Շիրակի մարզում հաշմանդամություն կամ զարգացման հապաղում ունեցող երեխաներին կտրամադրվի վաղ կրթական և վերականգնողական ծառայություններ
Բուլղարիայի կառավարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարեցին Հայաստանում երեխաների սոցիալական ներառմանն ուղղված նոր ծրագրի մեկնարկը

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
ԵՐԵՎԱՆ, 29-ը մարտի, 2019թ-Երևանում այսօր ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի և Բուլղարիայի կառավարության միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր, որի հիմնական նպատակը վաղ տարիքի հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառումն է: Ստորագրման արարողությանը ելույթ ունեցան նաև ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տկն Տանյա Ռադոչայը բացման խոսքում նշեց, որ սա ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Բուլղարիայի կառավարության համագործակցությամբ Հայաստանում երեխաների խնամքի բարեփոխմանն ուղղված արդեն երկրորդ ծրագիրն է: «Հաշմանդամություն ունեցող երեխաները բոլոր երեխաների նման նույն հիմնական կարիքներն ունեն: Նրանց անհրաժեշտ է ընտանիքի անդամների սերն ու նրանց հետ միասին ապրելը, իրենց հասակակիցների հետ խաղալն ու հաղորդակցվելը, իրենց կարողությունները բացահայտելն ու երազելը: Մենք ամեն հարցում առաջինը երեխային ենք տեսնում, հետո մնացածը»,-եզրափակեց իր ելույթը տկն Ռադոչայը:
Այս համաձայնագրով Բուլղարիայի կառավարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ին հատկացնում է 125,000 ԱՄՆ դոլար՝ Շիրակի մարզի Ամասիայի խոշորացված համայնքում հաշմանդամություն կամ զարգացման հապաղում ունեցող երեխաներին վաղ կրթական և վերականգնողական ծառայություններ տրամադրելու համար:
ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության դեսպան տկն Մարիա Պավլովա Ցոցորկովան իր ելույթում նշեց որ հաշմանդամություն ունեցող երեխաները Բուլղարիայի աջակցության հիմնական թիրախն են, իսկ հատկապես կրթական համակարգում նրանց ներառումը՝ առաջնահերթություն: «Բուլղարիան մի շարք խորքային բարելավումներ է իրականացրել երեխայի խնամքի ոլորտում՝ ձգտելով հասնել միջազգային բարձր չափանիշների: Մենք բավականին մեծ փորձ ունենք կուտակած, որ ցանկանում ենք կիսել մեր գործընկեր երկրների հետ»- շեշտադրեց տկն Ցոցորկովան:
Տասնութ ամիս տևողությամբ այս ծրագիրը նախատեսում է առողջապահական, սոցիալական և կրթական ծառայությունների համակարգված և համագործակցային աշխատանք: ՀՀ կրթության և գիտության փոխնախարար տկն Արևիկ Անափիոսյանը կարևորեց միջոլորտային համագործակցությունը և ավելացրեց, որ այս սերտ համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի իրականցնել երեխաների համար անհրաժեշտ հետևյալ երեք հիմնաքարային կետերը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների վաղ հայտնաբերումը, նրանց ամբողջական ներառումը և երեխայի լավագույն շահը մշտապես ամենակենտրոնում դնելն ու պահելը:
Իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար տկն Ժաննա Անդրեասյանը շեշտադրեց, որ այս ծրագիրը կծառայի սոցիալական արդարությանը տարբեր առումներով: Փոխնախարարը նաև առանձնացրեց, որ ծրագիրը կխթանի կանանց ներգրավվածությունը՝ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին նույնպես մտնել աշխատաշուկա:
Բուլղարիայի կառավարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության մեկ այլ ծրագրին ծանոթացեք այստեղ:
Մամուլի հարցերով պատասխանատու
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
Այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ը տոնում է Հայաստանում իր գործունեության 25-ամյակը և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք https://www.unicef.org/armenia
Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում, Թվիթերում և Ինստագրամում: