Երիտասարդների ստեղծած «կիբեռ նինջաները» եկել են ավելի կիբեռանվտանգ միջավայր ստեղծելու

Ավելի քան 500 երիտասարդ հնարավորություն է ունեցել զինվել կիբեռանվտանգության, մեդիա գրագիտության և ստեղծագործական պատմվածքների հմտություններով:

Լիանա Թուրյան
Over 500 young people learn about cybersecurity, media literacy and creative storytelling, gaining skills to stay safe online.
UNICEF Armenia/2024/
24 Փետրվար 2025

Կիբեռհանցագործությունները թվային աշխարհի ամենամեծ վտանգներից են, որոնց դեմ պայքարը պետք է սկսել գիտելիքներով զինված։

Ամեն ինչ սկսվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ ջանքերով և Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող CyberNinja Camp-ից, որը պատանիներին կիբերանվտանգության հիմնական հմտություններով զինելու և ստեղծագործական ներուժը բացահայտելու հնարավորություն տվեց:

Կիբեռանվտանգության մասին 6 ամիս շարունակ տեսական և գործնական գիտելիքներ ձեռքբերելուց և կիբեր նինջաների կերպարներ ստեղծելուց հետո՝ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերից 12-18 տարեկան ավելի քան 60 երիտասարդ Սիսիանում են, պատրաստ ներկայացնելու իրենց աշխատանքներն ու իրենց ներդումն ունենալ կիբերանվտանգության մշակույթի տարածմանը։

Դեռահաս և երիտասարդ մասնակիցները մասնագետների օգնությամբ ստեղծել են կոմիքսների գրքեր, պատմություններ, նաև ուսոցողական վիդեոներ, որոնք կներկայացնեն նաև իրենց հասակակիցներին:

Hasmik Aleksanyan, Adolescent Development Officer at UNICEF.
UNICEF Armenia/2024/

«Այս նախագծի շնորհիվ մենք ներգրավել և աշխատել ենք ընդհանուր առմամբ 500  երիտասարդների հետ դասընթացների, առցանց կրթական նյութերի տարածման միջոցով: Զինել ենք նրանց կիբեռանվտանգության, մեդիա գրագիտության և ստեղծագործական պատմվածքների հիմնական հմտություններով»,- 

մանրամասնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Դեռահասների զարգացման ծրագրի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը:

Վերապատրաստումների ընթացքում դեռահասները ոչ միայն սովորեցին համացանցում անվտանգ վարքի կանոնները, այլև յոթ շաբաթվա ընթացքում մասնակցեցին հատուկ աշխատարանների և ստեղծեցին իրենց «կիբեռ նինջաներին» ու իրենք դարձան անվտանգության կանոնների տարածողները՝ կիսելով իրենց գիտելիքները ընկերների, ընտանիքի անդամների և ուսուցիչների հետ:

Կոմիքսներ ստեղծելուց և տեսանյութեր նկարելուց մինչև թվային անվտանգության վերաբերյալ քննարկումներ կազմակերպելը, այս երիտասարդ մասնակիցներն այժմ իրենց համայնքներում ակտիվ դեր են խաղում համացանցի սպառնալիքներին ավելի դիմակայուն սերունդ ունենալու համար», - մանրամասնեց Ալեքսանյանը:

«Բավականին երկար ժամանակ է, ինչ որոշել էի, որ կիբեռանվտանգությունն այն ոլորտն է, որով ցանկանում եմ սկսել իմ մասնագիտական ուղին և հենց տեսա հայտարարությունը, որոշեցի դիմել ու սկսել իմ երազանքների մասնագիտության հետքերով գնալ», - մեծ  ոգևորությամբ նշում է մասնակիցներից Լիլիան։

Լիլիայի համար դասընթացում շատ կարևոր էր փորձի փոխանակումը:

 Over 500 young people learn about cybersecurity, media literacy and creative storytelling, gaining skills to stay safe online.
UNICEF Armenia/2024/

«Այն գիտելիքները որոնք մենք ստացել ենք այս 6 ամիսների ընթացքում այսօր և մոտակա շաբաթների ընթացքում կիսվելու ենք ոչ միայն մեր դասընկերների, այլ նաև մեր ուսուցիչների հետ»։

Մասնակիցներից Սամվելը հետաքրքրված է ոչ միայն կիբեռանվտանգությամբ, այլ նաև թվային աշխարհում տեղի ունեցող բոլոր նորություններով ու մասնագիտություններով. ծրագրավորում, 3D մոդելավորում, ինժիներիա և հիմա էլ կիբեռանվտանգություն, բոլոր այն դասընթացներն են, որոնց նա մինչև այսօր մասնակցել է։

Սամվելը նաև կարևորում է տեղեկացված լինելը և նշում, որ ամեն բան սկսվում է հենց դրանից և հետո արդեն ապատեղեկատվության դեմ պայքարին կկարողանանք անցնել։ Սամվելը կարծում է նաև, որ ամեն ինչի սկիզբը հենց իրենք են՝ երիտասարդները: «Լինելով կրթված և տեղեկացված, կարող ենք ունենալ ավելի կիբեռանվտանգ միջավայր, հատկապես բարդ ու պատերազմական իրավիճակներում», - ամփոփում է նա։

«Կիբեռանվտանգությունը կարևոր է ոչ միայն երիտասարդների, այլև բոլորի համար։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որտեղ ամեն ինչ տեղի է ունենում թվային աշխարհում՝ գնումներ, ճամփորդությունների պլանավորում, գումարային փոխանցումներ, և կարևոր է անվտանգ և սահուն անցում կատարելը անմիջական ֆիզիկական շփումից թվային աշխարհ»,-

նշում է Սամվելը։
Over 500 young people learn about cybersecurity, media literacy and creative storytelling, gaining skills to stay safe online.
UNICEF Armenia/2024/

«Դասընթացը մեզ սովորեցրեց ավելի սթափ մոտենալ թվային աշխարհին։ Դա երևի թե ոլորտի մասնագետների հետ շփումն ու իրենց պատմությունները լսելու արդյունքն էր ու այն զգացումը, որ մեզ թվում էր թե այդ ամենը մեզանից և մեր ընտանիքներից հեռու է և չի կարող սպառնալ մեզ, սակայն կիբերհարձակումներ ու կիբերխարդախություններ կարող են պատահել բոլորիս հետ, ուղղակի պետք է շատ զգոն լինել, սովորել՝ ինչպես պաշտպանվել», - նշեց Լիլիան։

14-ամյա Կարինեն նշում է, որ կիբեռանվտանգության վերաբերյալ դեռ բացահայտելու ու ուսումնասիրելու շատ թեմաներ կան:

Over 500 young people learn about cybersecurity, media literacy and creative storytelling, gaining skills to stay safe online.
UNICEF Armenia/2024/

 «Ինձ համար ամենահետաքրքիր փուլերից մեկը դա հենց կիբեռանվտանգության նինջաների կերպարները ստեղծելու և նրանց շուրջ պատմություններ ստեղծելու փուլն էր»,-

նշեց Կարինեն:

Սամվելին, Լիլիային և Կարինեին ոգևորում է նաև այն փաստը, որ իրենք կարող են օգտակար լինել իրենց ընտանիքի անդամներին և ընկերներին ու զերծ պահել նրանց որևէ կիբեռսպառնալիքներից. «Մեկ անգամ մայրիկիս «ֆիշինգային» նամակ էր եկել ու ես ասացի, որ նման հաղորդագրությունները չպետք է բացել ու պետք է ուղղակի արգելափակել դրանք», - նշում է Լիլիան։ «Իսկ իմ ընկերները սկսել են ինձանից հետաքրքրվել կիբեռանվտանգության թեմայով ու ես միշտ հաճույքով փորձում եմ օգտակար լինել», -  նշում է Սամվելը։

«Որքան հնարավոր է մենք կփորձենք խթանել կիբեռանվտանգության վերաբերյալ խորհուրդներ ու տեղեկատվություն տարածել թե մեր ընկերների և թե՛ մեր ընտանիքի անդամների ու ուսուցիչների հետ, սակայն այս օրեցօր մեծացող սպառնալիքը համակարգային լուծում է պահանջում, կարևոր է մասնագետների և պետական մարմինների դերը», - նշում է Սամվելը։ «Հուսով եմ՝ ժամանակի ընթացքում ավելի կմասնագիտանամ և կկարողանամ ավելի մասնագիտական լուծումներ ու գաղափարներ առաջարկել»։

Հաջորդիվ, այս նախագիծը կկայանա Տավուշ և Գեղարքունիք մարզերում: Այժմ այս մարզերի դեռահասների հերթն է մշակել իրենց «կիբեռ նինջաներին»՝ ընդլայնելով  առցանց վտանգների դեմ պայքարը: 


Հոդվածը ստեղծվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության ֆինանսավորման շնորհիվ: Արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է ոչ միշտ համընկնեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների, Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական քաղաքականության կամ պաշտոնական դիրքորոշման հետ: