Հայաստանը հրապարակում է տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող երեխաների սեռական ոտնձգության և բռնության վերաբերյալ առաջին ազգային զեկույցը
- Հայերեն
- English
ԵՐԵՎԱՆ, դեկտեմբերի 31, 2025 թ. - Այսօր հրապարակված նորարարական զեկույցը փաստում է, որ Հայաստանում համացանցից օգտվող 12–17 տարեկան երեխաների 5 տոկոսը վերջին մեկ տարվա ընթացքում ենթարկվել է տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող սեռական ոտնձգության և բռնության: Տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող երեխաների սեռական ոտնձգության և սեռական բռնության դեպքերի 71 տոկոսը տեղի է ունեցել բացառապես առցանց միջավայրում՝ սոցիալական մեդիա հարթակների կամ առցանց խաղային հարթակների միջոցով։ Ամենատարածված դրսևորումներից է եղել սեռական բնույթի պատկերների անցանկալի ցուցադրումը։
«Disrupting Harm in Armenia» (վերջ տալ վնասին) զեկույցը երկրի առաջին համապարփակ քայլն է՝ հասկանալու և հասցեագրելու տեխնոլոգիաների միջոցով իրականացվող երեխաների սեռական ոտնձգության և սեռական բռնության խնդիրը։ Safe Online-ի կողմից ֆինանսավորվող և ԷՍՊԱԹ Ինթերնեշնլ-ի (ECPAT International), ԻՆՏԵՐՊՈԼ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ինոչենտի հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացվող հետազոտական նախագիծն արդեն իսկ կարևոր տվյալներ և վերլուծություններ է փաստագրել 13 երկրում։ Հայաստանում հետազոտությունն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՀՀ ներքին գործերի նախարարության և ԻՆՏԵՐՊՈԼ-ի տեղական բյուրոյի հետ սերտ համագործակցությամբ։
Հիմնական արդյունքներից են՝
- Հայաստանում համացանցից օգտվող 12–17 տարեկան երեխաների 5 տոկոսը վերջին մեկ տարվա ընթացքում ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության։
- Դեպքերի 71 տոկոսը տեղի է ունեցել ամբողջությամբ առցանց միջավայրում՝ հաճախ սոցիալական մեդիա հարթակների միջոցով, ինչպիսիք են Instagram-ը, Snapchat-ը, TikTok-ը և Telegram-ը։
- Հանցագործների 57 տոկոսը երեխաներին ծանոթ անձինք են եղել, այդ թվում՝ հասակակիցներ ու ծանոթներ, ինչը հերքում է այն առասպելը, թե ամենամեծ վտանգն անծանոթներն են ներկայացնում։
- Տուժածների կեսից ավելին (53 տոկոսը) երբևէ որևէ մեկին չի հայտնել բռնության մասին, և որևէ դեպքի մասին չի ահազանգել ոստիկանությանը։ Ամոթը, խարանը և զոհին մեղադրելու վախը եղել են բացահայտմանը խոչընդոտող հիմնական գործոնները։
- Բռնության այսպիսի ձևերի ենթարկված երեխաները 12 անգամ ավելի հավանական է, որ ինքնասպանության մտքեր ունենան և 21 անգամ ավելի հավանական է, որ ինքնավնասման դիմեն՝ համեմատած իրենց հասակակիցների հետ՝ կրելով հոգեկան առողջությունը վնասող լուրջ հետևանքներ, սոցիալական մեկուսացում և երկարաժամկետ հոգեբանական տրավմա:
Զեկույցը կոչ է անում հրատապ բարեփոխումներ իրականացնել՝ օրենքների ամրապնդման, ահազանգելու անվտանգ մեխանիզմների ստեղծման և այն վնասակար սոցիալական նորմերի հաղթահարման ուղղությամբ, որոնք նպաստում են հարկադրված լռության և խարանավորման պահպանմանը։ Մասնավորապես, առաջիկա տարիներին ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկեր կազմակերպությունները կենտրոնանալու են հետևյալ ուղղությունների վրա․
- Կրթություն․ դպրոցական ուսումնական ծրագրերի արդիականացում՝ ներառելով համապարփակ և տարիքահեն տեղեկատվություն առցանց անվտանգության վերաբերյալ։
- Իրավական բարեփոխումներ․ գայթակղման (grooming) և սեռական շանտաժի (sexual extortion) սահմանումների ներդրում, երեխաների սեռական բռնության ենթարկվող երեխանրի տեսաֆիլմերի ուղիղ հեռարձակման քրեականացում, ինչպես նաև հարթակների պարտավորեցում՝ հայտնել և հեռացնել երեխաների սեռական բռնություն պարունակող նյութերը։
- Արդարադատության համակարգ․ երեխայակենտրոն ընթացակարգերի ներդրում, Հայաստանի միացում ԻՆՏԵՐՊՈԼ-ի ICSE տվյալների բազային, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատակիցների և դատավորների համար մասնագիտացված վերապատրաստումների իրականացում։
- Համայնքային ներգրավում․ զոհին մեղադրելու պրակտիկաների հասցեագրում և ծնողների, ուսուցիչների ու առաջնային օղակի մասնագետների վերապատրաստում՝ աջակցող արձագանք ապահովելու նպատակով։
- Հոգեկան առողջության աջակցություն․ տրավմայի ազդեցությունը հաշվի առնող մոտեցում ունեցող մանկական հոգեբանների համազգային ցանցի ձևավորում և երեխաների պաշտպանության ծառայությունների կայուն ֆինանսավորման ապահովում։
«Հայաստանում իրականացված «Disrupting Harm» հետազոտությունը վերահաստատում է մարտահրավերը, որին բախվում են բազմաթիվ երկրներ․ տեխնոլոգիաների զարգացումը գերազանցում է իրավական կարգավորումների արագությունը՝ վտանգավոր բացեր թողնելով երեխաների պաշտպանության համակարգերում։ Երեխաներն իրավունք ունեն օգտվելու արդարադատությունից և սոցիալական ծառայություններից, որոնք հարմարեցված են այս փոփոխվող իրողություններին, այլ ոչ թե պարզապես ավելի «երեխայակենտրոն» են դարձված կամ երկրորդ պլան մղված», - նշել է E ԷՍՊԱԹ Ինթերնեշնլ Գիյոմ Լանդրին (Guillaume Landry)։
«Հայաստանում իրականացված «Disrupting Harm» զեկույցը նպաստում է երկրի՝ տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող երեխաների սեռական ոտնձգության և բռնության դեմ պայքարում արձագանքի ուժեղացմանը։ Հիմնվելով իրավապահ մարմինների և գործընկեր կազմակերպությունների տվյալների վրա՝ այն հանցագործությունների, միտումների և այն թվային միջավայրերի ավելի հստակ պատկերացում է տրամադրում, որտեղ տեղի են ունենում այդ հանցագործությունները ։ Այս ապացույցները նպաստել են առանցքային շահագրգիռ կողմերի ներգրավման խորացմանը և իրավապահ մարմինների համար ճանապարհային քարտեզի մշակմանը՝ համահունչ Ինտերպոլի AG-2011-RES-08 բանաձևին և հարստացված զոհակենտրոն մոտեցումների առաջմղման գործնական առաջարկներով», - հավելել է ԻՆՏԵՐՊՈԼ-ի Երեխաների դեմ հանցագործությունների ստորաբաժանման ղեկավար Մարկ Բիվընը (Mark Beavan)։
«Disrupting Harm in Armenia» զեկույցը ցույց է տալիս, թե ինչպես են վնասակար սոցիալական նորմերը և զոհին մեղադրելու մոտեցումները հարկադրաբար լռեցնում երեխաներին և պաշտպանում հանցագործներին։ Ամոթի, մեղքի զգացումի և վնասակար սոցիալական նորմերի հետևանքով երեխաները հաճախ իրենք իրենց են մեղադրում այն ոտնձգությունների և բռնության ենթարկվելու համար։ Օգնություն ստանալու փոխարեն շատ երեխաներ դատապարտվում են ընտանիքների, համայնքների և նույնիսկ աջակցող ծառայությունների կողմից։ Սեռական բռնությունն ու շահագործումը երբեք երեխայի մեղքով չեն տեղի ունենում։ Մենք բոլորս պարտավոր ենք արմատախիլ անել այս վնասակար համոզմունքները և ստեղծել անվտանգ, վստահելի միջավայր, որտեղ երեխաները կարող են լսված զգալ, պաշտպանված լինել և օգնություն խնդրել առանց վախի», -նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ինոչենտի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դանիել Կարդեֆելտ Վինթերը (Daniel Kardefelt Winther)։
«Այս զեկույցը կարևոր հանգրվան է ինչպես Հայաստանի, այնպես էլ երեխաների թվային անվտանգության վերաբերյալ համաշխարհային ապացուցողական բազայի համար։ Առաջին անգամ Հայաստանը հիմնավոր տվյալներ ունի, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են թվային տեխնոլոգիաները օգտագործվում երեխաներին շահագործելու համար և ինչու է անհրաժեշտ անհապաղ քայլեր ձեռնարկել։ Հայաստանի արդյունքները հստակ կոչ են՝ ամրապնդելու օրենքները, փոխելու վնասակար նորմերը և ապահովելու, որ համակարգերը պաշտպանեն երեխաներին», - ասել է Safe Online-ի գործադիր տնօրեն Մարիա Մանոյլովիչը (Marija Manojlovic)։
«Disrupting Harm» նախաձեռնությունը ստեղծվել է հենց այս նպատակով՝ զինելու երկրներին այն տվյալներով, որոնք անհրաժեշտ են տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգությունների և սեռական բռնության դեմ պայքարելու համար։ Safe Online-ի կողմից 15 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրմամբ և ԷՍՊԱԹ Ինթերնեշնլի, ԻՆՏԵՐՊՈԼ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ինոչենտի հետազոտությունների կենտրոնի փորձագիտական ներուժի շնորհիվ այս նախաձեռնությունը ձևավորում է աշխարհի ամենահամապարփակ ապացուցահեն բազան երեխաների թվային անվտանգության ոլորտում»։
Ամբողջական զեկույցը հասանելի է այստեղ:
Մամուլի հարցերով պատասխանատու
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Instagram և X-ում: