Հայաստանն առաջիկայում կունենա Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ռազմավարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ մեկնարկել է ռազմավարության մշակման աշխատանքները:

Անի Գրիգորյան
Mother and son looking at each other in admiration
UNICEF Armenia/2018/Sokhin
28 Հունվար 2022

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում ամրագրված է, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվելու է ոլորտում առկա խնդիրներին համալիր արձագանքող ռազմավարական փաստաթղթի հիման վրա։ Սակայն նման ռազմավարություն Հայաստանը չունի և երբևէ չի ունեցել՝ չնայած մշակման որոշակի փորձեր նախկինում կատարվել են: Ուստի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մեկնարկել է ռազմավարության մշակման աշխատանքները։

«Ոլորտում կան շատ տարբեր ռազմավարական պլաններ, ծրագրեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների պաշտպանության, տարեցների և այլ խոցելի խմբերի վերաբերյալ, բայց մինչ այժմ չկա մեկ տեսլական, թե Հայաաստանն ինչպես է պատկերացնում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտը՝ հատկապես երկու ճգնաժամերից՝ Քովիդից և պատերազմից հետո։ Այդ տեսլականի մշակումը շատ կարևոր է, թե երկիրը ուր է գնում, ինչ նպատակներ ունի այս ոլորտում և ինչպես է իրականացնելու այդ նպատակները արդեն կոնկրետ, փոխկապակցված ծրագրերի միջոցով», - նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական քաղաքականության բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Վիկտորյա Այդինյանը նշում է, որ այս ռազմավարությունը հնարավորություն կստեղծի իրականացնել թե’ մարդկային, թե’ ֆինանսական ռեսուրսների ճիշտ պլանավորում, դրա միջոցով կձևավորվեն սկզբունքներ, թե ինչպիսին պետք է լինեն քաղաքացուն մատուցվող ծառայությունները 5-10 տարի անց։

Վիկտորյա Այդինյան
@armeniatoday.news

«Մենք ակնկալում ենք, որ սա կլինի ամբողջ կառավարության մակարդակում եզակի ռազմավարություն, որը հստակ կունենա իր արդյունքային ցուցանիշները, կունենա իր ֆինանսական շրջանակը: Ամենակարևորն այն է, որ այս ռազմավարությունը տալիս է նախարարության ընդհանուր տեսլականը, իսկ դրան զուգահեռ նաև մշակվում են ավելի սեկտորալ, խորքային ռազմավարություններ»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Վիկտորյա Այդինյան

«Մենք ակնկալում ենք, որ սա կլինի ամբողջ կառավարության մակարդակում եզակի ռազմավարություն, որը հստակ կունենա իր արդյունքային ցուցանիշները, կունենա իր ֆինանսական շրջանակը: Ամենակարևորն այն է, որ այս ռազմավարությունը տալիս է նախարարության ընդհանուր տեսլականը, իսկ դրան զուգահեռ նաև մշակվում են ավելի սեկտորալ, խորքային ռազմավարություններ, ինչը ենթադրում է, որ մինչև 2022-ի ավարտը մենք ունենալու ենք ամբողջ համակարգի մանրամասն նկարագրությունը», - ներկայացնում է Վիկտորյա Այդինյանը:

Որպես առաջին քայլ՝ մրցույթային եղանակով ընտրվել է հետազոտական ընկերություներից կազմված կոնսորցիում, որն էլ մշակելու է ռազմավարությունը։ Առաջնահերթություն է, որ ռազմավարության մշակման գործընթացը լինի հնարավորինս թափանցիկ, համակարգված, մասնակցային և ներառի բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները։ Այդ նպատակով արդեն իսկ իրականացվել են հանդիպումներ՝ նախարարության ներկայացուցիչների, ոլորտի այլ իրավասու մարմինների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Գործընկերներին ներկայացվել են ռազմավարության մշակման գործընթացը, քայլերը, կապերն այլ ռազմավարական փաստաթղթերի հետ, ինչպես նաև շահագրգիռ կողմերի ներգրավման ձևերը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, բացի ֆինանսական և տեխնիկական աջակցությունից, փորձում է նաև միջազգային լավագույն փորձն ու մեթոդաբանությունը հասանելի դարձնել ռազմավարությունը մշակողների համար։

Ի լրումն ռազմավարության տեխնիկական աջակցությանն ու դրա հետ կապված ծախսերի գնահատմանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը փորձում է նաև միջազգային լավագույն փորձն ու մեթոդաբանությունը հասանելի դարձնել ռազմավարությունը մշակողների համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև համակարգում է ՄԱԿ-ի աջակցությունը ռազմավարության ստեղծման գործընթացներում և դրա վերջնական իրականացումը ՄԱԿ-ի կայուն զարգացման գործընկերության շրջանակի միջոցով՝  ապահովելով սերտ համագործակցություն այլ հիմնական շահագրգիռ կողմերի հետ, ինչպիսիք են Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը:

UNICEF’s Acting Disaster Risk Reduction Programme Officer Armenuhi Hovakimyan
UNICEF Armenia/2021/Galstyan

«Բովանդակությունը հաստատվելու է նախարարության կողմից, և մենք փորձելու ենք ապահովել, որ այն ներառի միջազգային լավագույն փորձը։ Օրինակ, որ ռազմավարությունը հետևի կյանքի շրջափուլին՝ ծնվելուց մինչև մահ, քանի որ այն ճիշտ է հայտնաբերում մարդկանց կյանքի տարբեր փուլերում առաջացած ռիսկերն ու խոցելիությունները և թույլ է տալիս ճիշտ հասցեագրել դրանց սոցիալական պաշտպանության միջոցով: Կյանքի վաղ փուլերում սոցիալական պաշտպանության ներդրումներն նվազեցնում են հետագա փուլերի համար պահանջվող ֆինանսական բեռը»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական քաղաքականության բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյան

«Բովանդակությունը հաստատվելու է նախարարության կողմից, և մենք փորձելու ենք ապահովել, որ այն ներառի միջազգային լավագույն փորձը։ Օրինակ, որ ռազմավարությունը հետևի կյանքի շրջափուլին՝ ծնվելուց մինչև մահ, քանի որ այն ճիշտ է հայտնաբերում մարդկանց կյանքի տարբեր փուլերում առաջացած ռիսկերն ու խոցելիությունները և թույլ է տալիս ճիշտ հասցեագրել դրանց սոցիալական պաշտպանության միջոցով: Կյանքի վաղ փուլերում սոցիալական պաշտպանության ներդրումներն նվազեցնում են հետագա փուլերի համար պահանջվող ֆինանսական բեռը: Բացի այդ, որ այն լինի կայուն զարգացման նպատակների, կոնվենցիաների և պարտավորությունների շրջանակում և համապատասխանի ներառականության կամ գենդերազգայունության սկզբունքներին: Եվ ամենակարևորը այն պետք է հնարավորություն տա արագ և հասցեական արձագանքել աղետներին, ցնցումներին և արտակարգ իրավիճակներին», - նշում է Հովակիմյանը։

Թեև ռազմավարության մշակման գործընթացը մեկնարկել է 2021թ-ի նոյեմբերից, սակայն արդեն ահռելի աշխատանք է տարվել։

Four children posing for the camera sitting on next to each other chairs
UNICEF Armenia/2021/Martirosyan

«Քանի որ նախարարությունը ծածկում է բավականին լայն ոլորտներ, այդ թվում՝ սոցիալական պաշտպանություն, ներառյալ՝ սոցիալական ապահովություն, աշխատանքի քաղաքականություն, զբաղվածության խթանում, աշխատանքային իրավունքներ, գենդերային քաղաքականություն, ժողովրդագրություն, կենսաթոշակներ և այլն, փաստացի ստացվում է, որ մեր նախարարությունը եզակի կառույց է, որ քաղաքացուն մինչև իր ծնվելն ու անգամ մահից հետո ծառայություններ է մատուցում։ Այս փուլում մենք փորձում ենք սահմանել ոչ միայն ընդհանրական, այլև՝ յուրաքանչյուր ոլորտի ու փուլի առաջնահերթություններն ու նպատակները», - նշում է Վիկտորյա Այդինյանը։

Ռազմավարության առանցքում կլինի մարդը, նրան մատուցվող ծառայությունները և դրա միջոցով կոնցեպտուալ փոփոխություններ կիրականացվեն նախարարության քաղաքականության մեջ՝ փոխելով փիլիսոփայությունը՝ առավել խրախուսելու աշխատանքը ու մարդկային կապիտալի զարգացումը։

Նախատեսված է, որ ռազմավարությունը պատրաստ կլինի 2022թ. մարտին, որից հետո մեկ ուրիշ փորձագիտական կազմակերպության կողմից կիրականացվի ռազմավարության ծախսակազմումը, հետո այն կդրվի հանրային քննարկման և միայն դրանից հետո կառավարությունը կքննարկի և կհաստատի այն։

Աշխատանքներն իրականացվում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Կառավարության միջև համագործակցության ծրագրի, ինչպես նաև ՄԱԿ-ի համատեղ «Ֆինանսավորում հանուն Հայաստանի վերափոխման. բացահայտելով ֆինանսավորման աղբյուրները հանուն Հայաստան 2030-ի» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) Միասնական հիմնադրամի կողմից: