Երեխաներին տրամադրվող հոգեբանական առաջին օգնության առանձնահատկությունները
Երեխաների վիշտը կարճ է տևում, սակայն արտակարգ իրավիճակը կարող է ավելի երկարատև ազդեցություն ունենալ երեխաների վրա, քան մեծահասակների:
Երեխաների հակազդումը սթրեսին, վշտի արտահայտման եղանակները տարբերվում են մեծահասակներից: Այս տարբերությունը երբեմն մեկնաբանվում է, թե երեխաները արագ են մոռանում և հարմարվում են: Դա այդպես չէ, թեև որոշ երեխաներ կարող են ցույց չտալ իրենց զգացմունքները, ոչ էլ արտահայտել իրենց վիշտը բառերով: Երեխաների վիշտը կարճ է տևում, սակայն արտակարգ իրավիճակը կարող է ավելի երկարատև ազդեցություն ունենալ երեխաների վրա, քան մեծահասակների:
Կորստի հետ կապված սթրեսից հետո երեխաների վիշտը հաճախ կտրուկ է, և նրանք կարող են ուժեղ վշտի հակազդումից արագորեն անցնել խաղի և զվարճանքի: Գրեթե բոլոր երեխաները խաղում են, նույնիսկ եթե նրանք սուր սթրեսային իրավիճակով են անցել:
Փոքրերը կարող են իրենց ագրեսիվ պահել խնամակալների կամ այլ երեխաների հանդեպ՝ միևնույն ժամանակ կառչել իրենց խնամակալներից և բաժանման վախի նշաններ ցույց տալ: Հնարավոր են վարքագծի փոփոխություններ, օրինակ՝ ռեգրեսիա դեպի կրտսեր երեխաների վարքագիծ, ինչպիսին են գիշերամիզությունը, բութ մատը ծծելը կամ միայնակ չքնելը: Սրանք վստահության կորստի մասին վկայող ազդանշաններ են: Նման իրավիճակներում շատ կարևոր են կայուն և անվտանգ հարաբերությունները:
Ավելի մեծ երեխաները կարող են սթրեսի նշաններ ցուցաբերել, օրինակ խուսափել ընկերների և մեծահասակների հետ շփումից, ունենալ տրամադրության անկում: Դեռահասները կարող են վարվել մեծահասակների նման, օրինակ՝ մեկուսանալ կամ դառնալ դյուրագրգիռ և ագրեսիվ: Կարևոր է հիշել, որ երեխաների արձագանքը սթրեսին նորմալ է: Բացատրե՛ք սա երեխաներին, եթե նրանք չեն հասկանում իրենց դրսևորումները կամ դժվարանում են ղեկավարել դրանք:
Երեխաներն ունենում են ճգնաժամային իրավիճակներին տրվող ընդհանուր հակազդումներ: Մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ որոշ երեխաներ ունենում են բարդեցված հակազդումներ կամ հայտնվում են դժվար իրավիճակում, երբ ՀԱՕ տրամադրողի համար դժվարանում է օգնության ցուցաբերումը: Երեխաները բարդեցված հակազդումներ են ունենում սովորաբար այն պատճառով, որ նրանց խնամակալները հասանելի չեն կամ չեն կարող հոգ տանել իրենց մասին:
Երեխաների բարդեցված հակազդումների բնորոշ նշաններ են՝
- մարդկանցից օտարացումը,
- ուտելու կամ խմելու մերժումը,
- որևէ մեկի կամ որևէ բանի նկատմամբ հետաքրքրության բացակայությունը,
- համառ և շարունակական ագրեսիվ կամ անզուսպ վարքագծի դրսևորումը:
Ավելի մեծ երեխաները կարող են ունենալ նույն հակազդումները, ինչ մեծահասակները ճգնաժամային իրավիճակներում: Դրանք են՝
- երկարաձգված վիշտը,
- խուճապային գրոհները,
- դեպրեսիան
- զայրույթը և ագրեսիվ վարքը,
- ինքնավնասումը կամ ինքնասպանության մասին մտքերը: