Կարևոր է առաջին 1000 օրը
Ճիշտ սնուցում հղիությունից մինչև երկու տարեկան

Կարևոր ակնարկներ
Յուրաքանչյուր տարի աշխարհում մոտ 7 միլիոն երեխա մահանում է մինչև իր կյանքի հինգերորդ տարեդարձը, ընդ որում թերսնուցումը պատասխանատու է մանկական մահերի առնվազն 35%-ի համար: Այն նաև անկարողության հիմնական պատճառներից է և թույլ չի տալիս, որ երեխաները հասնեն իրենց աճի և զարգացման լրիվ ներուժին:
Մինչև 5 տարեկան երեխաների մահվան դեպքերի երկու երրորդը տեղի է ունենում կյանքի առաջին տարում: Վաղ մանկական հասակում անբավարար սնուցումը հանգեցնում է աճի և զարգացման երկարատև խանգարման: Ապացուցված է, որ կյանքի առաջին երկու տարիների թերսնուցումը հանգեցնում է ոչ միայն չափահաս տարիքում իր ներուժի համեմատ անհատի մի քանի սմ-ով ավելի ցածր հասակ ունենալուն, այլ նաև մտավոր զարգացման համեմատաբար ցածր մակարդակի և ֆիզիկական աշխատանք կատարելու նվազ ունակությունների:
Աղջիկների թերսնուցումը ազդում է նաև նրանց վերարտադրողական ֆունկցիայի վրա՝ մեծացնելով ծննդյան փոքր քաշով նորածին ունենալու և բարդացած ծննդաբերության վտանգը: Ընդհանուր առմամբ, մեծ թվով երեխաների թերսնուցումը բացասաբար է անդրադառնում նաև ազգի համընդհանուր զարգացման վրա: Առաջին վեց ամիսների ընթացքում բացառապես կրծքով սնուցումը, շարունակվող կրծքով սնուցմանը զուգընթաց ժամանակին ներմուծվող, համապատասխան և ապահով հավելյալ սնուցումը և դրան հաջորդող բալանսավորված ու սննդարար ընտանեկան սննդատեսակներից բաղկացած օրաբաժինը նպաստում են կրծքի և վաղ հասակի երեխաների առողջության ամրապնդմանը, սնուցման վիճակի բարելավմանը և ֆիզիկական ու նյարդահոգեբանական զարգացմանը, այդ պատճառով պետք է գտնվեն բժիշկների ուշադրության կենտրոնում:
Ոչ ճիշտ սնուցումը կարող է հանգեցնել նաև մանկական գիրության, որը հետզհետե ավելի լուրջ հասարակական առողջապահության խնդիր է դառնում մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:
Գրքույկում հավելյալ սննդի մի շարք բաղադրատոմսեր են: Պատրաստե՛ք ձեր երեխաների համար առողջ սնունդ և ապահովե՛ք նրանց ճիշտ աճն ու զարգացումը:
