Անհատական ուսուցման պլան՝ ուղղված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին
Մեթոդական ուղեցույց ուսուցիչների, ուսուցչի օգնականների, մանկավարժահոգեբանական ծառայություններ մատուցող մասնագետների և ծնողների համար
- Հայերեն
- English
Կարևոր ակնարկներ
Անհատական ուսուցման պլանը (ԱՈւՊ) սովորողի կարիքների, ուժեղ կողմերի ու հետաքրքրությունների և հանրակրթության պետական չափորոշիչների ու ծրագրերի հիման վրա մշակված փաստաթուղթ է։ Այն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի կրթության կազմակերպման հիմքը և մշակվում է մանկավարժահոգեբանական աջակցության խմբի կողմից, որի կազմում ներառվում են սովորողին դասավանդող ուսուցիչները, ուսուցչի օգնականները, աջակցության ծառայություններ մատուցող մասնագետները, սովորողը և նրա ծնողը (օրինական ներկայացուցիչը)։
ԱՈՒՊ-ը մշակվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր այն սովորողների համար, ովքեր կրթության գործընթացում ընդգրկվելու, ակտիվ մասնակցելու և առաջադիմելու համար ունեն առանձնահատուկ պայմանների կարիք: Այն յուրօրինակ քարտեզ է, որն ուղղորդում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին իրենց դպրոցական ուսումնառության ընթացքում` ապահովելով հնարավորինս հարթ և անխոչընդոտ ճանապարհ:
ԱՈՒՊ-ը հնարավորություն է տալիս համատեղ պլանավորել ուսուցիչների և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետների աշխատանքները, առաջադրել խնդիրներ, դրանց հաղթահարման համար սահմանված նպատակներ, հաջորդական քայլեր և վերջնարդյունքներ:
Այս ուղեցույցի նպատակն է աջակցել ուսուցիչներին, ուսուցչի օգնականներին, մանկավարժահոգեբանական ծառայություններ մատուցող մասնագետներին և ծնողներին՝ հնարավորություն տալով նրանց վարել գործնական և իրատեսական երկխոսություն սովորողի կարիքների վերաբերյալ, գտնել այդ կարիքները բավարարելու ստեղծագործ ուղիներ, ԱՈՒՊ-ի մշակման գործընթացն իրականացնել առավել հստակ և համակարգված` արդյունքում ունենալով գործուն աշխատանքային փաստաթուղթ: