Մանկապարտեզից դպրոց տեղափոխվելու Էլենայի բանաձևը

Էլենան ուժեղ աղջիկ է, ով հաղթահարել է շատ դժվարություններ ու հաճախել է Երևանի թիվ 92-րդ մանկապարտեզը, որի տարածքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ հիմնվել են վերականգնողական ծառայություններ զարգացման հապաղում կամ հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

Ժաննա Ուլիխանյան
Վարդագույն բլուզով Էլենան նստած է գրասեղանի մոտ իրենց լուսավոր դասասենյակում:
UNICEF Armenia/2019/Pizzoferrato
02 Ապրիլ 2019

Էլենան 8 տարեկան է: Նա սովորում է երկրորդ դասարանում: Թվում է՝ սա մի նախադասություն է, որ պետք է բնութագրի յուրաքանչյուր 8 տարեկան երեխայի, բայց դա այդպես չէ: Շատ ու շատ 8 տարեկան աղջիկներ ու տղաներ դպրոց չեն հաճախում, քանի որ նրանք մի քիչ տարբեր են, մի քիչ ուրիշ: Այդպիսին է նաև Էլենան, ով յուրովի է ընկալում իրեն շրջապատող աշխարհը, և յուրովի հաղորդակցվում մարդկանց հետ: Նա աշխարհն ու մարդկանց այլ կերպ է լսում, տեսնում ու զգում: Երբ շատ ոգևորված է, վազվզում է, հիացմունքը ճիչերով է արտահայտում, երբ շատ հոգնած է ու ձանձարացած, մի պահ նստում է գետնին ու հանգստանում: Էլենան չի խոսում, բայց իր բոլոր զգացմունքներն ու ցանկություններն արտահայտելու իր ձևերն ունի:

Էլենան ուժեղ աղջիկ է, ով հաղթահարել է շատ դժվարություններ ու հաճախել է Երևանի թիվ 92-րդ մանկապարտեզը, որի տարածքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ հիմնվել են վերականգնողական ծառայություններ զարգացման հապաղում կամ հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Այս մանկապարտեզը  շատ երեխաների այդքան կարևոր վաղ մանկական կրթություն ստանալու հնարավորություն է տվել ու տալիս, իսկ ծնողներին՝ անփոխարինելի աջակցություն թե՛ երեխայի զարգացման ու թե՛ ազատ ժամանակ ունենալու հարցում:

«Մանկապարտեզը շատ-շատ է օգնել մեզ: Էլենան ավելի կարգապահ դարձավ, նրա մոտ որոշակի ռեժիմ ձևավորվեց հենց մանկապարտեզ հաճախելուց հետո: Հենց պարտեզում է նա սկսել նստել սեղանի շուրջ, ինքնուրույն ուտել, ատամներն ինքնուրույն լվանալ», - ասում է Էլենայի մայրիկը՝ Մելեան:

«Ես շատ ուրախ էի ու հանգիստ, քանի որ գիտեի, որ մանկապարտեզում նրա հետ մասնագետներ են աշխատում: Ինձ համար սա իսկական աջակցություն էր, մի քանի ժամ այլ գործերին տրամադրելու միակ հնարավորությունը»:

Մելեա
Elena and her mom hugging in the school.
UNICEF Armenia/2019/Pizzoferrato

Կրթության առաջին անհրաժեշտ աստիճանն անցնելուց հետո, Էլենան արդեն ավելի վստահ ու անվախ է քայլել դեպի կրթության հաջորդ աստիճան՝ դպրոց, որտեղ կան հարմարություններ, հասակակիցներ ու մի հրաշալի ուսուցիչ՝ տկն. Երիցյանը:

«Ինձ համար բոլոր աշակերտներս հավասար են, ես չեմ առանձնացնում նրանց թե՛ դասերին, թե՛ միջոցառումներին: Նույնը ծնողական ժողովին, ես խոսում եմ իմ բոլոր երեխաների հաջողություններից: Իսկ որոշ դեպքերում հաջողությունները ավելի շատ են ու ակնհայտ: Էլենան նույնպես առաջին դասարանի համեմատ այնքան է փոխվել, նա հիմա անհամեմատ ավելի հանգիստ է նստում դասին, շատ սիրում է դերային խաղերը, շատ ոգևորվում է խաղերից, շատ լավ է նկարում, շատ գունեղ»,-ասում է տկն Երիցյանը, ով արդեն 22 տարի ուսուցիչ է: Ասում է՝  դժվար չէ, քանի որ սիրով է անում ու միշտ նախապես պատրաստում է թե՛ աշակերտներին ու թե՛ ծնողներին: Ժպտալով՝ անկեղծանում է, որ ծնողների հետ հաճախ շատ ավելի բարդ է, քան երեխաների հետ: «Ես խոնարհվում եմ այս երեխաների ծնողների առաջ: Իրենց նվիրվածության, անսպառ համբերության, իրենց աշխատանքի համար: Եթե բոլոր ծնողերը այսպես աշխատեին իրենց երեխաների հետ, այսքան ժամանակ անցկացնեին նրանց հետ...»

Elena's teacher guides her sitting next to her.
UNICEF Armenia/2019/Pizzoferrato

Էլենան մի աղջիկ է, որի ծնողներն ամեն ինչ անում են, որ նա երջանիկ լինի, որ մի փոքր ինքնուրույն դառնա ու գտնի կյանքում իր սիրած զբաղմունքը. ճիշտ բոլոր ծնողների նման: Էլենան մի աղջիկ է, ով առանձնահատուկ ջերմ է վերաբերվում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրեն են ջերմ վերաբերվում. ճիշտ բոլորիս նման: Նա սիրում է իր ընկերներին, հատկապես նրանց, ովքեր մոտենում են, շփվում են, ձեռքն են բռնում, վազում են իր հետ դասամիջոցին: Իսկ դասամիջոցն այն ժամանակն է, երբ երեխաները ավելի շատ հնարավորություն են ունենում միմյանց հետ շփվելու համար:

«Դպրոցը մեզ համար ոչ միայն ակադեմիկ գիտելիքներ ձեռք բերելու հարթակ է, այլ իր հասակակիցների հետ միևնույն տարածքում լինելու, իր կարողությունների սահմաններում, բայց միևնույն աշխատանքի, դասի մեջ ներգրավված լինելու հնարավորություն է»,- ասում է Էլենայի մայրը:

Elena communicates with her classmate during the arts and crafts lesson.
UNICEF Armenia/2019/Pizzoferrato

Ճիշտ է Հայաստանում վերջին տարիներին առաջընթաց է գրացվել ու եթե 2015թ-ին Հայաստանում հարցվածների 51%-ն էր ընդունում, որ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է հաճախեն պետական դպրոց, ապա 2018-ին արդեն 69%-ն է համաձայն այս պնդման հետ: Մտավոր հաշմանդամության դեպքում առաջընթացն ավելի ակնհայտ է. եթե 2015-ին հարցվածների 13% է համաձայնվել, որ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է հաճախեն սովորական դպրոց, ապա 2018-ին արդեն հարցվածների 44%-ն է համաձայն այս պնդման հետ: Բայց ստացվում է՝ բնակչության 56%-ը համաձայն չէ, որ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաները, իսկ 31%-ը՝ որ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաները սովորական պետական դպրոց հաճախեն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է ՀՀ կառավարությանը, որպեսզի յուրաքանչյուր երեխա Հայաստանում իրականացնի կրթության իր իրավունքը վաղ մանկությունից մինչև պատանեկություն: Մենք աջակցում ենք համապատասխան քաղաքականության ու գործողությունների ծրագրի մշակմանը, վերապատրաստել/վերապատրաստում ենք ուսուցիչներին, աջակցում ենք ապագա ուսուցիչներին ներառական մանկավարժության սկզբունքերը յուրացնելու և կիրառելու ուղղությամբ՝ մշակելով մասնագիտական ռեսուրսներ ու ծանոթացնելով միջազգային լավագույն փորձին, վերակազմավորել/վերակազմավորում ենք հատուկ դպրոցները, աջակցում ենք համայնքային ծառայությունների ստեղծմանը և կայացմանը, և վերջապես, աշխատում ենք իրազեկել հանրությանը ու նպաստել յուրաքանչյուր երեխայի հավասար իրավունքներ ու հնարավորություններ ունենալու գաղափարի ընկալմանը/ընդունմանը:

Elena and her mom are smiling to the camera.
UNICEF Armenia/2019/Pizzoferrato

Իսկ Մելեան վաղուց ընդունել է Էլենային այնպիսին, ինչպիսին նա կա: Ասում է՝ ամեն ծնող ախտորոշումը ստանալուց հետո, ինքն իր մեջ սկսում է ախտորոշումն ընդունելու գործընթացը ու պնդում, որ չընդունելու դեպքում խնդիրը սկսում ես երեխայից չտարանջատել:

Շատ կարևոր է ունենալ մարդիկ, մասնագետներ, ծնողներ, ովքեր հաղաթահարել են այս ամենը, ովքեր քեզ նույնպես կօգնեն անցնել այս ճանապարհը:

«Երբ ընդունում ես ու սիրում ես նրան այնպիսին, ինչպիսին կա, ամեն ինչ դրական ֆոնով ու հաղթանակներով է լինում: Մեր կյանքում հաղթանակները փոքր են, բայց հաճախ»: Ընտանիքում բոլորը պետք է ներգրավված լինեն, մաման միայնակ չպետք է լինի: Ասում է՝ ամուսինն իրեն շատ է օգնում: Իսկ Էլենան մի աղջիկ է, ով շատ կարևորում է հայրիկի խոսքը: Էլենան շատ սիրում է, երբ իր ընտանիքի բոլոր անդամները՝ հայրը, մայրն ու փոքրիկ եղբայրը, տանը միասին են լինում:

Elena is smiling while trying  to craft an animal with colorful papers.
UNICEF Armenia/2019/Pizzoferrato

Էլենան մի աղջիկ է, ով սիրում է վարդագույնը, սիրում է նկարել, սիրում է երաժշտություն լսել, սիրում է խաղալ իր փոքրիկ տիկնիկներով ու վազվզել իր դասընկերների հետ:

Էլենան մի աղջիկ է, մի լուսավոր երեխա և վերջ: