Ընտանիքներն աշխարհի շուրջ

Մեկ օր լուսանկարիչների ընտանիքներում ՔՈՎԻԴ-19 համավարակի ինքնամեկուսացման կյանքից

Քրիսթին Նեսբիթ
Բոսնիա և Հերցեգովինայում ապրող փոքրիկ Լանան մեկ օրվա մեջ ամեն ինչ էլ անում է՝ պարում է, խաղում է, նստում է, գրում է։
UNICEF/UNI320510/Isanovic
29 Ապրիլ 2020

Ապրում ենք արտասովոր ժամանակներում։ Աշխարհի շուրջ բոլոր երեխաների կյանքը տակնուվրա է եղել։ Համավարակի պատճառով փակվել են սահմանները, դպրոցները, մասնավոր ընկերությունների գործունեությունը սահմանափակվել կամ դադարեցվել է։ Ճիշտ է՝ համավարակն ազդել է բոլոր երեխաների վրա, սակայն այն անհամաչափորեն է հարվածել հատկապես ամենախոցելի երեխաներին։ Մենք պետք է հիմա գործենք, պետք է միմյանց հիմա աջակցենք։ Կորոնավիրուսը միավորել է բոլորիս։ Համերաշխությունը միավորել է բոլորիս։

Աշխարհի տարբեր երկրներում ապրող լուսանկարիչները նույնպես փակվել են իրենց տներում, որպեսզի կանգնեցնեն վարակի տարածումը։ Նրանց ֆոտոխցիկներն այժմ ուղղված են իրենց և իրենց ընտանիքների վրա, իսկ մենք ներկայացնում ենք նրանցից մի քանիսի պատմությունները։

Լուսանկարիչ Ջիովաննի Դիֆիդենտին լուսանկարել է, թե ինչպես են բակում միասին խաղում երեք հաշմանդամություն ունեցող երեխաները։
UNICEF/UNI321242/Diffidenti

Իտալիա։ Մաթիան խաղում է տանն իր եղբայրների՝ Ռիկարդոյի և Ֆիլլիպոյի հետ։ Լուսանկարիչ Ջովաննի Դիֆիդենտին ապրում է տղաների ճիշտ հարևանությամբ։ Տղաները հաշմանդամություն ունեն և ապրում են Լոմբարդիայում՝ կորոնավիրուսից ամենատուժած շրջաններից մեկում։ Ձանձրույթը ցրելու միջոցների մասին խոսելիս՝ Ջովաննին ասում է․ «Հետաքրքրասիրություն առաջացնելու, փորձարկումներ անելու և նոր բացահայտումներ անելու ցանկության կորուստը երեխաների համար վտանգավոր է։ Երեխաներին թևեր տալը հազարավոր դժվարությունների հանդիպած ծնողներիս ուսերին է»։

Լուսանկարիչ Կարել Փրիսլոն է տանը որդու հետ, ով ամուր բռնել է նրա ոտքն ու ամբող դեմքով պատմում է, որ նրան ինչ-որ բան դուր չի գալիս։
UNICEF/UNI320564/Prinsloo

Հարավային Աֆրիկա։ Փոլը չի ցանկանում կատարել իր հերթական տնային աշխատանքը։ Լուսանկարիչ Կարել Փրինսլոն պատմում է, որ Փոլը ընդհանուր առմամբ լավ է դիմակայում ինքնամեկուսացմանը և կարծես չի կարոտում դպրոցը։ Հայրը փորձում է զբաղեցնել երեխային՝ տանը դասեր հանձնարարելով և, իհարկե, նրա հետ շատ խաղալով։ «Մենք փորձում ենք ապահովել, որ մեր երկու երեխաներն էլ օրվա ընթցքում մեկ անգամ խոսեն իրենց ընկերների հետ WhatsApp-ով»։

Լանան օգնում է Իգորին՝ իր հայրիկին, որպեսզի նա ավելի լավ մարզվի:
UNICEF/UNI320511/Isanovic

Բոսնիա և Հերցեգովինա։ Լանան օգնում է Իգորին՝ իր հայրիկին, որպեսզի նա ավելի լավ մարզվի։ Լուսանկարիչ Իգոր Իսանովիչը, ով մարզիկ է և սպորտի սիրահար, հավատում է, որ ֆիզիկական ակտիվությունը շատ կարևոր է հատկապես ինքնամեկուսացման օրերին։ Լանայի ընտանիքը տանն է մնում, որպեսզի կոտրի վարակի շղթան՝ միևնույն ժամանակ փորձելով առիթից օգտվել և նույնիսկ այս դժվարին ժամանակներում անմոռանալի ընտանեկան հիշողություններ ստեղծել։

Մաքսը և նրա մորաքույր Մարթան երգում ու պարում են փայտից իրենց իսկ կողմից պատրաստված «իսկական» շեփորներով։
UNICEF/UNI323360/Sala Font

Իսպանիա։ Մաքսը և նրա մորաքույր Մարթան երգում ու պարում են փայտից իրենց իսկ կողմից պատրաստված «իսկական» շեփորներով։ «Մենք Մաքսի հետ միշտ երգում ենք»,-ասում է Մարթան։ «Նա սիրում է նվագել և երգել, ուստի մենք նրա համար պատրաստել ենք նաև թղթե կիթառ»։ Լուսանկարիչ Մարթա Սալա Ֆոնտը Իսպանիայում ապրող իր ընտանիքին այցելության էր եկել, երբ հայտարարվեց ինքնամեկուսացման մասին։ Մաքսը այժմ փակված է տանը իր ծնողների, իր եղբոր, տատիկ-պապիկի և մորաքրոջ հետ, ով շատ ժամանակ է անցկացնում Մաքսի հետ։

Ավան և Վինիաթիան կանչում են հարևանությամբ ապրող իրենց ընկերներին։
UNICEF/UNI321226/Tukiri

Նոր Զելանդիա։ Ավան և Վինիաթիան կանչում են հարևանությամբ ապրող իրենց ընկերներին։ Ինքնամեկուսացման օրերին այս ընտանիքը նույնպես կարողանում է տնից դուրս գալ միայն անհրաժեշտ մթերքներ և դեղամիջոցներ գնելու համար։ «Մարդիկ իրենց օրվա մեծ մասը տանն են անցկացնում՝ պահպանելով ֆիզիկական հեռավորության կանոնը»,- ասում է լուսանկարիչ Քորնել Տուկիրին։ «Դժվար ժամանակներ են՝ հատկապես երեխաների համար, քանի որ նաև մեզ՝ ծնողներիս համար է դժվար բացատրել նրանց, թե ինչու իրենք պետք է հեռու մնան մարդկանցից, նույնիսկ իրենց ընկերներից»։

Դանիելը լսում է, թե ինչպես է իր հայրիկը՝ լուսանկարիչ Արթուր Գևորգյանը նրան քնելիս հեքիաթ պատմում։
UNICEF/UNI323340/Gevorgyan

Հայաստան։ Դանիելը լսում է, թե ինչպես է իր հայրիկը՝ լուսանկարիչ Արթուր Գևորգյանը նրան քնելիս հեքիաթ պատմում։ Ինքնամեկուսացման և աշխատանքի սահմանափակ հնարավորությունների պայմաններում՝ Արթուրը ավելի շատ ժամանակ է անցկացնում իր տղայի հետ։ «Լուսանկարչի անկանոն աշխատանքային գրաֆիկով պայմանավորված՝ դժվար թե կարողանայի այսքան հաստատուն կերպով ամեն օր ժամանակ անցկացնել երեխայիս հետ և անել այն ամենը, ինչ նա շատ է սիրում»։ Գիրք կարդալն այժմ նրանց քնելուց առաջ պարտադիր գործողություններից մեկն է։ Ամեն գիշեր Արթուրը նոր հեքիաթ է կարդում Դանիի համար, իսկ ավարտելուց հետո նրանք երկուսով ընտրում են հաջորդ օրվա հեքիաթը։ «Նրան չես կարող շփոթեցնել, նա շատ լավ է հիշում, թե ինչ ենք կարդացել նախորդ օրն ու ինչ ենք պայմանավորվել այս օրվա համար»։

 

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին, այն է՝ աջակցել, պաշտպանել և վստահելի տեղեկատվություն տրամադրել յուրաքանչյուր երեխային։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը խոստանում է, որ միավորվելով՝ բոլորս միասին կհաղթահարենք այս ճգնաժամը։