Փախստական և հյուրընկալող համայնքների 360 երեխա այսօր ավելի պատրաստ գնաց դպրոց
Ամռան ընթացքում «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպվել են դպրոցին նախապատրաստող մեկամսյա դասեր 5-6 տարեկան երեխաների համար:
- Հայերեն
- English
Աբովյանի՝ Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցում անգամ ամառային արձակուրդի շրջանում շենք մտնելուն պես հեռվից լսվում էին երգի ու երեխաների միախառնված ձայներ: Ամառային տապը բնավ չէր խանգարում 5-6 տարեկան երեխաներին պատրաստվել իրենց կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկին՝ առաջին անգամ դպրոց գնալուն՝ առաջին սեպտեբերի 1-ին:
Բողկի ու ադամաթուզի մասին հեքիաթը նրանք լսում են ուշադրությամբ, որովհետև հետո ուսուցչուհին՝ ընկեր Չոմարյանը, հանձնարարություն է տալու: Թիվ 10 հիմնական դպրոցի դասվար Անահիտ Չոմարյանը «Ողջու՜յն, դպրո՛ց» տեղահանված և Հայաստանում ապրող երեխաներին դպրոցին նախապատրաստող ծրագրում ընդգրկված ուսուցիչներից է: Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, սպորտ և մշակույթի նախարարության հետ համատեղ՝ «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ գործընկերությամբ:
Մինչ նախագծի մեկնարկը՝ ընտրվել և վերապատրաստվել են մեծ թվով տեղահանված երեխաների հյուրընկալած դպրոցների տարրական դասարանների 20 ուսուցիչ:
Վերապատրաստումներից հետո, ամռան ընթացքում տիկին Չոմարյանը աշխատել է այս խմբում ընդգրկված տասնյոթ երեխայի հետ, որպեսզի երեխաները արագ և դյուրին ադապտացվեն նոր միջավայրին, կարգուկանոնին և կրթության մարտահրավերներին և դպրոցին ավելի պատրաստ լինեն:
«Իրենց հայրենիքից տեղահանված շատ երեխաներ առնվազն մեկ տարի հնարավորություն չեն ունեցել հաճախելու նախադպրոցական ուսումնական հաստատություն: Հավանականությունը մեծ էր, որ 2024 – 2025 ուստարում 1-ին դասարան հաճախող այս երեխաները դժվարություններ կունենան դպրոցում, եթե հնարավորություն չունենան հաճախել դպրոցի նախապատրաստական որևէ ծրագրի: Երեխաների՝ դպրոցին արդյունավետ հարմարման հիմքում նրանց նախնական կարողությունների հավասարեցումն է ուսումնառության մեկնարկի համար սահմանված սանդղակին», -
Էդգարն ու Արփին տեղահանվել են իրենց հայրենի համայնքից 2023թ-ի սեպտեմբերին ու հաստատվել Աբովյան քաղաքում: Ամռան ընացքում գրեթե մեկ ամիս ամեն առավոտ եկել են դպրոց:
Արփիի մայրը՝ Տաթև Աղաբեկյանը, պատմում է, որ առաջին մի քանի օրը երեխան դժկամությամբ էր արթնանում, չէր ուզում գնալ դպրոց, բայց հետո, երբ սկսել է շփվել ուսուցչուհու հետ, ցանկացել է ավելի երկար մնալ դպրոցում:
«Արփին շատ ամաչկոտ է հասակակիցների հետ շփման մեջ, բայց այս դասերի շնորհիվ նա սկսեց ավելի ակտիվ լինել, զգում էի, որ ոգևորված է ամեն օր գնում դասի: Նկատեցի, որ սկսել է ավելի հեշտ շփվել մյուս երեխաների հետ, հաճույքով է խմբային խաղերին մասնակցում: Անգամ դպրոցից դուրս, բակի երեխաների հետ է սկսել ավելի հանգիստ խաղալ: Ամեն օր դասից հետո գալիս ու պատմում է, թե ինչ են արել ու կարևորը՝ ինչ հեքիաթ է այսօր նրանց պատմել ուսուցչուհին», - ավելացրեց Արփիի մայրը:
«Շատ եմ սիրում հեքիաթները: Երբ արդեն տառերը սովորեմ, ես էլ իմ հեքիաթն եմ հորինելու: Ուզում եմ շուտ գնամ դպրոց, որ շուտ սովորեմ տառերը», -
Մանկապարտեզ կամ նախակրթարան հաճախած երեխաները մեկնարկային ավելի լավ պայմաններով են սկսում կրթությունը դպրոցում, քան իրենց այն հասակակիցները, որոնք չեն գնացել մանկապարտեզ: Հինգից վեց տարեկան երեխաների նախապատրաստումը դպրոցին մանկապարտեզում իրականացվում է մի շարք ուղղություններով՝ ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական, իմացական, և այդ բոլոր ուղղություններով սահմանված են որոշակի չափանիշներ: Կարևոր է դրանք հաղթահարել՝ նախքան դպրոց գնալը: Կարևոր է մինչև ուսումնական տարվա սկսվելը երեխաներին ծանոթացնել դպրոցական միջավայրի հետ՝ դպրոցական շենք, դասասենյակ, ուսուցիչ, շատ երեխաներ և այլն:
Դասընթացի ծրագիրը կազմվել է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչային վերջնաարդյունքների հիման վրա: «Յուրաքանչյուր ուսուցիչ հնարավորություն է ունեցել փոփոխություններ և լրացումներ կատարել ծրագրում՝ ըստ իր սաների կարողությունների նախնական հայտորոշիչ գնահատման, ինչպես նաև արձանագրել յուրաքանչյուր երեխայի արդյունքները ծրագրի ավարտին», - մանրամասնեց Ալվարդ Պողոսյանը:
«Ես մեծերի հետ էլ եմ աշխատել ու հասկացել եմ, որ փոքրերի պարագայում ադապտացումն ավելի հեշտ է ընթանում: Այստեղ խաղային մեթոդներով ենք ակադեմիական գիտելիքներ տալիս՝ խաղում ենք, երգում, պարում: Ամեն 15 րոպեն մեկ գործողությունը փոխում ենք, որովհետև այս տարիքի երեխաները շուտ են ձանձրանում և հոգնում», - մանրամասնեց տիկին Չոմարյանը՝ հավելելով.
«Ամեն օր մեկ ու կես ժամ երեխաները քայլ առ քայլ մոտենում են դպրոցին, փորձում են նոր բաներ սովորել: Ծրագիրն այնպես է կազմված, որ չլինի ձանձրալի ու բոլոր երեխաներին դասապրոցեսին ներառվելու հնարավորություն տա»:
Վեց տարեկան Լուսինեն և Էդուարդը Աբովյան քաղաքում հաստատվել են նույնպես 2023թ-ի սեպտմբերին: Ոչ մի տարիքում էլ հակամարտության միջով անցնելը հեշտ չէ, բայց այսօր երկու փոքրիկ աշխույժ նստած են գրասեղանի մոտ. լուրջ գործով են զբաղված՝ դաս են սովորում ու իրար հերթ չտալով՝ թվարկում են, թե ինչ է իրենց սովորեցրել ընկեր Չոմարյանը:
Էդուարդը, որ որոշել է բժիշկ դառնալ և մարդկանց օգնել, սկսում է զրույցը: Լուսինեն միանգամից մի քանի ցուցումներ է տալիս ընկերոջը. «գրական հայերեն խոսի»:
«Գիտե՞ս՝ ես սովորել եմ քաղաքավարի խոսել, - ասում է նա ու շարունակում, որ ընկեր Չոմարյանը իրեն սովորեցրել է, որ եթե պատահմամբ նեղացնում է որևէ մեկին, անհրաժեշտ է ներողություն խնդրել, եթե օգնում են, պետք է շնորհակալություն հայտնել, եթե հյուր է գալիս, պիտի ասել՝ համեցեք»:
Լուսինեն արդեն շատ ընկերներ ունի թե՛ բակում, թե՛ նախապատրաստական խմբակում: Այստեղ սովորել է գումարել-հանել, մի քիչ դժվար, բայց հարմարվել է կարգուկանոնին: Արդեն հասցրել է մայրիկի հետ դպրոցական պարագաներ գնել ու անհամբեր սպասում է դպրոցին:
UNICEF Armenia/2024/Ghazaryan
UNICEF Armenia/2024/Ghazaryan
«Երեխա կա, որ շուտ է ձանձրանում, ըմբոստանում է, կար երեխա, որ սկզբի օրերին լացում էր, չէր ուզում գալ, բայց երբ ընկերաբար, ընդգրկում պրոցեսի մեջ, ամեն բան հաղթահարելի է դառնում: Պիտի շարունակել հետևել երեխաների դինամիկային, հասկանալ, թե ով որտեղ է դժվարանում, և բոլորի հետ փորձել առաձին-առանձին աշխատել»:
Տիկին Չոմարյանը կարծում է, որ հատկապես այն երեխաների պարագայում, որոնք դժվարությամբ են ակադեմիական նյութը ըմբռնում, լավ կլինի շարունակական աշխատանք տանել: Դասարանները բավական մեծ են՝ 35 հոգի, այդ պատճառով բոլորին ներառելու և դասապրոցեսին ընդգրկելու համար, ըստ մանկավարժի, հավելյալ աշխատանքի կարիք կլինի:
Տեղահանության ճանապարհն անցած երեխաներին այս դասերը լավ մեկնարկի հնարավորություն տվեցին՝ ամեն բան զրոյից սկսելու, ընկերներ ձեռքբերելու և նոր միջավայրին հնարավորինս հեշտ ադապտացվելու տեսանկյունից: Որքան էլ նրանք փոքր են ու շատ բան չեն հիշում ամբողջ սաստկությամբ, ամեն դեպքում հետևողական աշխատանքն է, որ քաջալերելու է նրանց սիրել դպրոցն ու լավ սովորել:
Այսօր Արփին առավոտյան արթնացել է հեշտ, քանի որ արդեն սովորել էր վաղ արթնանալ, դպրոց եկել է հանգիստ իրեն արդեն ծանոթ ճանապարհով, վստահ նստել արդեն ծանոթ գրասեղանի մոտ և սկսել օրը արդեն իրեն ծանոթ երեխաների հետ, գուցե նոր, բայց արդեն ծանոթ ուսուցչի կերպարով և արդեն հստակ նպատակով. պետք է արագ սովորի տառերը, որ իր հեքիաթը գրի առնի: