր, մանկապարտեզ վարչապետի նման եմ գնալու», կարգադրել էր մորը նախորդ գիշեր չորսամյա Նարեկը։

«Մեր ոգևորվածությանը չափ ու սահման չկար», -ասում է Նարեկի 33-ամյա մայրը՝ Քրիստինեն, որ նույն շենքում գործող, ընդամենը 19 աշակերտ ունեցող դպրոցի տնօրենն է, - «Չէինք էլ մտածում, որ մի օր մեր գյուղի փոքրիկները հնարավորություն կունենան մանկապարտեզ հաճախել»։ 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի, համայնքի և հենց իրենց՝ ծնողների ջանքերով ստեղծված և կահավորված գունագեղ կենտրոնը, որ զբաղեցնում է գյուղի միակ վարչական շենքի մի սենյակ ընդամենը, հույսի աղբյուր է դարձել շուրջ հարյուր բնակիչ ունեցող փոքրիկ այս գյուղի երիտասարդ ծնողների համար։ Սա ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից մշակված այլընտրանքային մանկապարտեզի մի մոդել է, որ նախատեսված է փոքրաթիվ բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերի համար։ Հիմքում՝ ուսումնասիրություններն են այն մասին, որ էական է երեխայի կենտրոն հաճախելու պարբերականությունը տարիների առումով, այլ ոչ տևողությունը՝ ժամերի առումով։ Բացի այդ, այս մոտեցումն առավել արդյունավետ է տարածքի, ժամանակի, մարդկային և ֆինանսական ռեսուրսների ծախսման տեսանկյունից, հատկապես հեռավոր և ոչ խիտ բնակեցված համայնքներում: Դեռ ավելին՝ այս կենտորնները կցված են լինում հիմնական մանկապարտեզներին՝ խնայելով որոշ պահպանման և կառավարչական ծախսեր:

Փոքրիկ տղան լվացվում է Ջիլիզա գյուղում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմնադրած այլընտրանքային մանկապարտեզում։
UNICEF Armenia/2020/Margaryan

Ընդամենը երկու շաբաթում երեխաների մեջ այնքա՜ն փոփոխություն է նկատվում, - շտապեց ավելացնել վեցամյա Խաչիկի ու չորսամյա Ալվարդի մայրիկը։ Մի տեսակ անմիջապես կարգապահ են դարձել, ժամանակին քնում են, որ հանկարծ հաջորդ օրը մանկապարտեզից չուշանան։ «Մա՜մ, շուտ արթնանաք, վազենք մանկապարտեզ, որ այնպես չլինի, ընկեր Անուշը գա, մենք էնտեղ չլինենք», քնելուց առաջ ասում է Խաչիկը:

Երեխաները, որոնք 3-ից 6 տարեկան են, արդեն գիտեն, թե ով ինչ է դառնալու: Ապագա ոստիկաններն են, ուսուցչուհին ու բժիշկը։

Ամեն ինչ հույս էր ներշնչում, լույս ճառագում, հեքիաթ հիշեցնում․․․ Այո՛, հեքիաթ, որի մեջ կան չար ու բարի ուժեր։ Ու հենց այդ չար ուժի նման մի օր հայտնվեց անտեսանելի հրեշը՝ Կորոնավիրուսը, և աշխարհի քարտեզի վրա չերևացող այս փոքրիկ գյուղի փոքրիկ բնակիչների կյանքը տակնուվրա արեց՝ այդքան սպասված ուրախությունը մթագնելով ու նրանց նախադպրոցական կրթությունից զրկելով «երկար-բարակ» ամիսներ։ Իհարկե, անվերջանալի թվացող այս օրերին փոքրիկների առօրյան այնքան էլ ոգեշնչող չէր, հիմնականում անցնելով էկրանի դիմաց, բայց հույսը նրանց փոքրիկ սրտերում չէր մարում։ Չէ՞ որ նրանք գիտեին, որ հեքիաթներում միշտ բարին հաղթում է չարին, ու նրանք, համբերությամբ զինված, սպասում էին։

«Լավ չէր, որ պարտեզ չէի գալիս։ Լիքը-լիքը կարոտում էի պարտեզը։ Ու ամենաշատը՝ Էմիլիին։ «Էստեղը» շատ լավն է»,- էկրանի մյուս կողմից պատմում է կորոնավիրուսային իր ապրումների մասին Նարեկը։  

«Բայց մամայիս էի օգնում՝ փայտ էի կոտորում, քույրիկներիս հետ խանութպան-խանութպան խաղում։ Ես ձկնավաճառն էի․․․»

Նարեկը պատասխանում է մեր հարցերին՝ հեռախոսային զանգի միջոցով։
Screenshot

Այս օրերին էլ, ՅՈՒՆԻՍԵՖ-ն առանց աջակցության չթողեց թե՛ Ջիլիզայի փոքրիկներին, և թե՛ համայնքի մյուս նախակրթարանների երեխաներին՝ վերաբացմանն ընդառաջ տրամադրելով կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ամենաանհրաժեշտ միջոցները՝ ախտահանիչ նյութեր և հիգիենայի պարագաներ։ Մենք նաև ադապտացրել և մշակել ենք դաստիարակի մեթոդական համապատասխան ուղեցույց և դիդակտիկ նյութեր տրամադրել՝ նախակրթարանների սաներին խաղային եղանակով կորոնավիրուսի մասին սովորեցնելու և նրանց մոտ անվտանգ վարքագիծ ձևավորոլու համար:

Ու եկավ այդ սպասված օրը, հանրապետության մյուս նախակրթարանների նման, բացվեց նաև Ջիլիզայի նախակրթարանի դուռը՝ իր փոքրիկ, բայց լուսավոր սենյակում հյուրընկալելով աշխարհը բացահայտելու ճամփան բռանած իր հերոսներին։ Նրանք արդեն հասցրել են սովորել ձեռքերը ճիշտ լվանալու ու ախտահանելու հմտությունները, գիտեն, որ որոշ ժամանակ պիտի մի քիչ հեռու նստեն միմյանցից՝ փորձելով խաղալ՝ հեռավորություն պահպանելով։ Նրանք գիտեն, որ չարին հաղթելու համար, պիտի միասին գործեն, ու միահամուռ ջանքերով անպայման կհաղթեն։ Չէ՞ որ իրենց սովորած նոր երգի մեջ էլ է այդպես ասվում՝ աջ ու ձախը միացան, վիրուսին դեմ դուրս եկան, վիրուսը շատ վախեցավ ու վախից ոչնչացավ։

Ջիլիզայի այլընտրանքային մանկապարտեզում երեխաները խաղում են գնացք-գնացք, երբ մեկը բռնում է մյուսի փեշից և այդպես միասին փորձում են քայլել։
UNICEF Armenia

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ջանք ու եռանդ չի խնայելու, որ Հայաստանում բնակվող յուրաքանչյուր երեխա, անկախ բնակության վայրից, թե՛ կորոնավիրուսային համավարակի ընթացքում, թե՛ դրանից հետո կարողանա կրթվել և զարգանալ։ Մենք դա արել ենք արդեն 15 հեռավոր բնակավայրերում, մենք դա արեցինք աշխարհի ծայրը համարվող Ջիլիզայում։

Առջևում՝ նոր փոքր ու մեծ գյուղեր են հարյուրավոր փոքրիկ բնակիչներով, որոնք շատ չանցած կխնդրեն իրենց ծնողներին՝ արագացնել քայլերը, որ պարտեզից չուշանան։