Ինչպե՞ս ցուցաբերել հոգեբանական առաջին օգնություն
Հոգեբանական առաջին օգնություն տրամադրելու ժամանակ պետք է առաջնորդվել երեք խումբ գործողությունների շարքով՝ նայել, լսել, ուղղորդել:
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
ՀԱՕ տրամադրելու ժամանակ պետք է առաջնորդվել երեք խումբ գործողությունների շարքով՝ նայել, լսել, ուղղորդել:
ՆԱՅԵԼ
Նախ անհրաժեշտ է գնահատել վտանգները, ինչպես նաև ապահովության և անվտանգության ռիսկերը, որից հետո ձեռք բերել տեղեկատվություն կատարվող/կատարված իրադարձության, օգնության կարիք ունեցողների, նրանց ֆիզիկական վնասվածքների, առաջնային և հիմնական կարիքների, հուզական հակազդումների վերաբերյալ:
ԼՍԵԼ
- Մոտենալ օգնության կարիք ունեցող մարդուն:
- Ներկայանալ:
- Ուշադրություն դարձնել և ակտիվ լսել:
- Ընդունել դիմացինի զգացմունքները:
- Հանգստացնել ճգնաժամային իրավիճակում գտնվող մարդուն:
- Հարցնել կարիքների և մտահոգությունների մասին:
- Օգնել ճգնաժամային իրավիճակում գտնվող մարդուն անմիջական կարիքների և խնդիրների լուծման հարցում:
ՈՒՂՂՈՐԴԵԼ
- Հասանելի դարձնել առկա/համապատասխան տեղեկատվությունը, ծառայությունները և օգնության այլ աղբյուրները:
- Օգնել հարազատների հետ կապ հաստատելուն կամ միավորվելուն:
- Տրամադրել սոցիալական աջակցություն:
- Գործնականորեն օգնել խնդիրների լուծմանը:
Հոգեբանական առաջին օգնություն ցուցաբերելու ընթացքում առաջնորդվե՛ք հետևյալ կանոններով. դրանց իմացությունը հնարավորություն կտա պատշաճ կերպով օգնել տուժողին՝ չվնասելով նրան:
- Օգնություն տրամադրելուց առաջ նախ դիտարկեք իրավիճակը. մի՛ պարտադրեք ձեր օգնությունը:
- Հարգալից կերպով պարզ հարցեր տվեք հասկանալու համար, թե ինչպես կարող եք օգնել:
- Փորձե՛ք կապ հաստատել տուժածի հետ: Հաճախ տուժածի հետ կապ հաստատելու լավագույն միջոցը գործնական օգնության տրամադրումն է (սնունդ, ջուր, հագուստ, ծածկոց):
- Պատրաստ եղեք, որ տուժածը կարող է խուսափել ձեզնից, ագրեսիվ վարք դրսևորել և մերժել ձեր օգնությունը:
- Հարգեք մարդու որոշում կայացնելու իրավունքը:
- Եթե նույնիսկ տուժածն այդ պահին հրաժարվում է ձեր օգնությունից, ցույց տվեք հետագայում նրան օգնելու ձեր պատրաստակամությունը:
- Եղեք համբերատար, պատասխանատու, արագ արձագանքող և նրբազգաց:
- Խոսեք հանգիստ, պարզ լեզվով և հստակ արտահայտություններով: Տրամադրեք ճշգրիտ և տուժածի տարիքին համապատասխան տեղեկատվություն:
- Հաշվի առեք նաև մարդու մշակութային առանձնահատկությունները, սեռը, սովորություններն ու կրոնը:
- Զերծ մնացեք ենթադրություններից, քննադատությունից, գնահատականներ և խոստումներ տալուց:
- Եթե տուժածը խոսելու ցանկություն ունի, պատրաստ եղեք լսել նրան:
- Պարտադիր չէ տուժածի հետ շարունակաբար խոսել. հաճախ տուժածի կողքին ֆիզիկապես ներկա գտնվելն օգնում է նրան զգալ առավել ապահով և վստահ:
- Պահպանեք տուժածից ստացած տեղեկատվության գաղտնիությունը և մի տարածեք անձնական տվյալները: