Քննարկում՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման վերաբերյալ

14 Հունվար 2025
Փոքրիկ աղջնակը դեմքը հենել է սեղանին
UNICEF Armenia/2018/Sokhin

ԱՍՀ նախարարության Միասնական սոցիալական ծառայության, Կոտայքի և Սյունիքի մարզպետարանների, այդ մարզերի խոշորացված համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ տեղի է ունեցել «Ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումը ՀՀ Սյունիքի և Կոտայքի մարզերում» թեմայով քննարկում։


Հանդիպմանը ելույթներով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։


Ընդգծելով անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման կարևորությունը՝ Աննա Ժամակոչյանը ներկայացրել է նախատեսվող գործընթացի հիմնական շրջանակը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ նոր համակարգը, որը պիլոտային եղանակով նախ կներդրվի Կոտայքի և Սյունիքի մարզերում, մշակվել է՝ հիմնվելով ինչպես միջազգային, այնպես էլ տեղական փորձի ուսումնասիրության վրա։


«Մեզ համար կարևոր է, որ և՛ մարզպետարանների, և՛ համայնքների, և՛ Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներն անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման վերաբերյալ իրազեկվածության նույն մակարդակն ունենան։ Այս քննարկումը նպատակ ունի ներկայացնելու, թե ԱՍՀ նախարարության կողմից ռազմավարական ինչ փոփոխություններ են նախատեսվել՝ միջազգային գործընկերների աջակցությամբ, և ինչպես են դրանք իրականացվելու»,- նշել է նախարարի տեղակալը։


Իր խոսքում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը նշել է, որ ուրախ է ներկա լինել անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման վերաբերյալ հանդիպմանը, ինչպես նաև ներդրում ունենալ այս կարևոր բարեփոխման իրականացման գործում․ «Հուսով եմ, որ նոր համակարգով առավել թիրախային աջակցություն կտրամադրվի Հայաստանում դրա կարիքն ունեցող ընտանիքներին։ Լիահույս եմ նաև, որ բարեփոխումն իր ազդեցությունը կունենա Հայաստանում աղքատության մակարդակի նվազեցմանը և կբարելավի շահառու ընտանիքների կյանքի որակը»։


«Այս բարեփոխման միջոցով ծայրահեղ աղքատության դեմ պայքարը Հայաստանում առաջնահերթություն է դառնում։ Դրան զուգահեռ շարունակվում են ջանքերը՝ բարելավելու երեխաների և նրանց ընտանիքների համար նախատեսված ծառայությունների հասանելիությունը, ինչպիսիք են՝ կրթությունը, առողջապահությունը, դեպքի վարումը»,- հայտնել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը՝ նշելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի աջակցել նախարարությանը այս կարևոր նախաձեռնությունների ուղղությամբ։


Հանդիպման ընթացքում Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ Անի Չիլինգարյանը ներկայացրել է նոր համակարգի ներդրման կազմակերպական աշխատանքները։ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Անահիտ Պարզյանը մանրամասնել է Ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի թվային ապահովման գործիքները։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: [email protected]

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Twitter, Instagram և X-ում: