Հայտարարություն Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդից

«Սիրո նամակ մեկին, ում երբևէ չեմ հանդիպել»

25 Ապրիլ 2022
Փոքրիկը պատվաստում ստանալիս:
UNICEF Armenia/2016/Pirozzi

«Նրա անունն էր Ջեյմս Ֆիփս. 1796 թվականին, երբ նոր էր բոլորել նրա 8 տարին, Էդուարդ Ջենները նրան պատվաստեց առաջին ժամանակակից պատվաստանյութով: Այդ պատվաստանյութը նրան պաշտպանեց ջրծաղիկից: Մինչ դրա ստեղծումը դարավոր փորձեր էին արվել հյուսիսաֆրիկացի բժիշկների, կոստանդնուպոլսցի տատիկների ու Չինաստանի Մին դինաստիայի բժիշկների կողմից, որոնք բոլորն էլ ձգտում էին գտնելու գալիք սերունդներին հիվանդությունից և մահից պաշտպանելու միջոցները:

Այդ փնտրտուքին ես լավ ծանոթ եմ, քանի որ աշխատում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ում, և 75 տարի շարունակ մենք եղել ենք պատվաստանյութերի ամենախոշոր մատակարարը, որի շնորհիվ իմունացվել են երկրագնդի երեխաների 45 տոկոսը:

Սակայն կար ժամանակ, երբ ես էլ երեխա էի, և շատ հավանական է, որ ես, ինչպես և շատ երեխաներ, որոնց հետ այսօր աշխատում ենք, կարող էի ուղղակի չլինել, եթե չպատվաստվեի: Դա է պատճառը, որ գրում եմ այս սիրո խոստովանությունը իմ, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ում աշխատող յուրաքանչյուրի և պատվաստանյութերի շնորհիվ այսօր ապրող ամեն երեխայի անունից:

Մենք բոլորս ուզում ենք ասել շնորհակալություն:

Շնորհակալություն վիրուսոլոգ Յոնաս Սալկին պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութի համար: Շնորհակալություն Քեթի Կարիկոյին, որի ներդրումը՝ մեսենջերային ՌՆԹ-ն (mRNA), օգնել է մեզ պայքարելու ՔՈՎԻԴ-19-ի դեմ: Շնորհակալություն նոբելյան մրցանակակիր Մաքս Թեյլերին, որի թիմը մոծակներին սնել է նույն այդ մոծակների արյամբ՝ դեղին տենդի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար:

Շնորհակալություն բոլոր աշխատողներին, որոնք սրվակներ են լցնում գործարաններում: Շնորհակալություն նախագծողներին, որոնք արևային սառնարաններ են ստեղծել՝ այդ սրվակները սառը պահելու համար: Շնորհակալություն նավերի անձնակազմերին, օդաչուներին ու վարորդներին, որոնք անձրևների սեզոնին արիաբար նավարկել են վարարած գետերում կամ բազում կիլոմետրեր հաղթահարել ձնառատ ճանապարհներին, որպեսզի երեխաներին հասցնեն անհրաժեշտ դեղաբաժինը:

Հասնելով Հայաստանին՝ ասում եմ շնորհակալություն այս գեղեցիկ երկրի բոլոր բժիշկներին ու բուժքույրերին, որոնք ապահովելով պատվաստման ավելի քան 90 տոկոս ծածկույթ, պաշտպանում են երեխաներին կանխարգելելի վարակներից: Շնորհակալություն պոլիոմիելիտը վերացնելու և 2002թ-ին Հայաստանը պոլիոմիելիտից ազատ երկիր դարձնելու համար: Շնորհակալություն երեխաներին կարմրուկից պաշտպանելու համար. հպարտ ենք, որ այս երկրում 2009թ-ից ի վեր կարմրուկով վարակի դեպք չի գրանցվել: Շնորհակալություն բոլոր բժիշկներին և բուժքույրերին, որոնք փորձում են երեխաներին զվարճացնել ներարկման ընթացքում, որպեսզի դրանք շատ ցավոտ չլինեն: Եվ շնորհակալություն պոլիկլինիկաներին և ամբուլատոր ծառայություններին, որոնց շնորհիվ Հայաստանի ամենահեռու և սահմանափակ ռեսուրսներով բնակավայրերում երեխաները կարող են բժշկի գնալ:

Սա սիրո նամակ է՝ ուղղված ձեզ բոլորիդ:

Շնորհակալություն Էլվիս Փրեսլիին, որը 1956 թվականին համերգից առաջ պատվաստվեց՝ պոլիոմիելիտի մասին աշխարհին հայտնելու համար. այդպես է վայել արքաներին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավար Ջիմ Գրանթին, որը 1980-ականներին արել է ամեն ինչ՝ երեխաների պատվաստումների համաշխարհային ցուցանիշը 20-ից 80 տոկոսի հասցնելու համար, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որը 1966 թվականին դրեց Իմունացման հիմնական ծրագրի սկիզբը, և ընդամենը 11 տարում ջրծաղիկը վերացրեց աշխարհի երեսից:

Յուրաքանչյուր տարի պատվաստանյութերը փրկում են մինչև 3 միլիոն երեխայի կյանք: Սակայն դեռևս կան երեխաներ, որոնց դրանք չեն հասնում: Համավարակի հետևանքներից վերականգնվելու գործում ներդրումներ անելը մեր սերնդի համար հազվագյուտ հնարավորություն է ձևավորելու առողջապահական համակարգեր, որոնք հասանելի կլինեն յուրաքանչյուր երեխայի:

Ուստի այս սիրո նամակը ուղղված է կառավարությունների ղեկավարներին, նրանց, ովքեր առողջապահությանը լուրջ են վերաբերվում, որովհետև միակ միջոցը, որի օգնությամբ այսքան հեռու ենք գնացել, և միակ միջոցը, որով է՛լ ավելի հեռու կգնանք, բոլորին հասանելի առողջապահության մեջ ներդրումներ կատարելն է:

Իսկ այժմ պետք է ևս մեկ մարդու շնորհակալություն հայտնենք, և այդ մարդը ԴՈՒՔ եք: Այս սիրո նամակն ուղղված է ձե՛զ, որովհետև եթե դուք երբևէ պատվաստվել եք կամ պատվաստել եք ձեր երեխաներին, ուրեմն մաս եք կազմել այն շղթայի, որը բոլորիս ապահովություն է պարգևել: Դուք կենդանի ապացույցն եք նրա, թե մարդկությունն ինչ կարող է անել նվիրման, համագործակցության և սիրո միջոցով: Եվ ուրեմն ՅՈՒՆԻՍԵՖ-ում աշխատող ամենքի և պատվաստանյութերի շնորհիվ այսօր ապրող յուրաքանչյուր երեխայի անունից ասում ենք՝ ի սրտե շնորհակալություն:

Եկե՛ք ապահովենք #ԵրկարՏարիներիԿյանք բոլորի համար #LongLifeForAll»:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: [email protected]

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Twitter, Instagram և YouTube-ում: