Նոր սերունդ, որին արժե հնարավորություն տալ. Էմիլիայի պատմությունը
UPSHIFT-ը օգնել է Գյումրու և Սպիտակի մի խումբ դեռահաս աղջիկների ու տղաների գիտակցել, որ իրենք կարող են խնդիրներ լուծել, ավելին՝ նորարարական լուծումներ առաջարկել
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
«Իմ տարիքի աղջիկները արևային վահանակ տեղադրող շինարարներին սովորաբար հրահանգներ չեն տալիս: Նրանք ուղղակի ինձ լուրջ չէին վերաբերվի, բայց այժմ ես շատ ավելի վստահ եմ ուժերիս վրա ու գիտակցում եմ ներուժս»:
Էմիլիան UPSHIFT Հայաստան ծրագրի առաջին փուլի մասնակիցներից է: ՅՈՒՆԻՍԵՖ-ի այս ծրագրի նպատակն է` բարձրացնել Հայաստանում 12–18 տարեկան դեռահասների նախաձեռնողականությունն ու քաղաքացիական ակտիվությունը: Ծրագիրն իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի համատեղ ջանքերով:
Էմիլիայի թիմը որոշել էր բարելավել իրենց երիտասարդական կենտրոնի բացօթյա հարմարությունները՝ տեղադրելով այնտեղ վերալիցքավորող USB սարք, որն իր էներգիան ստանում է արևային վահանակից: «Երբ կենտրոնում միաժամանակ շատ երիտասարներ են հավաքվում, ներսում չենք տեղավորվում ու առանձին խմբային քննարկումների համար տեղ չի լինում, ուստի մտածեցինք, որ կարող ենք օգտագործել նաև կենտրոնի բացօթյա տարածքը»: Էմիլիան և նրա ընկերները որոշեցին լուծել այս խնդիրը, ներկայացրեցին իրենց ծրագիրը և, ի վերջո, արժանացան փոքրիկ, բայց կարևոր ֆինանսական աջակցության՝ իրենց ծրագիրը կյանքի կոչելու համար: 4 ամիս ինտենսիվ աշխատանքներից հետո նրանք ստեղծեցին հարմարավետ և հաճելի անկյուն, որտեղ յուրաքանչյուրը կարող է վայելել ամռան տաք եղանակը՝ միաժամանակ վերալիցքավորելով իր հեռախոսը՝ օգտագործելով «կանաչ» էլեկտրոնէներգիա:
Էմիլիան չէր էլ մտածել, որ երբևէ կարող է մասնակցել սոցիալական ձեռնարկատիրության մի ծրագրի, ոչ էլ պատկերացնում էր, թե ինչպես է աշխատում արևային վահանակը, այդուհանդերձ, նա վստահ էր, որ պետք է օգտագործի այս հնարավորությունը և օգտակար լինի իր համայնքին ու օգնի բարեկարգել այն վայրը, որտեղ իր ընկերների հետ շատ ժամանակ է անցկացնում:

Էմիլիան նշում է, որ դպրոցներում միշտ չէ, որ հետաքրքիր իրադարձություններ են լինում, և հենց դա էր պատճառը, որ UPSHIFT-ի տեղեկատվական միջոցառումները միանգամից գրավեցին նրա ուշադրությունը: Էմիլիան վստահ է, որ իր սերունդը ստեղծարար և յուրօրինակ է, ունի շա՜տ նորարար գաղափարներ: Երբ հարցրեցի, թե ինչպես է պատկերացնում Գյումրին ապագայում, Էմիլիան լայն ժպտաց և պատասխանեց, որ ապագայում Գյումրին պատկերացնում է ինչպես մի վայր. որտեղ «երիտասարդությունը ներգրավված է որոշումների կայացման գործընթացին և երիտասարդությունն է որոշում քաղաքի ապագան»:Էմիլիան մեծ խանդավառությամբ է ներկայացնում այն, թե ինչպես է իրեն փոխել UPSHIFT-ը: Ծրագրի շնորհիվ նա սովորել է պայքարել իր գաղափարների համար, բանակցել թիմակիցների հետ և ավելի լավ ներկայացնել իր տեսակետը:
UPSHIFT-ի շնորհիվ Էմիլիան սովորել է պայքարել իր գաղափարների համար, բանակցել թիմակիցների հետ և ավելի լավ ներկայացնել իր տեսակետը:

Յուրաքանյուր օր թիմը բախվում էր նոր մարտահրավերի և սովորում, թե ինչպես ծրագիր կազմել, բյուջե պլանավորել կամ լուծել ծրագրի տեխնիկական խնդիրները: Այս բոլոր դժվարությունները հաղթահարելու համար Էմիլիայի թիմը դիմեց փորձագետների, ովքեր կարող էին մասնագիտական խորհուրդ տալ ատաղձագործության, արևային էներգիայի կամ տեխնոլոգիաների վերաբերյալ: Արդյունքում, Էմիլիան առաջնորդեց և կոորդինացրեց մի խումբ երիտասարդ կամավորների, ովքեր օգնեցին թիմին տեղադրել արևային վահանակը պահող սյունը. սա թիմ առաջնորդելու նրա առաջին փորձն էր: Ճիշտ է՝ սկզբում դա մեծ մարտահրավեր էր Էմիլիայի համար, սակայն շատ շուտով նա սկսեց հաճույք ստանալ առաջնորդի իր հմտությունները զարգացնելու հնարավորությունից: Ավելին, այժմ նա որոշել է, որ համալսարանում սովորելու է մենեջմենթ կամ մարդկային ռեսուրսների կառավարում: Էմիլիան անկեղծանում է, որ մինչ UPSHIFT-ը գաղափար անգամ չուներ, թե ապագայում ինչ մասնագիտություն է ընտրելու, իսկ այժմ վստահ է, որ զարգացնելու է նոր ձեռքբերված այս հմտությունը:
Աղջիկները չեն կարող ղեկավար դառնալ, նրանք չպետք է հեծանիվ քշեն կամ ֆուտբոլ խաղան. սրանք են այն կարծրատիպերը, որ Էմիլիայի խոսքով շրջապատել են իրեն՝ մանկությունից սկսած: UPSHIFT-ը նրան հնարավորություն ընձեռեց կոտրել այդ կարծրատիպերից որոշները և գրավել համայնքում իրեն արժանի տեղն ու ակտիվորեն մասնակցել համայնքի կյանքին: Էմիլիան ու իր թիմակիցները ներկայացնում են նոր սերունդ, որ գալիս է զարգացնելու Հայաստանը. նոր սերունդ, որին արժե հնարավորություն տալ, երիտասարդների մի խումբ, ովքեր պատրաստ են աշխատել հանուն իրենց համայնքների զարգացման: UPSHIFT-ը օգնել է Գյումրու և Սպիտակի մի խումբ երիտասարդներին գիտակցել, որ իրենք կարող են խնդիրներ լուծել, ավելին՝ նորարարական լուծումներ առաջարկել:
«Յուրաքանչյուր քարի մեջ քանդակ է թաքնված, և քանդակագործի խնդիրն է այն բացահայտելը». աշխարհահռչակ քանդակագործ Միքելանջելոյի այս խոսքերն ամենից լավ են նկարագրում՝ որքան անգին են երիտասարդները:
Հայաստանի երիտասարդությունը ուզում է մասնակցել իր ապագայի կառուցմանը: UPSHIFT-ը տալիս է նրանց այդ հնարավորությունը և օգնում գիտակցել իրենց համայնքների զարգացման հարցում իրենց ուրույն տեղը: