Աղետների ռիսկի կառավարման պլաններ և պաշտպանության փաթեթներ՝ սահմանամերձ համայնքերի 39 դպրոցներին

Միացյալ Թագավորության կառավարության հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի շնորհիվ սահմանամերձ համայնքերի 5,384 դպրոցականներ այսօր աղետներից ավելի պաշտպանված են

Ժաննա Ուլիխանյան
Ճամբարակի թիվ 1 դպրոցի արևոտ և լուսավոր միջանցքն է։
UNICEF Armenia/2021/Galstyan
21 Ապրիլ 2021

Արևի շողերով ողողված, բայց խամրած, հարյուրավոր աշակերտների ճիչերով լի, բայց տխուր, կնճռոտած ու բազմազան ճաքերով պատված այս դպրոցը Ճամբարակում է՝ Հայաստանի արևելյան սահմանից 1 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքում։ Վթարային, բայց գործող այս շենքը, որտեղ սովորում է 457 աշակերտ, աղետներից համապատասխան պաշտպանություն չունի, ավելի ճիշտ՝ մինչ վերջերս չուներ։

Ճամբարակի թիվ 1 դպրոցում, ինչպես նաև Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի սահմանամերձ համայնքերի 39 այլ դպրոցներում Միացյալ Թագավորության կառավարության հակամարտությունների, կայունության և անվտանգության (UK CSSF) հիմնադրամի ֆինանսավորմամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի գործընկերությամբ իրականացրել է աղետների ռիսկի կառավարման պլանների վերանայում, թարմացում և անհրաժեշտ պաշտպանական փաթեթների մատակարարում։ Փաթեթի մեջ ներառված են կրակմարիչներ, ազդանշանային համակարգ, տարհանման ուղու մակնշման ցուցանակներ, դույլեր, բահեր, այդ թվում նաև՝ առաջին բուժօգնության փաթեթներ և ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պաշտպանիչ իրեր։

Ճամբարակի թիվ 1 դպրոցին մատակարարված պաշտպանության իրերը գեղեցիկ դասավորված են դպրոցի աստիճանների մոտ։
UNICEF Armenia/2021/Galstyan

ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ աղետների ռիսկի նվազեցման ծրագրի ղեկավարի պաշտոնակատարը՝ Արմենուհի Հովակիմյանը, նշեց, որ ծրագրի առաջին փուլում քարտեզագրվել են սահմանամերձ դպրոցները, որոնք ԱՌԿ թարմացված պլաններ և/կամ պաշտպանության անհրաժեշտ իրեր չունեն, այնուհետև ամեն դպրոցի համար ԱՌԿ պլանների թարմացմանը զուգահեռ գնահատվել են այդ դպրոցի պաշտպանական իրերի կարիքները և գործընկերների աջակցությամբ դրանք մատակարվել են դպրոցներին։ «Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի դեգրադացիայի (աղտոտվածության և ռեսուրսների անխնա օգտագործման) արդյունքում ակնկալվում է, որ տարածաշրջանում բնական աղետների թիվը կավելանա»,- նշեց Արմենուհին և ավելացրեց․

UNICEF’s Acting Disaster Risk Reduction Programme Officer Armenuhi Hovakimyan
UNICEF Armenia/2021/Galstyan

«Արտակարգ եղանակային պայմանները, զուգորդված համայնքների վատ պատրաստվածությամբ, կարող են միայն մեծացնել հումանիտար աղետների ռիսկերը և մասշտաբները: Երեխաները հաճախ կազմում են աղետից տուժածների կեսից ավելին, և որպես կանոն, ավելի շատ են տուժում: ԱՌԿ պլաններ ունենալն ու պաշտպանության քայլերին քաջատեղյակ լինելը կարևոր է ամեն մի դպրոցի, ամեն մի աշակերտի, ամեն մի ուսուցչի և ամեն մի ծնողի համար»:

Աղետների ռիսկի կառավարման նոր պլան մշակելու համար Ճամբարակի թիվ 1 դպրոցում ստեղծվեց աղետների ռիսկերի կառավարման (ԱՌՆ) խումբ։ Խմբում ներառված չորս ուսուցիչները և երկու աշակերտները մասնակցել են երկօրյա դասընթացին։ Այնուհետև այս խումբը մասնագետի գլխավորությամբ բացահայտել է դպրոցին սպառնող վտանգները, ուսումնասիրել դպրոցի խոցելիությունը և դպրոցի պաշտպանական կարողությունները։ Այս վերլուծության հիման վրա համատեղ մշակել են դպրոցի աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) նոր պլանը՝ իր երեք հիմնական բաժիններով՝ նվազեցում, պատրաստվածություն և արձագանքում, ներկայացվել է Արտակարգ իրավիճակների նախարարություն։

Ճամբարակի թիվ 1 դպրոցը։
UNICEF Armenia/2021/Galstyan

«Դպրոցներից ստացած ԱՌԿ պլանները մանրակրկտորեն ուսումնասիրում ենք և պլանում ներկայացված վտանգները համեմատում ենք մեր տվյալների բազայի հետ՝ հասկանալու՝ արդյոք բոլոր վտանգներն են ներառված, թե՝ ոչ։ Երբեմն պատահում է, որ առաջարկում ենք հանել որոշ վտանգներ պլանից, քանի որ դրանց ռիսկի գործակիցը ցածր է, և ներառել բոլոր այն վտանգները, որոնց ռիսկի գործակիցը բարձր է։ Լինելով ծավալուն փաստաթուղթ՝ փորձում ենք այն հնարավորինս կոնկրետ և նպատակային դարձնել։ Կարևոր է նաև հաշվի առնել, որ իրար մոտ գտնվող դպրոցները նույն ընդհանուր ռիսկերը կարող են ունենալ, ուստի այս 39 դպրոցների ավարտուն պլանները օգտակար կլինեն նաև հարևանությամբ գտնվող դպրոցների համար»,-նշեց Հովհաննես Հովհաննիսյանը՝ ԱԻՆ փրկարար ծառայության, բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի պետը։

Նախարարության դիտողությունները հաշվի առնելուց և դրանց արձագանքելուց հետո պլանն ուղարկվում է դպրոցի տնօրենին՝ վերջնական հաստատման՝ դառնալով կարևոր աշխատանքային փաստաթուղթ։

Մերին և Նարեկը դպրոցի պատին հարմարացնում են տարհանման ելքի նշանները։
UNICEF Armenia/2021/Galstyan

14-ամյա Մերին և Նարեկը ընտրվեցին և ներգրավվեցին դպրոցի ԱՌԿ խմբում։ Երկուսով ուսուցիչների հետ մասնակցել են թե՛ դասընթացին, թե՛ դպրոցի խոցելիության գնահատմանը և թե՛ տարհանման պլանների մշակմանը։ Երկուսն էլ սիրում են պատմությունն ու շատ են կարևորում սոցիալական պատասխանատվությունը։

14-ամյա Մերին՝ կանգնած է դպրոցի պատուհանների մոտ։
UNICEF Armenia/2021/Galstyan

«Այս կարևոր գործընթացի մասնակցությունն ինձ ավելի պատասխանատու դարձրեց։ Ես շատ բան եմ սովորել, և ես պատասխանատվություն եմ զգում այս ամենը դասընկերներիս փոխանցելու գործում։ Պլանավորում ենք մայիսին նոր խմբեր ձևավորել և երեխաներին ներկայացնել պաշտպանության մեխանիզները և տարհանման պլանները։ Պետք է յուրաքանչյուրս պատրաստ լինենք և անգիր իմանանք տարհանման պլանները, որ աղետների դեպքում խուճապի չմատնվենք, պաշտպանենք ինքներս մեզ և մեր դասընկերներին»։

Մերի

«Վերջերս տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո ավելի հստակ զգացի այս պատրաստվածության հրատապությունը։ Մեր այս շենքն ուժեղ ցնցման դեպքում կարող է ամբողջովին փլվել։ Պետք է պատրաստվել։ Թեկուզ այն պարզ գիտելիքը, որ առաջին երկու հարկերի աշակերտները պետք է հետևեն նշաններին ու վազեն դուրս, իսկ այ երրորդ հարկում մնացածները պետք է ուղղակի պատսպարվեն հիմնական պատերի մոտ կամ սեղանների տակ, կարող է շատերի կյանքը փրկել»։

Նարեկը նստած է դպրոցի միջանցքում՝ հետևում դրոցի հին աթոռ-սեղաններն են շարված։
UNICEF Armenia/2021/Galstyan

«Սեմինարին պարզեցի, թե որքան անպատրաստ ենք մենք և մեր դպրոցը՝ պաշտպանվելու անգամ տարածված աղետներից՝ հրդեհ, երկրաշարժ։ Ակնկալում ենք, որ մյուս տարի նոր շենքի կառուցումը կսկսվի, բայց դա երկար գործընթաց է։ Գոնե այս պահին ավելի հանգիստ ենք, քանի որ մի փոքր ավելի պաշտպանված կլինենք։»,- ասաց պարոն Երիցյանը, ով դպրոցի ուսմասվարն է և ԱՌԿ խմբի անդամը։ Պարոն Երիցյանը պատմեց, որ դպրոցի շենքը դեռ հիշում է 90-ականների պատերազմը․ պատերին դեռ մնացել են փամփուշտների հետքեր, իսկ մարզադահլիճի տանիքը, որի վրա արկ էր ընկել, դեռ կիսով չափ է վերանորոգված։

Դպրոցի բուժքույրը դնում է նոր ստացած առաջին օգնության պայուսակը բուժկետի դարակում։
UNICEF Armenia/2021/Galstyan

Ծրագրի մեջ ներառված դպրոցներին նաև 39 առաջին օգնության պայուսակ է մատակարարվե, որոնց մեջ ներառված են ավելի քան 30 անուն ապրանքներ, այդ թվում՝ եռանկյունաձև վիրակապեր, տարբեր չափսերի փաթույթային և առանձգական վիրակապեր, ստերիլ անձեռոցիկներ, բժշկական մկրատ, ջերմաչափ, տարբեր չափսերի կպչուն սպեղանիներ, բժշկական ռետինե ձեռնոցներ, ախտահանիչ և հականեխիչ լուծույթներ և քսուկներ, փրկարարական ծածկոց և այլն:

Ճամբարակի թիվ 1 դպրոցի բուժքույր Անահիտը, պայուսակը իր դարակում տեղավորելիս, նշեց․ «Երկօրյա դասընթացի ընթացքում ես և մի քանի աշակերտ միասին առաջին օգնության հատուկ խումբ ձևավորեցինք։ Այնուհետև առաջին բուժօգնության դասեր կազմակերպվեցին և Աստված չանի, եթե աղետ լինի, մենք մեր խմբով պետք է ինքնակազմակերպվենք ու գործի անցնենք»։

Առաջին օգնության խմբի հետ համատեղ՝ ԱՌԿ պլանի շրջանակում ստեղծվել են նաև այլ առանձին խմբեր՝ տարհանման խումբ, պատսպարման խումբ, հրդեհաշրջման խումբ, տեղեկատվության փոխանակման խումբ և առաջին հոգեբանական աջակցության խումբ։

Մասնագետը՝ Արա Բասրեղյանը, ցույց է տալիս դպրոցի ուսմասվարին՝ ինչպես են աշխատում տրամադրված սարքերը։
UNICEF Armenia/2021/Galstyan

«Այս ամբողջ գործընթացի նպատակը դպրոցին միայն պաշտպանության փաթեթների տրամադրումը չէ, այլ աղետներից պաշտպանվելու ծրագիրը թարմացնելն ու պաշտպանության մասին գիտելիքը կարևորելն է, ինչպես նաև աղետներից պաշտպանության հմտություններ ունենալու մշակույթ ստեղծելն ու այդ մշակույթը համայնքում տարածելն է։ Առաջին հերթին մենք մեր առջև ուսումնական, և ոչ իրերի տրամադրման խնդիր ենք դրել։ Իհարկե, երկուսը միասին են անհրաժեշտ պաշտպանություն ստեղծում»: 

Արա Բարսեղյան՝ «ԱՌՆԱՊ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար

Աշակերտներին պաշտպանելու նպատակով և դպրոցներին խրախուսելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Կրթության գիտության, սպորտի և մշակույթի նախարարության «Ապահով դպրոց» ծրագիրը ներառվել է պետական բյուջեի մեջ, մշակվել է ծրագրի ընդհանուր շրջանակը և որոշ գնահատումներ են իրականացվել։ «Ապահով դպրոց» երկու տարվա մրցույթներին 15 դպրոց արդեն ստացել է պետական ֆինանսավորմամբ դրամաշնորհ՝ անվտանգության ենթակառուցվածքների բարելավման, այդ թվում՝ ապաստարանների բարեկարգման, անվտանգության պատի կառուցման և այլ նպատակների համար։

Մերին դպրոցի ելքի մոտ փակցնում է պահուստային ելք ցուցանակը։
UNICEF Armenia/2021/Galstyan

Հայաստանում դպրոցների 80%-ի շենքերը չեն համապատասխանում սեյսմիկ շինարարության նորմերին և անվտանգության չափանիշներին: Այլ պարագայում կասեինք՝ ճնշող մեծամասնությունը, այս դեպքում երևի ճշմարտությունը շատ ճնշող է։ Բայց աղետները երբեք չեն զգուշացնում՝ երբ են պատահելու, ինչ ուժգնությամբ և որտեղ։ Եվ միայն նախապես պատրաստվելով՝ կկարողանանք պաշտպանել մեր երեխաներին և մեզ։

Սա այսօրվա գործ է, որն ուղղակի չի կարելի հետաձգել վաղվան։