ՅՈՒՆԻՍԵՖ-ը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Արգենտինայի հայ համայնքը միավորել են իրենց ջանքերը հանուն Սպիտակ քաղաքի

06 Ապրիլ 2019
Նատալյա Օրեյրոն և ՅՈՒՆԻՍԵֆ Հայաստանի ու Համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ միասին:
UNICEF Armenia/2019/Neo Simone

Երևան- Այսօր Երևանում տեղի ունեցավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպումը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Նատալիա Օրեյրոյի հետ, որի ընթացքում քննարկվեցին «Միասին հանուն Հայաստանի» ծրագրի մանրամասներն ու հեռանկարները: Ծրագիրը, որը մեկնարկել է այս տարի, կյանքի է կոչվել ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստնի և ՅՈՒՆԻՍԵՖ Արգենտինայի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի գրասենյակի և Արգենտինայի հայ համայնքի համատեղ ջանքերով:

«Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, պետք է նշեմ, որ բարեգործությունը սահմաններ չունի: Շատ ուրախ եմ, որ ՅՈՒՆԻՍԵՖ Արգենտինան, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը միավորել են իրենց ջանքերը հանուն այս գեղեցիկ երկրի երեխաների: Հրավիրում եմ բոլորին աջակցելու «Միասին հանուն Հայաստանի» նախաձեռնությանը,- հանդիպմանը նշեց Նատալիա Օրեյրոն»:

Ի հիշատակ Սպիտակի ավերիչ երկրաշարժի՝ 2018թ-ի նոյեմբերին ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինյան գրասենյակները ստորագրել են համաձայնագիր ՝ համատեղելու ջանքերը հանուն հայ երեխաների և երիտասարդների առողջության, կրթության և պաշտպանության և այս նպատակով ռեսուրսների հավաքագրում իրականացնելու համար:

2018թ-ի դեկտեմբերի 7-ին երկու կողմերը կազմակերպել են գալա ընթրիք, որին մասնակցել են Արգենտինայի կառավարության, մասնավոր հատվածի և հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև հայտնի անձիք և մտավորականներ: Ընթրիքի ընթացքում հանգանակվել է 9,262,000 արգենտինյան պեսո:

2019թ-ին այս գումարը կուղղվի անմիջապես Սպիտակ՝ 4 ուղղություններով: Այսօր արդեն ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը Սպիտակում կառուցում է առաջին ներառական խաղահրապարակը հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների և դեռահասների համար, ինչպես նաև բարելավում է քաղաքում մանկաբուժական ծառայությունների որակը: Շուտով կսկվեն երիտասարդների վերապատրաստման և նրանց 21-րդ դարի հմտություններով վերազինելու աշխատանքները, որը կօգնի երիտասարդներին ավելի վստահ մուտք գործել աշխատաշուկա: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաշխատի Սպիտակի՝ վերջերս վերակազմավորված երեխայի զարգացման ցերեկային խնամքի կենտրոնում՝ բարելավելու կենտրոնի պայմաններն ու վերականգնողական ու կրթական ծառայությունների որակը:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

Additional resources

Նատալիա Օրեյրոն կոչ է անում աջակցել Միասին հանուն Հայաստան ծրագրին

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  https://www.unicef.org/armenia

Այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ը տոնում է Հայաստանում իր գործունեության 25-ամյակը և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակը։

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին ՖեյսբուքումԹվիթերում և Ինստագրամում