Մեկ պատվաստման պատմություն
Պատվաստանյութի ճանապարհը՝ ստեղծումից, մինչև ներարկում
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Օրեր առաջ յոթ շաբաթական Կատրինն իր մայրիկի հետ այցելել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկա` իր պլանային պատվաստումներն ստանալու համար: Մինչև իմունիզացիայի սենյակ մտնելը, պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի մանկաբույժը զննում է փոքրիկին, ջերմաչափում, միայն դրանից հետո թույլ տալիս ստանալ պատվաստումները։
Իսկ երբևէ մտածե՞լ եք՝ ինչ ճանապարհ են անցնում պատվաստանյութերը, մինչ մեր օրգանիզմ ներարկվելը։ Մեզ էլ շատ հետաքրքրեց, ուստի որոշեցինք պարզել և այդ նպատակով խոսեցինք տարբեր մասնագետների հետ։ Դե ինչ, սկսենք սկզբից։

2021 թվականին Հայաստանում «Լիկվոր» դեղագործական ընկերությունը սկսեց ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի մեկ տեսակի արտադրություն՝ երկրում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին աջակցելու նպատակով։ Այս պատվաստնյութի արտադրությամբ Հայաստանը հայտնվեց պատվաստանյութ արտադրող երկրների ցանկում:
Ուստի պատվաստանյութերի արտադրման մասին խոսել ենք «Լիկվոր» դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանի հետ, ով ներկայացրեց Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի արտադրման գործընթացը։
«Պատվաստանյութի արտադրությունը հատուկ է՝ հատուկ պահանջներով և տեխնոլոգիայով։ Հայաստանը պատվաստանյութի հումքը ստանում է Ռուսաստանից, ապա մայր հումքը՝ սուբստրատը, վերամշակվում է, անցնում է տեխնոլոգիական պրոցես, առաջնային փաթեթավորում, երկրորդային փաթեթավորում և պահվում սառցային ռեժիմի տակ», - ասում է պարոն Մաթևոսյանը։
Պատվաստանյութի սուբստրատը Հայաստան է ժամանում սառցե շղթայի համակարգով՝ պահպանման -18ºС ջերմաստիճանով։ Արդեն Հայաստանում ընկերության մասնագետները ստուգման տասնչորս կետով սուբստրատը ենթարկում են անալիզների։
«Երբ համոզվում ենք, որ ամեն ինչ համապատասխանում է ստանդարտներին, սուբստրատը տանում ենք տեխնոլոգիական մշակման, ասել է թե՝ վերջնական ֆորմայի պատրաստման։ Արտադրման գործընթացն իրականացնում ենք շատ արագ, որպեսզի ջերմաստիճանը չբարձրանա, քանի որ պատվաստանյութը կենսաբանական պրոդուկտ է։ Տեխնոլոգիական մշակումից հետո՝ արագ գնում է առաջին փաթեթավորման ու միանգամից՝ սառնարան։ Ապա նորից իրականացվում է տասնչորս տեսակի անալիզ՝ տեսնելու պատվաստանյութի ակտիվությունը։ Երբ համոզվում ենք, որ ամեն ինչ նորմալ է, անցնում ենք վերջնական փաթեթավորման», - բացատրում է Սերգեյ Մաթևոսյանը։
Այնուհետև պատվաստանյութերը տեղավորում են տուփերի մեջ, որից հետո հատուկ տարաներով տեղավորվում սառնարան-մեքենաներում և տեղափոխվում դեպի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ)։
«Տարաները տեղափոխվում են հատուկ ուղեկցող դատալոգերներով։ Վերջինս հատուկ սարք է, որը ֆիքսում է, թե տեղափոխման ժամանակահատվածում ինչ ջերմաստիճան է եղել, կոնկրետ այդ տարայի մեջ», - ասում է ընկերության տնօրենը։
Հետագայում ՀՎԿԱԿ-ի հատուկ մասնագետը ստուգում է սարքը, որպեսզի համոզվի, որ ամբողջ ճանապարհին անհրաժեշտ ջերմաստիճանային պայմանները պահպանվել են։ Եթե արտադրող գործարանից դուրս է եկել ու ճանապարհի որևէ փուլում ջերմաստիճանը գերազանցել է թույլատրելին նույնիսկ մեկ աստիճանով, ՀՎԿԱԿ-ի մասնագետը կարող է պատվաստանյութը չընդունել։ Եթե տեղափոխման բոլոր պայմանները պահպանվել են, ապա պատասխանատվությունն այդ պահից սկսած այլևս արտադրողինը չէ։

Պլանային պատվաստումների համար նախատեսված պատվաստանյութերը Հայաստան են ներմուծում հիմանականում եվրոպական երկրներից` Ֆրանսիայից, Անգլիայից, Դանիայից և Բելգիայից։ Կանադայից ներմուծվում է բուլղարական արտադրության ԲՑԺ պատվաստանյութը։
Հանրապետություն մուտք գործող բոլոր պատվաստանյութերը պահեստավորվում են ՀՎԿԱԿ-ի պատվաստանյութերի ազգային պահեստում։ Յուրաքանչյուր ամիս ՀՎԿԱԿ-ը Երևանի բուժկանխարգելիչ հիմնարկներին է բաշխում անհրաժեշտ պատվաստանյութերը, իսկ եռամսյակը մեկ՝ մարզերին: Մարզերում պատվաստանյութերը պահվում են ՀՎԿԱԿ-ի մարզային մասնաճյուղերում եղած սառցարաններում ու սառնարաններում, որտեղից էլ ամեն ամիս բաժանում են բուժկանխարգելիչ հիմնարկներին։
«Լինեն ՔՈՎԻԴ 19-ի դեմ, գրիպի դեմ, թե պլանային մանկական պատվաստանյութերը, բոլորը Հայաստան հասնելուն պես օդանավակայանից հատուկ սառնարան-մեքենաներով տեղափոխվում են ՀՎԿԱԿ-ի պատվաստանյութերի ազգային պահեստ։ Այստեղ պատվաստանյութերը պահվում են ազգային կենտրոնի սառցե սենյակներում», - բացատրում է ՀՎԿԱԿ-ի բժշկական իմունակենսաբանական պատվաստանյութերի բաժնի պետ Ալմաստ Հարոյանը։

ՀՎԿԱԿ-ի պատվաստանյութերի ազգային պահեստում պատվաստանյութերը պահվում են համարակալված սառցե սենյակներում, որոնցից երկուսը՝ 40 խորանարդ մետր են, իսկ չորսը` տասը խորանարդ մետր։
«Հատուկ ծրագրով կարող եմ տեսնել՝ Երևանի պոլիկլինիկաների սառնարաններում ինչ ջերմաստիճան է։ Ջերմաստիճանը ցույց տվող սարքը՝ ֆրեշ թագը, ցույց է տալիս օրվա ընթացքում սառնարանում գրանցված ամենաբարձր ու ամենացածր ջերմաստիճանը։ Սարքը վաթսուն օր հետհայաց պահպանում է տվյալները», - բացատրում է տիկին Հարոյանը։

Բացի ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերից՝ մնացած բոլոր պատվաստանյութերի փոքրիկ սրվակներն ունեն ջերմային ինդիկատորներ՝ զգայորոշիչներ, որոնք սկսում են սևանալ՝ ջերմային ռեժիմի խախտման պարագայում։
Տարբեր պատվաստանյութերի պահպանման համար պահանջվում են տարբեր ջերմաստիճաններ։ Վիրուսային վեկտոր պատվաստանութերը պահպանվում են +2-+8 ºС ջերմաստիճանում, իսկ մՌՆԹ պատվաստանյութերը՝ ավելի սառը ջերմաստիճաններում՝ -80 ºС - -20 ºС։ Այդ ջերմաստիճաններում մՌՆԹ պատվաստանյութերը կարող են պահեստավորվել մինչև 6 ամիս, սակայն պոլիկլինիկաներում իրավունք ունեն մինչև 30 օր պահվելու սովորական +2-+8 ºС ջերմաստիճանում»,- ասում է Ալմաստ Հարոյանը։

ՀՎԿԱԿ-ի՝ Երևանի պատվաստանյութերի ազգային պահեստից Երևանի և մարզային բուժհաստատություններ պատվաստանյութերը տեղափոխվում են սառնարան-մեքենաներով։ Մարզերը սպասարկող երկու սառնարան-մեքենաներին վերջերս ավելացել է ևս մեկը։

Պոլիկլինիկաներում պատվաստանյութերը պահվում են հատուկ պատվաստանյութերի համար նախատեսված սառնարաններում՝ +2 - +8 ºС ջերմաստիճանային պայմաններում։ Այս տարի ՀՎԿԱԿ-ը Երևանի ու մարզերի առողջապահության առաջնային օղակի 250 հաստատություններին է մատակարարել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական աջակցությամբ տրամադրված 280 սառցարաններ և 85 սառնարաններ։
«Սառնարաններում և սառցարաններում պատվաստանյութերի պահպանումն իրականացվում է հատուկ սարքով` ֆրեշ թեգով։ Ջերմաստիճանային աննշան փոփոխության դեպքում մենք տեղեկանում ենք ֆրեշ թեգի միջոցով։ Այսինքն, սարքը մեզ զգուշացնում է, թե տվյալ սառնարանում ջերմաստիճանային ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։ Այս պահին +4 աստիճան է, առավոտյան առավելագույնը բարձրացել է +7, նվազագույնը՝ +3։ Այսինքն՝ անհրաժեշտ +2 +8 ջերմաստիճանը պահպանվել է։ Սարքի ցուցանիշները ստուգում ենք ամեն օր՝ առավոտյան և երեկոյան, հատուկ ձևանմուշներում լրացնում ֆրեշ թագի տվյալները», - ասում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ պոլիկլինիկայի մանկական իմունիզացիայի բուժքույր Ժաննա Գևորգյանը։
Կարևորելով դստեր առողջությունը և հետևելով մանկաբույժի խորհուրդներին՝ Կատրինի մայրիկը հենց սկզբից գիտեր, որ հետևելու է պլանային պատվաստումների ազգային օրացույցին և պատվաստելու է երեխային՝ տալով նրան հնարավոր լավագույն պաշտպանությունը։ Յոթ շաբաթական Կատրինն իր պատվաստումներին սպասում էր հոգատար մայրիկի ձեռքերում անուշ քուն մտած։ Եկել էր ստանալու հնգավալենտ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը, որը պաշտպանում է հեպատիտ Բ-ից, կապույտ հազից, դիֆթերիայից, փայտացումից և հեմոֆիլուսային Բ տեսակի վարակից։
Բուժքույր Գևորգյանը նշում է, որ երբ փոքրիկները գալիս են պատվաստվելու, սկզբում ստուգում են՝ արդյոք համապատասխանում է երեխայի տարիքը պատվաստման ազգային օրացույցի ժամկետին, արդյոք ճիշտ է նշանակված պատվաստումը, և նոր միայն պատվաստում, ապա գրանցում են գրանցամատյանում և «Արմեդ» համակարգում, այնուհետև՝ պլանավորվում են երեխայի հաջորդ պատվաստումը։ «Մինչև չափահաս դառնալը, երեխան ստանում է 15 անվանական պատվաստում», - ասում է բուժքույր Գևորգյանը։
Բնակչության առողջության պահպանումը ՀՀ-ում ռազմավարական ու կարևորագույն գործընթացներից է։ Ազգաբնակչության հիվանդացության հիմնական մասը, ինչու չէ, նաև վարակիչ հիվանդություններն են, որոնք կարելի է կանխարգելել պատվաստումների միջոցով։
Առավել խոցելի խմբին են պատկանում մինչև հինգ տարեկան երեխաները։ Այդ իսկ պատճառով, ծնվելուց անմիջապես հետո՝ 0-48 ժամվա ընթացքում, քանի դեռ երեխան չի շփվել այլ երեխաների հետ, արվում է ԲՑԺ պատվաստումը, որը պաշտպանում է երեխային տուբերկուլոզի ծանր ձևերից։ Պատվաստումից 2-3 շաբաթ հետո ներարկման տեղում առաջանում է փոքրիկ թարախային բուշտ, հետագայում պատվաստված տեղում առաջանում է սպի։
0-24 ժամվա ընթացքում նորածինները պատվաստվում են` պաշտպանվելու հեպատիտ Բ-ից, դիֆթերիայից, կապույտ հազից, փայտացումից, հեմոֆիլուսային Բ տեսակի վարակից: Հուսալի պաշտպանության համար շատ կարևոր է ստանալ պատվաստանյութի հաջորդ դեղաչափերը ևս, որոնք երեխան ստանում է հնգավալենտ պատվաստանյութի տեսքով` 1,5 ամսականում /6 շաբաթականում/, 3 ամսականում /12 շաբաթականում և 4,5 ամսականում /18 շաբաթականում/:
«Պատվաստումների շնորհիվ՝ երեխան լիարժեք պաշտպանվում է մի շարք վարակներից, որոնք կարող են ունենալ անցանկալի բարդություններ և հետևանքներ, կանխարգելվում է մահը կամ հաշմանդամությունը»,- ասում է բուժքույր Գևորգյանը։
Պատվաստումից անմիջապես հետո սկսվում է իմունիտետի ձևավորվումը։ Լիարժեք իմունիտետ և հետևաբար պաշտպանություն ձևավորվում է չորս շաբաթվա ընթացքում։