Սպիտակում վերանորոգվել և վերականգնողական նոր ծառայություններով է համալրվել Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը և նոր ներառական խաղահրապարակ է կառուցվել
Երևան, 15-ը մայիսի, 2019: Այսօր Սպիտակում վերաբացվեց վերանորոգված և վերակահավորված, վերականգնողական նոր ծառայություններով համալրված Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը: ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը, Կրթության և գիտության նախարարությունը և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը համատեղել են իրենց ջանքերը՝ այս կենտրոնին նոր շունչ հաղորդելու և ավելի բազմազան կրթական ու վերականգնողական ծառայություններ տրամադրելու Սպիտակում ու մոտակա համայնքներում ապրող թե՛ հաշմանդամություն ունեցող ու թե՛ չունեցող երեխաներին ու նրանց ընտանիքներին:
Բացման արարողությանը ելույթ ունեցան Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Էդոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ու Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիան: Կենտրոնի բնականոն գործունեությունը ապահովելու համար հենց կենտրոնում փոխըմբռնման հուշագիր է կնքվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՀՀ կրթության և գիտության ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև:
Ծրագիրը, որի հիմնական նպատակներից մեկը հաշմանադամություն ունեցող երեխաներին ու նրանց ընտանիքներին իրենց համայնքում որակյալ ծառայությունները հասանելի դարձնելն է, կյանքի է կոչվել ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖ Արգենտինայի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի գրասենյակի և Արգենտինայի հայ համայնքի համատեղ ջանքերով: Կենտրոնը կահավորվել է «ՍՈՐՍ» հիմնադրամի կարի և փայտե արտադրամասում պատրաստված գույքով, ինչպես նաև հիմնադրամի կողմից է իրականացվել սարքավարումների ընտրությունը և մատակարարումը: Իսկ կինեզիո և էրգո թերապիաների փափուկ գույքը հիմնադրամի կողմից տրվել է որպես նվիրատվություն:
2018թ-ի դեկտեմբերի 7-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինյան գրասենյակները կազմակերպել էին գալա ընթրիք, որին մասնակցել են Արգենտինայի կառավարության, մասնավոր հատվածի և հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ հայտնի անձինք և մտավորականներ: Հանգանակված ողջ գումարն ուղղվել է Սպիտակ՝ չորս հիմնական ուղղություններով:
Այսօր արդեն հպարտությամբ հայտնում ենք, որ չորս ուղղություններից երկուսն այլևս իրականություն են՝ նոր ծառայություններով համալրված մանկավարժահոգեբանական կենտրոնը և նոր ներառական խաղահրապարակն այսօրվանից գործում են: Նպատակը մեկն է՝ հաշմանդամություն ունեցող ու չունեցող երեխաներին միասին զարգանալու հնարավորություն տալ՝ համապատասխան ծառայությունների ու խաղի շնորհիվ: Համատեղ խաղը կազմակերպելու համար Լոռու մարզպետարանի և Սպիտակի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ ստեղծվեց այս ուրախ ու համապատասխան սարքավորումներով հագեցած խաղահրապարակը, և երիտասարդների համար տեղադրվեցին ֆիզիկական վարժություններ կատարելու սարքավորումներ: Սա հնարավորություն կտա երիտասարդներին լինել ֆիզիկապես ակտիվ և հաճախակի մարզվել:
Ի դեպ, մայիսի 15-ը պատահական չի ընտրվել: Ընտանիքի միջազգային օրվա խորհրդով, կարևորելով ընտանիքի դերը ողջ հասարակության զարգացման մեջ, մենք լիահույս ենք, որ ներդրված ծառայություններն իսկապես կաջակցեն Սպիտակում ապրող ընտանիքներին ու կնպաստեն ողջ համայնքի զարգացմանը:
Մամուլի հարցերով պատասխանատու
Additional resources
Additional resources
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
Այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ը տոնում է Հայաստանում իր գործունեության 25-ամյակը և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք https://www.unicef.org/armenia
Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում, Թվիթերում և Ինստագրամում: