Հասմիկ Բաղդասարյան. քիմիայի վերածնունդ վիրտուալ լաբորատորիաների միջոցով
17-ամյա Հասմիկն ու իր թիմը «Սերունդ առանց սահմանների» մրցույթին մասնակցելով՝ փորձում են գիտությունը հասանելի դարձնել բոլորին՝ անկախ բնակության վայրից, տարիքից և սեռից

- Հայերեն
- English
Մինչ իր թիմը պատրաստվում է VR Labs ստարտափը ներկայացնել «Սերունդ առանց սահմանների» մրցույթի ժյուրիին` թիմի տասնվեցամյա անդամ Հասմիկ Բաղդասարյանն իրեն պահում է հավաք և կենտրոնացած: Հայացքը բարձրացնում է իր գրառումներից և ժպտում` հուզմունքի թեթև արտահայտությամբ: Ուշադրության կենտրոնացումից ճակատը կնճռոտում է, բայց աչքերը պայծառ են սպասումից և հուզմունքից:
Հասմիկը և նրա թիմակիցները` Կարենը (17տ.), Լուսինեն (18տ), Սաթենիկը (18տ), Ռուբենը (18տ), վիրտուալ լաբորատորիաների վրա սկսեցին աշխատել ուսումնական տարվա սկզբից, երբ անդամակցեցին դպրոցի «Կանաչ քիմիա» ակումբին: «Ակումբի նպատակն է աշխարհում գտնել խնդիր, որ կապված է քիմիայի հետ, և փորձել լուծել այն: Մեր խումբն ընտրեց կրթությունը»,- ասում է Հասմիկը: Նա և իր թիմակիցները հաճախում են Երևանի «Այբ» մասնավոր դպրոցը, որն ունի քիմիայի գերժամանակակից լաբորատորիա: «Իմ նախկին դպրոցը նման բան չուներ: Իրականում Երևանի շատ դպրոցներ և գյուղերի դպրոցների մեծ մասը չունեն միջոցներ նույնիսկ սովորական լաբորատորիայի համար»,- մեկնաբանում է Հասմիկը:

Իսկ ի՞նչ լուծում են առաջարկում երիտասարդները։ Առաջարկում են ավագ դպրոցի քիմիայի ուսումնական ծրագիրը` փորձարկումները և ամենն իրականացնել և բոլորին հասանելի դարձնել վիրտուալ իրականության ակնոց-ականջակալներով: «Մենք ուսումնասիրեցինք մի քանի տարբերակ, որոնք փոխարինում են լաբորատոր փորձարկումներին, այդ թվում` սոցիալական ցանցերում տեսանյութերի տեղադրում, աշակերտների համար տնից մարտահրավերների կազմակերպում և նույնիսկ շարժական քիմիական լաբորատորիա»,- մեջբերում է թիմակից Սաթենիկ Հարությունյանը: Ի վերջո, հանգեցին նրան, որ առաջ գնալու ամենամատչելի, ուսուցողական և արդիական ճանապարհը վիրտուալ իրականությունն է: Հասմիկն ավելացնում է. «Մի բան է` դիտել ուսուցչիդ կողմից արվող փորձարկումը, ինչպես ընդունված է դպրոցների մեծ մասում, և մեկ այլ բան` երբ ինքդ ես դա անում»:
Նա ընդունում է, որ վիրտուալ իրականությունը երբեք չի կարող լիովին փոխարինել իրական, կենդանի փորձարկումներին, բայց պարզաբանում է.

«Շատ դպրոցներ չունեն նույնիսկ տարածք քիմիայի լաբորատորիայի համար, ուր մնաց ֆինանսական միջոցներ կահույքի, սարքավորումների, նյութերի և օդափոխության համար: Հատկապես հեռավոր մարզերի դպրոցների համար, որտեղ աշակերտների թիվն այնքան էլ մեծ չէ, կարծում ենք, սա կլինի այլընտրանք, որն իսկապես ոգևորություն կառաջացնի աշակերտների մոտ»:
VR Labs-ը «Սերունդ առանց սահմանների» հայկական երիտասարդական մրցույթի հաղթողներից է: Դրամաշնորհը ստանալուց և «Սերունդ առանց սահմանների» մենթորների հետ աշխատելուց մի քանի ամիս անց նրանք ներկայացնում են իրենց առաջընթացը: Հասմիկը և VR Labs-ի իր թիմակիցները հավասարակշռված ու վստահ պատասխանում են ժյուրիի հարցերին` իրենց հետազոտական գործընթացի, մարտահրավերների, ժամկետների և հետագա քայլերի վերաբերյալ:
Հասմիկը, թերևս, ամենացածրախոսն է խմբում, սակայն արտահայտում է խորիմաստ մտքեր` գրավելով թիմակիցների և ժյուրիի անդամների ուշադրությունը: Նա ոգևորված խոսում է այն մասին, թե ինչպես պետք է սկսեն հանդիպումներ կազմակերպել ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ, երբ պատրաստ լինի իրենց առաջին նախատիպը:
Երբ հարցնում են, թե ով է համակարգելու նախարարության հետ իրենց հանդիպումները, Հասմիկը պայծառացած աչքերով ասում է. «Իհարկե մենք»,- այնուհետև շարունակում է մեկնաբանել. «Մեր մենթորները մեզ ուղղություն են տվել` ինչպես ընտրել ծրագիրը, ինչպես կառավարել մեր ժամանակը, ինչպես մտածել բիզնես մոդելի մասին, սակայն մենք ենք պարտավոր իրականացնել այդ ամենը, և մենք պատրաստ ենք»:

Հասմիկին ոգեշնչում է իր հայրը՝ Արսենը: «Հայրս ինքնուրույն է հասել ամեն ինչի», - ասում է նա` հպարտությունից պայծառանալով: «Նա շատ հաջողությունների է հասել և միշտ ձգտում է լինել և անել ավելի լավը: Նա բարի է և մտածում է ուրիշների մասին»:
Հիացմունքը, կարծես, փոխադարձ է: «Մենք հպարտանում ենք նրանով, մանավանդ որ նրանց թիմը շահեց «Սերունդ առանց սահմանների» դրամաշնորհը և սկսեց իրականացնել ծրագիրը», - ժպտալով ասում է Արսենը: «Բայց, ի վերջո, կարևորը ծրագրի արդյունքը չէ. կարևորն այն հմտություններն են, որ նա սովորում է, և այն վստահությունը, որ ձեռք է բերում: Նա ինքը կորոշի, թե որ ճանապարհով կգնա: Ինչ էլ նա ընտրի, մենք կաջակցենք նրան»:
Հասմիկն ուզում է փաստաբան դառնալ, բայց շատ է կարևորում նաև բնագիտությունը:

«Քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա․դրանք մեզ ուղղակիորեն շրջապատում են: Դրանք ամենուր են: Որևէ բանի քիմիական կազմությունն իմանալը միայն դասարանում չէ, որ պետք է գալիս: Այն կարող է օգտակար լինել կյանքում: Այնքան շատ հնարավորություններ կան դրական ազդելու մեր համայնքի, երկրի և աշխարհի վրա, եթե ունենանք բնագիտության մասին ճիշտ գիտելիքներ և հետաքրքրասիրություն»:
Հասմիկը նկատել է, որ ավագ դպրոցում աղջիկները հակված են հումանիտար առարկաներին, իսկ տղաներն ավելի շատ հետաքրքրվում են կիրառական գիտություններով: Օրինակ` իրենց ֆիզիկայի դասարանում կար 14 տղա և երկու աղջիկ: «Մի պահ, հատկապես, երբ մեջս պայքար կար առարկայի հետ, սկսեցի մտածել` արդյոք տղաներն իսկապես բնածին ավելի լավ են դրանից», - խոստովանում է նա, բայց արագ ուսերը թոթվում. «Իհարկե, այդպես չէ»:
Նա հույս ունի, որ վիրտուալ լաբորատորիաները կարող են գիտությունը հասանելի դարձնել բոլորին՝ անկախ աշխարհագրական դիրքից, տարիքից, սեռից և այլ հանգամանքներից, բայց նաև նշում է, որ եթե խոսքը գնում է բնագիտական, ճարտարագիտական, ինժեներական և մաթեմատիկա (ԳՏՃՄ) առարկայախմբում աղջիկների ուժեղացման մասին, ապա դա պետք է սկսել տնից: «Իրոք», - ասում է նա` նայելով պարտեզին, որտեղ խաղում են քույրն ու եղբայրը, - «դա սկսվում է վաղ տարիքից: Դա այն ձևն է, որով ես շփվում եմ փոքր քրոջս հետ, այն արժեքներն ու գաղափարներն են, որոնք ես փոխանցում եմ նրան իմ խոսքով և արարքներով»: