ՅՈՒՆԻՍԵՖ-ը Մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ այցելեց Սյունիք՝ ամփոփելու հինգամյա փոխհամագործակցությունը
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Երևան, 25-ը փետրվարի, 2022թ – Փետրվարի 17-18-ը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմը միացան Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և պաշտպանի գրասենյակի թիմին համատեղ այցելելու Սյունիք և տեղում ծանոթանալու երեխաների և կանանց իրավիճակին։
«Նախորդ հինգ տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետորեն համագործակցել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։ Մի շարք ձեռքբերումներ ենք գրանցել․ 2017թ-ին միասին հիմնեցինք երեխայի իրավունքների հատուկ բաժինը և սկսեցինք ողջ երկրում մշտադիտարկել երեխաների իրավունքները։ Այս տարիների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը(ՄԻՊ-ը) նաև դարձավ Երեխաների հարցերով օմբուդսմենների եվրոպական ցանցի լիիրավ անդամ։ Միասին ստեղծել ենք մի շարք գործիքներ և իրականացրել մի շարք վերապատրաստումներ, որի շնորհիվ ՄԻՊ-ն ամբողջ կարողությամբ աշխատում է երկրում երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Այս տարիների ընթացքում երեխաները սկսել են նաև անձամբ դիմել ՄԻՊ-ին, ինչը կարևոր ձեռքբերում է բոլոր երեխաների համար արդարադատության հասանելիության ապահովման տեսանկյունից։ Ուրախ եմ, որ միացա Սյունիքում երեխաների իրավիճակը դիտարկելու պրն Թաթոյանի առաքելությանը»,- նշեց տկն Վայգանդը։
Տկն Վայգանդը և պրն Թաթոյանը այցելեցին Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր, հանդիպեցին տնօրենի հետ, շրջայց կատարեցին կրթահամալիրում և շփվեցին սաների հետ։ «Այս կրթահամալիրը շարունակում է բարեհաջող աշխատել ծնողների հետ, ինչի արդյունքում նվազել է համալիրում գիշերող երեխաների թիվը»,- ներկայացրեց տկն Վայգանդը։ «Այն մասնագիտական փորձը, որ այս կենտրոնը կուտակել է շատ կարևոր է Հայաստանում շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմավորման գործընթացի համար»,- ավելացրեց տկն Վայգանդը։
Այցի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Մարդու իրավունքների պաշտպանը այցելեցին նաև երկու կենտրոն, որոնք աջակցում են համայնքի առավել խոցելի երեխաներին և նրանց ընտանիքներին։ Կենտրոններից մեկը գործում է Կապանի քաղաքապետարանին, մյուսը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտապնության նախարարությանն առընթեր։ Երկու կենտրոններն էլ Սյունքի և Լեռնային Ղարաբաղից Սյունիքում հաստատված երեխաներին ցերեկային խնամքի ծառայություններ են տրամադրում, այդ թվում՝ վերականգնողական աշխատանք հաշմանդամություն ունեցող երեխաների հետ, հոգեբանական աջակցություն բռնության ենթարկված երեխաների համար, իրավական աջակցություն աղքատության մեջ ապրող ընտանիքներին և այլն։
Քաղաքապետարանի աջակցությամբ գործող Մանկական կենտրոնում տեղեկացանք, որ անձնակազմի կարողությունների զարգացման, վերանորոգման, նոր սարքավորումներով վերազինման կարիք կա։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԻՊ-ի աշխատակիցները նաև տեղեկացան արդյունավետ ներառական ուսուցում իրականացնելուն խոչընդոտող մարտահրավերների մասին և հասարակության հետ աշխատելու, իրազեկման արշավներ իրականացնելու անհրաժեշտության մասին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն առընթեր գործող Երեխաների և ընտանիքի աջակցության կենտրոնը նախկին շուրջօրյա հաստատություն է, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ վերափոխվել և դարձել է համայնքային ցերեկային խնամքի կենտրոն: 2021 թվականին կենտրոնին լիազորվել է նաև ճգնաժամային կենտրոնի գործառույթներ՝ աջակցելու համայնքում և Լեռնային Ղարաբաղից տեղահանված և համայնքում բնակվող դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին։ Խնամքի ծառայություններից բացի, այն ներկայումս ապաստան է տրամադրում 2-ից 18 տարեկան 10 երեխայի։
Գործընկերները նկատեցին հատկապես արտակարգ իրավիճակներում համայնքին ավելի լավ աջակցություն ցուցաբերելու կենտրոնի ներուժը։ 2021 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի շնորհիվ վերանորոգվել են կենտրոնի երեք սենյակները, իսկ այս տարի լրացուցիչ աջակցություն կտրամադրվի, ներառյալ՝ կենտրոնի անձնակազմի կարողությունների զարգացումը, ինչպես նաև կենտրոնի հետագա հարմարեցումը շահառուների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կարիքներին։
«Համատեղ այցը հնարավորություն տվեց մեզ վերհանելու խնդիրներ, որոնց բախվել են Սյունքիում ապրող երեխաներն ու նրանց ընտանիքները թե՛ համավարակի, թե՛ հակամարտության պատճառով»,- նշեց տկն Վայգանդը։ «Հակամարտությունը և համավարակը բացասաբար են անդրադարձել երեխաների և նրանց խնամակալների հոգեկան առողջության վրա, իսկ Սյունիքի սահմանային որոշ շրջաններում ստեղծված իրավիճակը մտահոգում է բոլորին և է՛լ ավելի է վնասում երեխաների բարեկեցությանը՝ խաչընդոտելով նրանց անհրաժեշտ ծառայությունների հասանելիությանը և տրամադրմանը»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է աջակցել ՀՀ կառավարությանը երեխայի պաշտպանությանը և սոցիալական ապահովությանն ուղղված բարեփոխումների գործում, որպեսզի ապահովենք, որ բոլոր և հատկապես ամենախոցելի երեխաները ժամանակին ստանան իրենց անհրաժեշտ ծառայությունները։ Մենք նաև շարունակելու ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության, սփյուռքի կազմակերպությունների և մասնավոր այլ ընկերությունների հետ՝ հանուն Հայաստանում համայնքային ծառայությունների հետագա ընդլայնման և զարգացման։
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ակնկալում է շարունակել արդյունավետ համագործակցությունը Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ՝ ավելի զարգացնելու երեխաներից դիմումների ստացման և արձագանքման մեխանիզմը և բարձրացնելու երեխաների իրավունքների մասին իրազեկվածությունը՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային համահունչ»:
Մամուլի հարցերով պատասխանատու
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար ավելի քան 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:
Հետևե՛ք մեզ Facebook, Twitter, Instagram և YouTube սոցիալական հարթակներում: