Աղետներին պատրաստ դպրոց` սահմանամերձ գյուղում
Հայաստանում ավելի քան 280,000 աղջիկներ ու տղաներ հաճախում են բարձր ու միջին խոցելություն ունեցող դպրոցներ:

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի դպրոցի VIII դասարանում պատմության դաս է։ Աշակերտները ուսուցչի հետ ակտիվորեն քննարկում են հարյուրամյա պատերազմի դրդապատճառները. հանկարծ լսվում է տագնապի ազդանշանը։ Ուսուցչի հսկողությամբ նրանք մյուս աշակերտների ու ուսուցիչների հետ արագ դուրս են վազում դպրոցից, իսկ երկրորդ հարկում գտնվող մի քանի աշակերտ ու ուսուցիչ արագ պատսպարվում են հիմնական պատերի և սեղանների տակ: Ուսումնական տագնապը հայտարարվում է ավարտված. տնօրենը գոհ է վարժանքի արդյունքներից։
Վտանգին դիմակայելը սահմանամերձ Ներքին Ծաղկավանի բնակիչների համար վաղուց դարձել է առօրյայի մաս, իսկ հիմա նրանք արդեն պատրաստ են դիմակայելու նաև բնական վտանգներին։
«Մենք սահմանամերձ գյուղում ենք ապրում, և երեխայի անվտանգության հարցը մեզ մտահոգում է ամեն օր: Որպես ծնող՝ հիմա շատ ավելի հանգիստ եմ զգում, երբ երեխաս գիտի՝ ինչ անել աղետի դեպքում: Խուճապի չի մատնվի: Աստված չանի, սովորածը պետք գա, բայց իմանալը կարևոր է»:
Վերջին երեք տարիներին ՅՈՒՆԻՍԵՖ-ն այս ուղղությամբ հետևողական աշխատանք է իրականացրել ինչպես Ներքին Ծաղկավանի, այնպես էլ Հայաստանի ավելի քան 200 այլ դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար։ Մշակվել է աղետների ռիսկերի կառավարման պլան դպրոցների համար, կազմակերպվել են դասընթացներ և իրականացվել վարժանքներ. այս ամենը աղետի հետևանքները նվազեցնելու համար է արվել:
«Արտակարգ իրավիճակի հետ մենք առնչվում ենք ամեն օր, քանի որ սահմանամերձ ենք, իսկ վարժանքները մեզ օգնում են, ուղղություն են տալիս։ Սկզբում դրանք ընկալվում էին իբրև պարտականության պես մի բան, բայց հետո բոլորս սկսեցինք գիտակցել այս հարցի կարևորությունը»,-ասում է Ներքին Ծաղկավանի դպրոցի տնօրեն Դավիթ Յոլչյանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ԱՌՆ ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը մանրամասնում է ծրագրի մասին, որը ապահովելու է դպրոցականների և դպրոցի աշխատակազմի անվտանգությունը տարերային աղետների ժամանակ։
Իր խոսքում նա նշեց, որ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ մշակել և տարածել է երկու տասնյակ ԱՌՆ ուսումնական նյութեր
(նյութերի մեծամասնությանը կարող եք ծանոթանալ այստեղ) որոնց ստեղծմանը իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել 4 մարզերի ամենախոցելի դպրոցների և նախադպրոցական հաստատությունների երեխաները և մանկավարժները։ Օրինակ, Սևանի թիվ 1 մանկապարտեզի սաները փորձարկել են «Ես կարող եմ» խաղ գրքույկի գործողությունները ու վարժանքները, առաջարկներ ներկայացրել դրանց ավելի արդյունավետ իրականացման վերաբերյալ։
«Շատ կարևոր է, որ աշակերտները մասնակցել են պրակտիկ և տեսական դասընթացներին. ի վերջո, այս ամենն արվում է հիմնականում նրանց համար ու հենց իրենք պիտի բոլոր նյութերը փորձարկողն ու գնահատողը լինեն»,- ասում է Տիգրանը։
Մեր աջակցությամբ մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թթ ծրագիրը, որը նախատեսում է բարձրացնել ամենախոցելի շուրջ 425 դպրոցների սեյսմազինվածությունը՝ ապահովելով երեխաների ու աշխատակազմի անվտանգությունը։
Արդյունքների մասին խոսելիս դպրոցի տնօրենը նույնպես լավատես է «Երեխաները գիտեն, թե երկրաշարժի դեպքում ինչպես պետք է դուրս գան, որ ելքերն են օգտագործելու, որոնք են տարհանման ավելի անվտանգ ուղիները»։ Ապա թվարկում է դպրոցի շենքում սեյսմիկ անվտանգության բարելավման նպատակով արված փոփոխությունները. «Մի ժամանակ դռների 80 տոկոսը դեպի ներս էին բացվում, ինչն ավելորդ բարդություն է ստեղծում աղետի ժամանակ։ Հիմա բոլոր դռները դեպի դուրս են բացվում։ Ազդանշանային համակարգ չունեինք, հիմա տեղադրված է, տարհանման ուղղությունը ցույց տվող նշանները ևս առկա են»։
Դպրոցը պատրաստ է մարտահրավերների։ Խոսելով ընդամենը մի քանի օր առաջ՝ մայիսի 5-ին, երկրի հյուսիս-արևելքը գրանցված երկրաշարժի մասին դպրոցի տնօրենը ինքնավստահ կատակում է,-«Չգիտեմ` ուրախանամ, թե՞ տխրեմ, որ դա չեղավ դպրոցի ժամին, քանի որ այդ թույլ ցնցումը մեր պատրաստվածությունը ստուգելու հարմար առիթ կլիներ»։
Արդյունքներից իր գոհունակությունն է արտահայտում նաև Լիլիթը, ով դպրոցում հիմնված աղետների կառավարման թիմի անդամ է։
Ներքին Ծաղկավանը պատրաստ է դիմագրավել աղետների, սակայն մեր երկրում դպրոցների շուրջ 80 տոկոսը բարձր ու միջին խոցելիություն ունեն: Պատկերացնու՞մ եք Հայաստանում ավելի քան 280,000 աղջիկներ ու տղաներ հաճախում են բարձր ու միջին խոցելություն ունեցող դպրոցներ: Հարկավոր է օր առաջ բարձրացնել այս դպրոցների՝ աղետներին դիմակայելու պատրաստվածությունը, քանի որ աղետները, ինչպես գիտենք, հանկարծակի են պատահում։
Այս գործում էական է յուրաքանչյուրիս ներդրումը՝ սկսած անհատ քաղաքացիներից մինչև կառավարման ամենաբարձր մարմիններ:
Յուրաքանչյուր երեխա արժանի է և պետք է սովորի անվտանգ միջավայրում: